Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը տեղեկացնում է, որ կազմակերպվում է «Առաջին օգնություն կյանքին սպառնացող իրավիճակներում» խորագրով 6-ժամյա գործնական դասընթաց, որի նպատակն է մասնակիցներին տրամադրել անհետաձգելի իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և առաջին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան և գործնականում կվարժվեն հետևյալ հիմնական ուղղություններով՝
- Սրտի կանգի տեսական հիմունքներ
- Սրտի կանգի ճանաչում և օգնության կանչի կազմակերպում
- Մեծահասակների, երեխաների և նորածինների կրծքավանդակի սեղմումների իրականացում (անհատական գործնական պարապմունք՝ 40 րոպե)
- Ավտոմատ արտաքին դեֆիբրիլյատորի կիրառություն մեծահասակների և երեխաների դեպքում
- Մեծահասակների և մանկական մանեկենների վրա սրտաթոքային վերակենդանացման ամբողջական ալգորիթմի անհատական գործնական վարժանք (անհատական գործնական պարապմունք՝ 80 րոպե)
- Արհեստական շնչառության իրականացում «բերանից բերան» մեթոդով մեծահասակների և երեխաների դեպքում
- Ջրահեղձման դեպքում վերակենդանացման միջոցառումներ
- Հղիների սրտաթոքային վերակենդանացման առանձնահատկություններ
- Մեծահասակների և երեխաների շնչուղիներից օտար մարմնի հեռացման գործնական հմտությունների իրականացում մեծահասակների և երեխաների դեպքում (գործնական պարապմունք՝ 20 րոպե)
- Կայուն կողային անվտանգ դիրքի կիրառում
- Ցնցումների ժամանակ առաջին օգնության ցուցաբերում
- Սրտամկանի ինֆարկտի վաղ ճանաչում և առաջին արձագանք
- Կաթվածի վաղ ճանաչում
- Կյանքին սպառնացող արյունահոսությունների դադարեցում․ ճնշող վիրակապի, արյունահոսությունը դադարեցնող տուրնիկետի և Էսմարխի լարանի կիրառում
- Մատների կամ վերջույթի տրավմատիկ ամպուտացիայի դեպքում գործողությունների ալգորիթմ
Դասընթացը նախատեսված է ԵՊԲՀ ուսանողների, դասախոսների, վարչական աշխատակիցների, ինչպես նաև բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել առաջին օգնության հիմնարար և կիրառական հմտություններ՝ առօրյա, հանրային կամ մասնագիտական միջավայրում արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքելու համար։
Դասընթացը վարում են բժիշկ-ռեանիմատոլոգներ, շտապօգնության բժշկական թիմերի բժիշկներ։
Ամսաթիվ՝ 13․ 06․ 2026թվ
Ժամ՝ 12։00
Տևողություն՝ 6 ժամ
Հասցե՝ Եզրաս Հասրաթյանի 6 (ԵՊԲՀ ուսումնական սիմուլյացիոն
կենտրոն, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց)
Գրանցման հղում
Հեռախոսահամար՝ 033 51 97 96
Էլ. հասցե՝ pulseguardian.11@gmail.com