Կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսը միջազգային առողջապահական արշավ է, որն անցկացվում է ամեն տարի հոկտեմբերին: Հիմնական նպատակներն են բնակչության իրազեկվածության բարձրացումը և վարքի փոփոխության խթանումը` կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար, սկրինինգը` հիվանդության ռիսկի նվազեցման համար, առողջապահության մատչելիության բարելավման խթանումը, և կյանքի փորձ ունեցող մարդկանց նկատմամբ հարգալից վերաբերմունքի դրսևորումը:
Այս տարի «վարդագույն» հոկտեմբեր արշավի թեման է` «Յուրաքանչյուր պատմություն եզակի է, յուրաքանչյուր անցած ճանապարհ` կարևոր»։ Ինչո՞ւ հենց այս թեման: Կրծքագեղձի քաղցկեղի յուրաքանչյուր ախտորոշում անձնական է: Յուրաքանչյուր ախտորոշման հետևում թաքնված է մի պատմություն՝ քաջության, դիմադրողականության և հույսի մասին: Այս թեման մեզ հիշեցնում է, որ կրծքագեղձի քաղցկեղը տարբեր կերպ է անդրադառնում աշխարհի տարբեր կանանց և նրանց ընտանիքների կյանքի որակի վրա, և որ յուրաքանչյուր անցած և հաղթահարած ճանապարհ արժանի է կարեկցանքի, արժանապատվության և աջակցության: Այս տարվա թեման ճանաչում է փորձառությունների բազմազանությունը և ընդգծում է բոլորի համար ապրումակցող, ժամանակին և որակյալ խնամքի անհրաժեշտությունը՝ անկախ աշխարհագրությունից, եկամուտից կամ ծագումից:
2022 թվականին ամբողջ աշխարհում շուրջ 2.3 միլիոն կանանց մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ և 670.000 մահվան դեպք է արձանագրվել։ Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի մոտավորապես կեսը հանդիպում է կանանց մոտ, որոնք չունեն սեռից և տարիքից բացի որևէ հատուկ ռիսկի գործոն։ Կրծքագեղձի քաղցկեղը հանդիպում է աշխարհի բոլոր երկրներում. այն 2022 թվականին կանանց մոտ չարորակ նորագոյացություններից ամենատարածվածն է եղել 185 երկրներից 157-ում։
Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի մոտավորապես 0.5–1%-ը հանդիպում է նաև տղամարդկանց մոտ։
Քաղցկեղի այս տեսակի վաղ և ժամանակին ախտորոշման արդյունավետ միջամտությունները, որոնք կապված են համապարփակ բուժման, վերականգնման և պալիատիվ խնամքի հետ, կարևոր են կրծքագեղձի քաղցկեղի բեռը նվազեցնելու և օպտիմալ ֆունկցիոնալության, բարեկեցության հասնելու և պահպանելու համար։ Համաշխարհային գնահատականները բացահայտում են կրծքագեղձի քաղցկեղի բեռի ակնառու անհավասարություններ՝ ըստ մարդկային զարգացման ցուցանիշի։ Օրինակ՝ բարձր մարդկային զարգացման ինդեքս (HDI) ունեցող երկրներում, 12 կանանցից 1-ի մոտ իր կյանքի ընթացքում ախտորոշվում է կրծքագեղձի քաղցկեղ, իսկ 71 կանանցից 1-ը մահանում է դրանից։ Ի տարբերություն դրա, ցածր HDI ունեցող երկրներում, 27 կանանցից 1-ի մոտ է կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշվում իր կյանքի ընթացքում, 48 կանանցից 1-ն մահանում է հիվանդությունից։
Մինչ բարձր եկամուտ ունեցող երկրներում 5-ամյա ապրելիության մակարդակը գերազանցում է 90%-ը, Հնդկաստանում այդ ցուցանիշը նվազում է մինչև 66% և Հարավային Աֆրիկայում՝ 40%: Այս անհավասարությունները պայմանավորված են վաղ հայտնաբերման, ժամանակին ախտորոշման և արդյունավետ բուժման անհավասար հասանելիությամբ: Եթե ներկայիս միտումը շարունակվի, կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականը հիվանդացության և մահացության մակարդակը կաճի 40%-ով, հետևաբար անհրաժեշտ է անհապաղ և համակարգված գործողություններ ձեռնարկել: Իրոք, կնոջ բնակության վայրը չպետք է որոշի նրա ապրելիության ցուցանիշը:
ԱՀԿ-ն մշակել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի գլոբալ նախաձեռնության ռազմավարական մոտեցումը կամ այսպես կոչված` 60–60–80 թիրախները:
Այսօր առկա են գործիքներ կրծքագեղձի քաղցկեղը կանխելու, ախտորոշելու և բուժելու համար: Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի գլոբալ նախաձեռնությունը խորհուրդ է տալիս երկրներին իրականացնել ապացույցների վրա հիմնված ռազմավարություններ երեք հենասյուների շուրջ.
Առաջին` առողջության խթանում և վաղ հայտնաբերում. անհատներին և համայնքներին հնարավորություն տալ ճանաչել ախտանիշները և վաղ դիմել բուժօգնության: Նպատակ` կրծքագեղձի ինվազիվ քաղցկեղի դեպքերի 60%-ը ախտորոշվում է I կամ II փուլում:
Երկրորդ` ժամանակին ախտորոշում. ապահովել ախտորոշիչ ծառայությունների մատչելիությունը և արդյունավետությունը: Նպատակ` պացիենտներ, որոնք ստանում են ախտորոշում նախնական դիմումից հետո 60 օրվա ընթացքում:
Համալիր բուժում` բոլոր պացիենտների համար ապահովել հասանելի, անխափան համապարփակ խնամք: Նպատակ. պացիենտների 80%-ը ավարտում է իրենց նշանակված բուժումը:
Հայաստանում, ըստ 2024թ.-ի տարեգրքի տվյալների, 2023թ.-ին կյանքում առաջին անգամ ախտորոշված ՉՆ հիվանդացության շարքում կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց թվաքանակը եղել է 1511, իսկ տղամարդկանցը` 41, ի դեպ, կանանց շրջանում դեպքերի մեծ մասը` 550-ը, բաժին է ընկել 60-64 տարիքային խմբի կանանց, 299-ը` 65 և ավելի տարիք ունեցող և 271-ը` 45-54 տարիքի կանանց:
Նշենք, որ նույն ցուցանիշը կանանց շրջանում 2010թ.-ին եղել է 982, 2015թ.-ին`1093, 2020թ.-ին` 1116, 2022թ.-ին`1423: Նայելով վիճակագրությանը, ակնառու է հիվանդացության աճի միտումը` 2010թ.-ի համեմատ մոտ 1.7 անգամ: 2023թ.ին կրծքագեղձի քաղցկեղից մահացությունը եղել է 442, իսկ տարեվերջին ՀՀ-ում կրծքագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտների ընդհանուր թիվը եղել է 14632: