Մայիսը՝ հոգեկան առողջության իրազեկման ամիս

Մայիսը՝ հոգեկան առողջության իրազեկման ամիս

Մայիսը հոգեկան առողջության իրազեկման ամիս է: Սա այն ժամանակաշրջանն է, երբ աշխարհն ուշադրություն է հրավիրում մի թեմայի վրա, որը հաճախ մնում է ստվերում, բայց կենսական նշանակություն ունի յուրաքանչյուրի համար։

Հոգեկան առողջությունը պակաս կարևոր չէ, քան ֆիզիկականը։ Այն ազդում է մտածելակերպի, զգացմունքների, գործողությունների և կյանքի որակի վրա։ Օրվա շրջանակում մի շարք կազմակերպություներ առանցքային կետեր են նշում, որոնք կարևոր է հիշել այս ամսվա ընթացքում.

  1. Կոտրել կարծրատիպերը, վերացնել խարանը. շատերը վախենում են խոսել իրենց հոգեկան ապրումների մասին՝ չհասկացված լինելու կամ պիտակավորվելու վախից։
  2. Օգնություն խնդրելը թուլության նշան չէ, այլ՝ ուժի։ Խոսե՛ք. Երբ մենք բացահայտ խոսում ենք տագնապի, դեպրեսիայի կամ սթրեսի մասին, մենք օգնում ենք ուրիշներին նույնպես չամաչել իրենց վիճակից։
  3. Ինքնախնամքը շռայլություն չէ: Հոգեկան առողջության պահպանումը սկսվում է ամենօրյա փոքրիկ քայլերից, բավականաչափ քնելը և հանգստանալը հոգեկան առողջության հիմքն են:
  4. Սահմանագծեր. սովորե՛ք «ոչ» ասել այն ամենին, ինչը դժվարացնում է ձեր կյանքը կամ հյուծում է ձեզ։
  5. Թվային դետոքս. երբեմն անջատվե՛ք սոցիալական ցանցերից՝ ներկա պահը զգալու համար։

Կան իրավիճակներ, երբ սեփական ուժերը կամ ընկերների խորհուրդները բավարար չեն, նման դեպքերում անհրաժեշտ է դիմել մասնագետի, հատկապես երբ նկատում եք.

  • Տևական տխրություն կամ անտարբերություն։
  • Քնի կամ ախորժակի կտրուկ փոփոխություններ։
  • Անառողջ մտքեր կամ անկառավարելի տագնապ։

Կարևոր է գիտակցել, որ դուք մենակ չեք։ Մայիսը հիշեցում է բոլորիս, որ մեր ներաշխարհը խնամքի և հարգանքի կարիք ունի։

Հոգեկան առողջության վերաբերյալ վիճակագրությունը փաստում է, որ սա ոչ թե անհատական, այլ համաշխարհային մասշտաբի խնդիր է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և միջազգային հետազոտական կենտրոնների զեկույցների վրա հիմնված տվյալների համաձայն.

  • Աշխարհում յուրաքանչյուր 8-րդ մարդ ապրում է որևէ հոգեկան խնդրով:
  • Տագնապը և դեպրեսիան հոգեկան առողջության ամենատարածված խնդիրներն են: Միայն դեպրեսիայով աշխարհում ապրում է ավելի քան 280 միլիոն մարդ:
  • Ազդեցությունը տնտեսության վրա. հոգեկան առողջության խնդիրների պատճառով աշխատունակության կորուստը համաշխարհային տնտեսությանը տարեկան մոտ 1 տրիլիոն դոլարի վնաս է հասցնում:
  • Հոգեկան առողջության բոլոր խնդիրների 50%-ը սկսվում է մինչև 14 տարեկանը, սակայն դեպքերի մեծ մասը մնում է չախտորոշված և չբուժված:
  • 15-29 տարեկան երիտասարդների շրջանում մահացության պատճառների մեջ ինքնասպանությունը զբաղեցնում է 4-րդ տեղը:

Դժբախտաբար պետք է ընդգծել, որ առկա է հսկայական անդունդ բուժման կարիք ունեցողների և բուժում ստացողների թվաքանակի միջև: Ցածր եկամուտ ունեցող երկրներում հոգեկան ծանր խանգարումներ ունեցող մարդկանց 75%-ից ավելին ընդհանրապես բուժում չի ստանում: Պետական առողջապահական բյուջեների միջինում միայն 2%-ն է հատկացվում հոգեկան առողջությանը:

Հայաստանում, վերջին տարիների ճգնաժամերով (պատերազմ, համավարակ) պայմանավորված, մասնագետները նկատում են հետևյալ միտումները.

  • Հետտրավմատիկ սթրեսային խանգարման (ՀՏՍԽ/PTSD) և տագնապային խանգարումների կտրուկ աճ:
  • Հոգեբանի դիմելիության մշակույթի դրական տեղաշարժ, սակայն մարզերում մասնագետների և իրազեկվածության դեռևս մեծ պակաս կա:

Հոգեկան առողջության մասին խոսելը պետք է դիտարկել ոչ թե որպես «թրենդ», այլ անհրաժեշտություն, իսկ վիճակագրությունը փոխելու առաջին քայլը իրազեկումն ու կանխարգելումն է: