Գիտական մտածողության զարգացում, ապացուցողական բժշկություն և մասնագիտական փորձի փոխանակում։
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի արյունաբանության և մանկական ուռուցքաբանության ամբիոնի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկել է Journal Club գիտակրթական հանդիպումների շարքը։
Նախաձեռնության հիմքում երիտասարդ բժիշկների մասնագիտական զարգացման, գիտական գրականության քննադատական վերլուծության և ապացուցողական բժշկության սկզբունքները ամենօրյա կլինիկական գործունեության մեջ ներդնելու գաղափարն է։
Journal Club-ը ձևավորվել է որպես գիտական և կլինիկական քննարկումների միասնական հարթակ, որտեղ կլինիկական օրդինատորները հնարավորություն ունեն ոչ միայն ներկայացնելու մասնագիտական արդիական թեմաներ, այլև վերլուծելու միջազգային ուղեցույցները, նորագույն հետազոտությունների արդյունքները և դրանց կիրառելիությունը իրական կլինիկական իրավիճակներում։
Ամենշաբաթյա հանդիպումների ընթացքում քննարկվում են արյունաբանության և մանկական ուռուցքաբանության ոլորտների ժամանակակից մարտահրավերները, ախտորոշման նորարարական հնարավորությունները, բուժման արդյունավետ մոտեցումները և կլինիկական որոշումների կայացման գիտական հիմնավորումները։
Հատկանշական է, որ նախաձեռնության մեկնարկը տրվել է բարորակ արյունաբանության թեմաներով՝ կարևորելով այս ոլորտում ախտորոշիչ բարդությունները, տարբերակիչ ախտորոշման առանձնահատկությունները և պացիենտների վարման ժամանակակից ռազմավարությունները։
Նախաձեռնության նպատակն է ձևավորել մասնագիտական միջավայր, որտեղ գիտելիքի փոխանցումը զուգորդվում է քննադատական մտածողությամբ, բաց գիտական քննարկումներով և սերունդների միջև փորձի շարունակական փոխանակմամբ։
Որովհետև ժամանակակից բժշկության զարգացումը սկսվում է գիտական հարցադրումից, շարունակվում մասնագիտական քննարկմամբ և իր իրական արժեքը ստանում կլինիկական պրակտիկայում։