ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցութային ընտրություն ռեկտորի պաշտոնի համար

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցութային ընտրություն ռեկտորի պաշտոնի համար

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊԲՀ) հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցութային ընտրություն ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնի համար

ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնի մրցութային ընտրությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն գործունակ քաղաքացիները, որոնք ունեն գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ:

ԵՊԲՀ ռեկտոր չի կարող ընտրվել այն անձը՝

ա) ով դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով մարված կամ հանված չէ,

բ) ում օրենքի համաձայն արգելվում է զբաղեցնել ղեկավար պաշտոններ,

գ) ով նախընթաց 3 տարվա ընթացքում եղել է սնանկացման պատճառով լուծարված և պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար,

դ) ով առաջադրման ժամանակ հանդիսանում է որևէ կուսակցության անդամ:

ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնի մրցութային ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1)  Համալսարանի ռեկտոր  առաջադրվելու մասին   հավակնորդի դիմումը՝ ուղղված Խորհրդի նախագահին,

2) անձնագրի և Հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքի կամ նույնականացման քարտի պատճենը,

3) աշխատանքային, ներառյալ ակադեմիական և գիտական գործունեության համապատասխան ստաժի առկայությունը հավաստող փաստաթուղթ (քաղվածք աշխատանքային գրքույկից կամ այլ փաստաթուղթ),

4) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

5) գիտական աստիճանը հավաստող վկայականի պատճենը,

6) գիտական կոչումը հավաստող վկայականի պատճենը (հավակնորդի ցանկությամբ),

7) հրատարակված գիտական աշխատանքների ցանկը (հավակնորդի ցանկությամբ),

8) կադրերի հաշվառման անձնական թերթիկը,

9) բնութագիր՝ աշխատավայրից կամ այլ կազմակերպությունից կամ անձից (հավակնորդի ցանկությամբ),

10) «ԵՊԲՀ գործունեության ծրագիրը» թղթային և էլեկտրոնային սկավառակով, որոնք դիմումն ընդունողի կողմից դիմումատուի ներկայությամբ տեղադրվում են ծրարում, ինչը փակվում և կնքվում է,

11) տեղեկանք՝ մշտական բնակության վայրից,

12) 3х4 սմ չափի 2 լուսանկար,

13) տեղեկանք՝ դատվածություն չունենալու և հետախուզման մեջ չգտնվելու վերաբերյալ,

14) հայտարարություն՝ առաջադրման ժամանակ որևէ կուսակցության անդամ չլինելու և քաղաքական զսպվածություն և չեզոքություն պահպանելու մասին,

15) հայտարարություն՝ նախընթաց 3 տարվա ընթացքում սնանկացման պատճառով լուծարված և պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար չլինելու վերաբերյալ։

Փաստաթղթերի պատճեներն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակի հետ միասին՝ մինչև ընդունումը պատճենի իսկությունը ստուգելու նպատակով։ Համեմատելուց հետո նույն պահին բնօրինակը կվերադարձվի դիմումատուին։

Մրցութային ընտրությանը մասնակցելու համար դիմումը և պահանջվող փաստաթղթերը՝ յուրաքանչյուր էջը համարակալված, ինչպես նաև էլեկտրոնային սկավառակը հավակնորդը կարող է ներկայացնել սույն հայտարարության հրապարակումից հետո՝ մինչև 2026 թվականի հունիսի 22-ը ներառյալ, յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-ից 16։00-ն, բացի շաբաթ, կիրակի, տոնական և հիշատակի օրերից, ԵՊԲՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահի աշխատասենյակ: 

Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Կորյունի 2, երկրորդ հարկ, հեռախոս՝ 010301015:

Մրցութային ընտրությանը մասնակցելու համար դիմումը և պահանջվող փաստաթղթերը թերի ներկայացված լինելու դեպքում դրանք կարող են լրացվել ոչ ուշ քան մինչև սույն հայտարարությամբ նշված վերջնաժամկետը՝ 2026 թվականի հունիսի 22-ը, ժամը 16։00-ն ներառյալ։

Մրցութային ընտրությունը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 26-ին, ժամը 12:00-ին, փակ գաղտնի քվեարկությամբ, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի Էթիկայի կոմիտեի դահլիճում՝ ք. Երևան, Կորյունի 2, վարչական մասնաշենք, 2-րդ հարկ: 

Սույն հայտարարությունը հրապարակվել է նաև «Առավոտ» օրաթերթի մայիսի 27-ին լույս տեսած համարում։