Գիտելիքի և կլինիկական մտածողության ստուգատես երիտասարդ ակնաբույժների համար

Գիտելիքի և կլինիկական մտածողության ստուգատես երիտասարդ ակնաբույժների համար

Դեկտեմբերի 13-ը ակնաբուժական համայնքի համար հագեցած միջոցառմամբ նշանավորվեց։ Կարմիր դահլիճում ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի, Հայաստանի ակնաբույժների ասոցիացիայի, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հետ համատեղ ջանքերով երիտասարդ մասնագետների համար անցկացվեց ակնաբուժական վիկտորինա։

Մասնակիցներին ողջունեցին Ակնաբուժության ամբիոնի վարիչ Լիլիթ Ոսկանյանը, նույն ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի ակնաբույժների ասոցիացիայի նախագահ Արմեն Վարդանյանը և Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Հովսեփ Միրոյանը։

Նախաձեռնողների փոխանցմամբ՝ վիկտորինայի նպատակն էր բարձրացնել մասնակիցների գիտելիքի մակարդակը ակնաբուժության ոլորտում, զարգացնել մասնագիտական հմտությունները, խրախուսել ինքնակրթությունը, ձևավորել կլինիկական մտածողություն և խթանել թիմային աշխատանքը։

Մասնակիցները երիտասարդ բժիշկ-ակնաբույժներն էին, ինչպես նաև ակնաբուժության գծով 3-րդ տարվա կլինիկական օրդինատորները։

Առաջին փուլում տրվում էին ընդհանուր բնույթի հարցեր, հիմնական փուլում՝ միջին բարդության թեմատիկ հարցեր, իսկ վերջին փուլը՝ բարձր բարդության հարցեր և տրամաբանական առաջադրանքներ էր ընդգրկում։

«Նպատակը գիտելիքի վերանորոգումն էր, զարգացումը, ամրապնդումը։ Մենք ունեցանք հարցուպատասխանի և սխալների ուղղման, կլինիկական դեպքերի քննարկման հնարավորություն։ Մեր գնահատմամբ երիտասարդ բժիշկները, կլինիկական օրդինատորները իրենց լավագույնս դրսևորեցին՝ մեզ ևս տալով հնարավորություն դիտակետում պահել լավագույններին, լավ մասնագետներին»,- տպավորությունները ներկայացնելով նշեց Լիլիթ Ոսկանյանը՝ հավելելով, որ ակնաբուժական ինտերակտիվ ձևաչափի այս հանդիպումը թիմային աշխատանքի, բնավորության, կարողությունների յուրօրինակ ստուգատես էր, որը շարունակական է լինելու։

Ամբիոնի ղեկավարը նկատում է, որ միջոցառումը ոչ միայն հնարավորություն ընձեռեց ներկայացնել ակնաբուժական կենտրոնի կլինիկական գործունեությունը, այլև մեկ հարթակում համախմբել մայրաքաղաքի ու մարզերի ակնաբուժական բուժհաստատությունների ներկայացուցիչներին։

Հարցերը, որոնց անդրադարձ էր կատարվում, պահանջում էին բարձր պատրաստվածություն։ Եվ ավարտող՝ երրորդ տարում սովորող կլինիկական օրդինատորները պարզաբանում էին այնպիսի գիտահեն թեմաներ, որոնք հիմնականում գործող բժիշկների քննարկման տիրույթում են, ինչը ևս վկայում է նրանց ապագայում արհեստավարժ բժիշկ դառնալու տրամադրվածության մասին։

Կազմված էր երկու թիմ՝ չորսական մասնակցով, որից հաղթող կազմը պարգևատրվելու է մասնագիտական գրքերով և առօրյա գործունեության մեջ պետք եկող ակնաբուժական պարագաներով։

Շուրջ մեկ ու կես ժամ տևողությամբ շաբաթօրյա միջոցառումն ամփոփվեց կլինիկական ուշադրության թեմաներ ընդգրկող երկու դասախոսությամբ՝ Ակնաբուժության ամբիոնի պրոֆեսոր Աննա Հովակիմյանի և այս ամբիոնում կլինիկական օրդինատուրա անցած երիտասարդ ակնաբույժ Շանթ Եփրեմյանի մեկնաբանությամբ։