ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվել է Միքայել Ադամյանը

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվել է Միքայել Ադամյանը

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, քարտուղարի ընտրության հարցերն էին սեպտեմբերի 9-ին հրավիրված նույն խորհրդի նիստի առանցքում:

Համաձայն ՀՀ վարչապետի 2025թ. օգոստոսի 8-ի համապատասխան որոշման` խորհուրդը համալրվել է նոր անդամներով, որոնց ամբողջական ցանկը հրապարակված է ԵՊԲՀ կայքում, ինչպես նաև այսօր ներկայացվեց ներկաների ուշադրությանը:

Արդեն նոր կազմով առաջին նիստի ընթացքում բաց քվեարկության արդյունքում Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը խորհրդի անդամները միաձայն կրկին վստահեցին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանին, ում  թեկնածությունն առաջադրվեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանի կողմից, որն, անդրադառնալով նախորդ տարիներին կատարված աշխատանքներին, փաստեց, որ Միքայել Ադամյանի ղեկավարմամբ խորհուրդը կատարել է ծավալուն աշխատանք խորհրդի առջև դրված խնդիրները ժամանակին հասցեագրելու, կազմակերպելու առումով:

Նրա գնահատմամբ` անկախ  պրոֆեսոինալ զբաղվածությունից, Ադամյանին  հաջողվել է նախորդ տարիներին իրականացնել իր գործունեությունը որպես Հոգաբարձուների խորհրդի նախագահ:

«Ինձ համար պատվաբեր է և պարտավորեցնող վերջին հինգ տարում ղեկավարել Հոգաբարձուների խորհուրդը: Դա միայն հոգս չէ, այլ պատիվ է, որովհետև «Ալմա մատերը» վերջին տարիներին հսկայական արդյունքներ է գրանցել», – վստահության համար կոլեգաներին շնորհակալություն հայտնելով` ասաց Միքայել Ադամյանը` վստահեցնելով, որ համատեղ ուժերով համալսարանը նոր բարձունքների կհասնի:

Նրա  գնահատմամբ` ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի նախորդ տարվա արդյունքների ներկայացման ընթացքում արտացոլված էին բոլոր այն հաջողություններն ու ձեռքբերումները, որոնց հասել է բժշկական կրթության ոլորտում մեր երկրում առաջատար, արժեքներ կրող բուհը, ինչպես միջազգայնացման, այնպես էլ ուսանողների դիմելիության, արտասահմանցի ուսանողների քանակով, կրթության արտահանման, այլ ուղղություններում: 

«Ողջունում եմ ձեզ որպես կառավարության կողմից ձևավորված պետական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդ: Համալսարանը վերջին տարիներին աննախադեպ զարգացում  է ապրում և, անշուշտ,  այդ աշխատանքներում  իրենց ուրույն տեղն ունեն մեր գործընկերները, որոնք մեզ հետ են եղել և’ ռազմավարական, և’ տակտիկական, և’ կարծես թե դրվագային հարցերը քննարկելիս, որոնք ծագում են մշտապես: Բժշկական համալսարանը հսկայական  կազմակերպություն է, որն ունի ոչ միայն ուսումնական և գիտական, այլև մեծ սոցիալական նշանակություն և ունեցել է տասնյակ տարիներ. շուրջ մեկ դարից ավելի պատմություն ունեցող բուհի մասին ենք խոսում, որը բոլոր փորձությունների հաղթահարման գործում ներդրումն է ունեցել, մասնավորապես` վերջին համաճարակի ընթացքում բժշկական մայր բուհը կազմակերպել է աշխատանքներն ամբողջ ծավալով պետական լիազոր մարմնի հետ մեկտեղ», – ասաց ԵՊԲՀ ռեկտորը` հանգամանալից խոսելով առկա խնդիրների ու նախանշված կրթական, շինարարական, կազմակերպչական ծրագրերի ու նախաձեռնությունների մասին:

Ռեկտորն ընդգծեց, որ աշխարհի 33 երկրից արտասահմանցի ուսանողներին բժշկական կրթություն տրամադրող կրթական հաստատությունը մրցունակ է միջազգային դաշտում և շարունակում է իր հստակ, որակը քանակությամբ չփոխարինելու քաղաքականությունը:

«Բոլորիդ հայտնի է, որ բժշկական համալսարանում կրթությունը հավատարմագրման գործընթաց անցավ նախանցյալ տարի, և  մենք հպարտությամբ ենք այդ հանգամանքը ներկայացնում արտերկրի մեր գործընկերներին», – նկատեց Արմեն Մուրադյանը:

Համալսարանի կառավարման մարմնին ԵՊԲՀ քոլեջի կառուցվածքի և հաստիքների վերանայման մասին հարց ներկայացրեց Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը:

Հաշվի առնելով ԵՊԲՀ կազմում գործող միջին մասնագիտական կրթություն իրականացնող այս հաստատության` շուրջ 4 անգամ ավելացած սովորողների թիվը` առաջարկ հնչեց ձևավորել քոլեջի ուսումնական խորհուրդ` կառույցի աշխատանքներն էականորեն լավարկելու, բարելավելու նպատակով` տարանջատելով ուսումնական և կազմակերպչական մասերի գործառույթները` հետագայում  դիտարկելով նաև քոլեջի միազգայնացման հնարավորությունները:

Խորհրդի քարտուղար ընտրվեց Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Վիրապ Գալստյանը, որն ունի բարձր առաջադիմություն, հասարակական ակտիվություն: Նրան առաջադրեց խորհրդի անդամ հանդիսացող ուսանողությունը: