Բուժաշխատողների մասնագիտական կարողությունների զարգացման և անվտանգ բուժօգնություն ապահովելու շրջանակում անցկացվեց «Անվտանգ ներարկումների իրականացումը գործնականում» թեմայով վարպետաց դասը: Այն միտված էր բուժաշխատողների շրջանում բարձրացնելու անվտանգ ներարկումների կազմակերպման և վարակների կանխարգելման վերաբերյալ գիտելիքն ու գործնական հմտությունները։
Վարպետաց դասի ընթացքում խոսվեց անվտանգ ներարկումների իրականացման ընթացակարգերից, ինչպես նաև բուժաշխատողների մասնագիտական վնասվածքների դեպքում ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումներից։
Դասընթացի ժամանակ բուժքույրերը, տեսական գիտելիքից բացի, հնարավորություն ունեցան ձեռք բերել նաև գործնական հմտություններ՝ կատարելագործելով իրենց մասնագիտական կարողությունները։
«Տարիներ շարունակ Հայաստանում մայիսի 12-ը նշվում է որպես բուժքույրերի միջազգային օր։ Այս տարվա կարգախոսը՝ «Մեր բուժքույրերը՝ մեր ապագան», առավել քան խոստումնալից է։ Այսօր ամբողջ աշխարհում, հատկապես զարգացած երկրներում, նկատվում է բնակչության ծերացման միտում, և Հայաստանը ևս անմասն չէ այդ գործընթացից։ Սա իրենից ենթադրում է, որ բուժօգնության կարիք ունեցող մարդկանց թիվը ավելանալու է։ Այսօր աշխարհը պահանջարկ ունի միջին բուժանձնակազմի և այս համատեքստում մեր ապագան ասելով նկատի ունենք, որ բուժքույրը այն մարդն է, ով հոգ է տանում բնակչության մասին և առաջին և անմիջական շփում ունի բնակչության հետ»,-միջոցառման մեկնարկին ասաց «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը:
Նա ներկայացրեց Բուժքույրերի միջազգային խորհրդի (ICN) 2026 թվականի առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ բուժքույրերի դերի հզորացումը ուղղակիորեն նպաստում է պացիենտների անվտանգությանը և համաշխարհային առողջապահական համակարգերի կայունությանը։
Մերի Տեր-Ստեփանյանի փոխանցմամբ՝ մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օր է սահմանվել ի պատիվ Ֆլորենս Նայթինգեյլի, ով առաջին կինն էր, որն ընտրվել է Թագավորական վիճակագրական ընկերության անդամ, հայտնագործել է տվյալների վիզուալիզացիայի մեթոդներ, օրինակ՝ «բևեռային դիագրամը» (polar area diagram), որպեսզի ավելի պատկերավոր ներկայացնի մահացության պատճառները: 1860 թվականին Լոնդոնում հիմնել է աշխարհում առաջին աշխարհիկ բուժքույրական դպրոցը։
«Բուժքույրերն առ այսօր տալիս են «Նայթինգեյլի երդումը», որը Հիպոկրատի երդման նմանօրինակն է՝ հարմարեցված բուժքույրական գործին»,-ընդգծեց նա
«Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավարը ներկայացրեց ներարկման զարգացման հիմնական փուլերը՝ սկսած 1950-ական թվականներին ապակե ներարկիչների լայն կիրառությունից մինչև ԱՀԿ-ի և միջազգային կազմակերպությունների կողմից անվտանգության ստանդարտների ներդրումն ու կատարելագործումը։
«Ներարկումները ամենատարածված ընթացակարգերից են: Ամեն տարի աշխարհում առնվազն 16 միլիարդ ներարկում է իրականացվում։ Դրանց ճնշող մեծամասնությունը` մոտ 90%-ը տրվում է բուժական խնամքի նպատակով։ Պատվաստանյութերի ներարկումները կազմում են բոլոր ներարկումների մոտ 5% -ը: Ներարկման պրակտիկայում ամբողջ աշխարհում և հատկապես ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում ներառված են բազմաթիվ, վնասակար գործառույթներ, որոնք, ի վերջո, հանգեցնում են արյան միջոցով փոխանցվող վարակների լայնածավալ փոխանցմանը հիվանդների, առողջապահական ծառայություններ մատուցողների և ընդհանրապես համայնքի շրջանում»,-հավելեց նա:
Պրոֆեսոր Տեր-Ստեփանյանի խոսքով՝ շատ կարևոր է անվտանգ և ճիշտ ներարկման մեթոդին տիրապետել ոչ միայն պացիենտների, այլև հենց բուժաշխատողների համար:
Նա մասնակիցներին ներկայացրեց նաև ներարկումների հիմնական տեսակները:
«Մկանային ներարկումը դեղորայքային լուծույթների ներմուծումն է մկանային հյուսվածքի մեջ: Քանի որ մկանները օժտված են արյունատար և ավշային անոթների ճյուղավորված ցանցով, ինչը ստեղծում է բարենպաստ պայմաններ դեղորայքի ներծծման համար, ապա բարդություններից խուսափելու համար միջմկանային ներարկումները խորհուրդ է տրվում իրականացնել մարմնի այն մասերում, որտեղ կա նշանակալի մկանային շերտ և որը խոշոր անոթներին և նյարդերին մոտ չի գտնվում: Ներերակային ներարկումները դեղորայքի ներարկումն է անմիջապես արյան մեջ: Այս դեպքում առավել կարևոր է մանրէազերծման կանոնների պահպանումը: Ներերակային ներարկումներն առավել հաճախ իրականացվում են արմնկային փոսիկի երակների շրջանում, քանի որ դրանք ունեն ավելի մեծ տրամաչափ, տեղակայված են մակերեսային և համեմատաբար քիչ տեղաշարժվող են: Ներերակային ներարկումները կարող են իրականացվել դաստակի և նախաբազկի, ինչպես նաև ոտնաթաթի շրջանում»,-ասաց դասընթացավարը՝ խոսելով նաև ներարկման այլ տեսակներից և անվտանգության կանոններից։
Հավաստագրված վարպետաց դասը կարևոր հարթակ դարձավ բուժքույրերի մասնագիտական գիտելիքի ամրապնդման, փորձի փոխանակման և անվտանգ բուժօգնության մշակույթի զարգացման համար։