«Դասավանդողների դասավանդում» ծրագրի առաջին տարին ամփոփվեց ավարտական միջոցառմամբ

«Դասավանդողների դասավանդում» ծրագրի առաջին տարին ամփոփվեց ավարտական միջոցառմամբ

Աշխատանքային շաբաթը ԵՊԲՀ-ում ամփոփվեց «ՀԵՆԱՐ» հիմնադրամի Առողջապահության ոլորտի մասնագետների կրթության ծրագրի «Դասավանդողների դասավանդում» (ToTs) բաղադրիչի առաջին տարվա վերջին՝ 18-րդ սեսիայի անցկացմամբ, որին հաջորդեց առաջին տարվա ավարտական միջոցառումը։

ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը ռեկտորի, համալսարանի և անձամբ իր անունից ողջունելով բոլոր մասնակիցներին` ընդգծեց, որ կրթական այս ծրագիրը նորություն է  նոր մոտեցումների ու ձևաչափի առումով:

«Շնորհակալություն եմ հայտնում Բոստոնի համալսարանի մեր գործընկերներին, բոլոր այն մարդկանց, որոնք աջակցեցին այս ծրագրի իրականացմանը, որը մեր  համատեղ առաջին ծրագիրը չէ և նման լավ արդյունքներ գրանցելու պարագայում վստահ կարող եմ ասել, որ վերջինը ևս չէ: Շնորհակալ եմ յուրաքանչյուրին  ծանրաբեռնված աշխատանքային օրերից հետո մասնակցելու համար այս շատ կարևոր դասընթացներին»,- ասաց Գառնիկ Ավետիսյանը` շեշտելով, որ գիտելիքի փոխանցումն այս 9 ամսվա ընթացքում եղել է  միջազգային չափանիշներին համահունչ:

Պրոռեկտորը շեշտեց, որ ինչպես այս, այնպես էլ մյուս  նախաձեռնությունները  նպատակ ունեն բարձրացնել կրթական ծրագրերի մակարդակը` ամրապնդելով համալսարանի դիրքերը միջազգային շուկայում:

Միջոցառմանը ներկա էին «ՀԵՆԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Արման Ոսկերչյանը, Բոստոնի համալսարանի Չոբանյան և Ավետիսյան բժշկական դպրոցի գործընկերները, «Դասավանդողների դասավանդում» ծրագրի մասնակիցները, Բոստոնի համալսարանի Բժշկական դպրոցում սովորող բժիշկներ Հռիփսիմե Ապրեսյանը, Ալվարդ Հովհաննիսյանը և Սուրեն Բրուտյանը, ովքեր շուտով մեկնելու են Բոստոն՝ մասնակցելով 6-շաբաթյա առկա դասընթացների, ինչը հնարավորություն կտա մասնակիցներին խորացնել իրենց փորձը, անմիջականորեն ծանոթանալ միջազգային կրթական միջավայրին և, վերադառնալով, այդ փորձը տեղայնացնել Հայաստանում։

«Այս ծրագիրը մեզ համար պարզապես կրթական դասընթաց չէ։ Այն նոր մոտեցում է Հայաստանում հետբուհական բժշկական կրթության զարգացման համար։ Կարևոր է հատկապես այն պատճառով, որ այն ուղղված է ոչ միայն առանձին մասնագետների, այլև կրթական կարողությունների զարգացմանը։ Այս ամիսների ընթացքում մասնակիցները ծանոթացել և կիրառել են դասավանդման ժամանակակից մեթոդներ, ուսումնական ծրագրերի ձևավորման սկզբունքներ, գնահատման մոտեցումներ, հետադարձ կապի մշակույթ և կլինիկական միջավայրում ուսուցման նոր ձևեր»,- դիմելով ներկաներին ասաց Արման Ոսկերչյանը` հավելելով, որ այս նախաձեռնության ամենակարևոր ազդեցություններից մեկն այն է, որ այն նպաստում է դասավանդման մտածողության փոփոխությանը․ գիտելիք փոխանցելու մոտեցումից դեպի կարողությունների զարգացում, ակտիվ ուսուցում, գնահատում և աջակցող կրթական միջավայր։ Սա կարևոր է դասախոսների, կլինիկական ղեկավարների, ուսանողների, ռեզիդենտների և, ի վերջո, պացիենտների, այսինքն՝ մեծ հաշվով՝ ամբողջ համակարգի համար։

«Ես իսկապես շնորհակալ եմ բոլորին՝ հրաշալի համագործակցության համար։ Իրականում հաջողված համագործակցությունն ինքնին արդեն արժեք է։ Մենք մեկս մյուսին այս մեկ տարում ցույց տվեցինք, որ կարող ենք միավորվել ու աշխատել միասին՝ հանուն ավելի լավ արդյունքի»,- նշեց «ՀԵՆԱՐ» հիմնադրամի համահիմնադիրը:

Ի նշան երախտագիտության և  գնահատանքի՝ այս կարևոր համագործակցության և շարունակական աջակցության համար «ՀԵՆԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Արման Ոսկերչյանը պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանին հանձնեց շնորհակալագիր։

Միջոցառման ավարտին «Դասավանդողների դասավանդում» ծրագրի մասնակիցները ստացան վկայականներ։

Նշենք, որ 2025-2026 ուստարվա՝ բժշկական համալսարանի կողմից ծրագրում ընդգրկված առաջին երեք մասնակիցները Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնից են.  Մանկաբուժության դպրոցի ղեկավար, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայի ղեկավարդասախոս Հռիփսիմե Ապրեսյանը, նույն կլինիկայի բժիշկ, ասիստենտ Սուրեն Բրուտյանը, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ, դոցենտ Ալվարդ Հովհաննիսյանը:

Ծրագրի մասնակից դասախոսներն այս ընթացքում ոչ միայն սովորել, այլև սկսել են ձևավորել մասնագիտական համայնք իրենց շուրջ։ Նրանք դարձել են ոչ միայն գիտելիք ստացողներ, այլև այդ գիտելիքը փոխանցողներ։

Փաստացի, պաշտոնապես ազդարարվեց ծրագրի «Դասավանդողների դասավանդում» բաղադրիչի առաջին տարվա ավարտը։

Նախաձեռնողները հավաստացին, որ համագործակցությունը կշարունակվի և ավելի կամրապնդվի՝ Բոստոնի համալսարանի, ակադեմիական հաստատությունների, կլինիկական գործընկերների և պետական կառույցների միջև։