Համալսարանական տանիքի ներքո անցկացվեց «Էնդոկրինոլոգիայի գրավիչ աշխարհում» 2-րդ համաժողովը, որը համախմբել էր առաջատար մասնագետների: Այն մասնակիցների համար լավ հնարավորություն էր ծանոթանալու ոլորտի ամենաթարմ նորություններին, քննարկելու հետաքրքիր կլինիկական դեպքեր, դիտակետում պահելու ինչպես մանկական, այնպես էլ մեծահասակների էնդոկրին համակարգին վերաբերող խնդիրները:
Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանին Ենկոյանը կարևորեց այն, որ կոնֆերանսը ինչպես մանկության, այնպես էլ մեծահասակների մասնագիտական թեմաներ է ընդգրկում և համախմբել է երկու ուղղությամբ զբաղվող ներզատաբաններին:
«Հարցերը էնդոկրինոլոգիայի բնագավառում շատ հաճախ երեխաների և մեծահասակների դեպքում խաչմերուկում են: Համատեղ աշխատանքը միանշանակ կհանգեցնի մեզ հուզող արդյունքի, դա պացիենտի լավ լինելն է: Ի վերջո, թե՛ գիտության, թե՛ պրակտիկ բժշկության մեջ մեր նպատակն ուղղված է նրան, որ պացիենտը լինի առողջ կամ չհիվանդանա»,- արդյունավետ երկօրյա աշխատանք մաղթելով ասաց նա:
«Այս նույն վերնագրով սա երկրորդ համագումարն է, որը կազմակերպվում է մեր ամբիոնի կողմից, որի հիմնական կլինիկական բազան «Մուրացան» համալսարանական հիվանդանոցն է։ Կոնֆերանսն ընդգրկում է էնդոկրինոլոգիայի ամբողջ ոլորտը՝ թե՛ մեծահասակների, թե՛ մանկական էնդոկրինոլոգիան։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու մանկականից դեպի մեծահասակների էնդոկրինոլոգիական ծառայություն անցման գործընթացին, որը ներկայումս ամբողջ աշխարհում գտնվում է ուշադրության կենտրոնում։ Մեր կլինիկայում, որտեղ զբաղվում են ինչպես մանկական, այնպես էլ մեծահասակների էնդոկրին խնդիրներով, այդ անցումը կազմակերպվում է շատ ավելի հեշտ և արդյունավետ»,-նշեց «Մուրացան» հիվանդանոցի Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, բժշկական բուհի Էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Ելենա Աղաջանովան:
Նրա փոխանցմամբ՝ կոնֆերանսի թեմաները հիմնականում այն հիվանդություններն են, որոնք հաճախ չեն քննարկվում, քանի որ ավելի հազվադեպ են հանդիպում, քան, օրինակ, շաքարային դիաբետը կամ վահանաձև գեղձի ամենատարածված հիվանդությունները:
«Քննարկվելու են մակերիկամների և հիպոֆիզի տարբեր հիվանդությունները, որոնք կարևոր նշանակություն ունեն ոչ միայն էնդոկրինոլոգների, այլև թերապևտների, մանկաբույժների և գինեկոլոգների համար։ Կան հիվանդություններ, որոնք բավականին հաճախ են հանդիպում, սակայն բժիշկները միշտ չէ, որ անմիջապես մտածում են, օրինակ, մակերիկամների անբավարարության մասին։ Կան նաև հիվանդություններ, որոնք ախտորոշվում են դեռ նորածնային շրջանում։ Կան հիվանդություններ, որոնց ախտորոշման մոտեցումները, դասակարգումները և անվանումները ժամանակի ընթացքում փոփոխվում են»,-ընդգծեց պրոֆեսոր Աղաջանովան:
Պրոռեկտոր Ենկոյանն առանձնահատուկ ողջունեց միջոցառմանը ներկա ԵՊԲՀ շրջանավարտ, ԱՄՆ-ից ժամանած բժիշկ-գիտնական Լուսինե Աղաջանովային, ով թեպետ էնդոկրինոլոգ չէ, բայց գործունեությունը սերտորեն առնչվում է այս ոլորտի հետ: Նա պրոֆեսոր է Սթենֆորդի համալսարանում, ինչպես նաև Վերարտադրողական էնդոկրինոլոգիայի և անպտղության կլինիկայի ռեզիդենտների և ֆելոուների (3 տարի տևողությամբ նեղ մասնագիտացում մանկական գինեկոլոգիայի ռեզիդենտուրայից հետո) ծրագրի տնօրենն է, Էնդոմետրիալ առողջության ծրագրի ղեկավարը, ինչպես նաև Սթենֆորդի համալսարանի բժշկության դպրոցի Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դասախոս:
Լուսինե Աղաջանովան խոսեց այն մասին, թե ինչպես են իր և քրոջ մասնագիտությունները փոխլրացնում միմյանց.
«Ես հիմնականում զբաղվում եմ մեծահասակ պացիենտների հիվանդություններով, սակայն ընդունում եմ նաև երեխաների։ 14 տարեկանից սկսած մեզ կարող են դիմել դաշտանային խանգարումներով, անպտղության խնդիրներով կամ աճի հետ կապված խնդիրներ ունեցող երեխաներ։ Ելենայի հետ հաճախ քննարկում ենք տարբեր կլինիկական դեպքերն ու բուժման պրոտոկոլները, համեմատում, թե ինչ է արվում Հայաստանում և ինչ՝ ԱՄՆ-ում»։
Նրա խոսքով՝ Հայաստանը շատ լավ ուղղությամբ է շարժվում, բժիշկները մասնակցում են միջազգային կոնֆերանսների, գիտաժողովներ են կազմակերպում, արտերկրից մասնագետներ են հրավիրում, ինչը շատ կարևոր և ողջունելի է. «Փորձի փոխանակումը մեծ նշանակություն ունի, որովհետև այն ժամանակները, երբ ասում էին՝ «40 տարվա փորձ ունեմ, սա այսպես պետք է արվի», արդեն անցել են։ Պարտադիր չէ, որ նույն բուժման եղանակը արդյունավետ լինի բոլոր պացիենտների համար։ Անհրաժեշտ է ցուցաբերել անհատական մոտեցում»։
Փաստացի միջոցառումը նաև Էնդոկրինոլոգիայի ամբիոնի և «Մուրացան» Էնդոկրինոլոգիայի կլինիկայի 2008-2026 թվականների աշխատանքի ներկայացման, հետագա անելիքների ամփոփման լավ առիթ էր: ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնը պատրաստում է ոչ միայն բարձր որակավորում ունեցող մասնագետներ, այլև ձևավորում է այնպիսի բժիշկների սերունդ, որն այսօր համալրել է մեր երկրի տարբեր մարզերի բուժհաստատությունները՝ ապահովելով էնդոկրինոլոգիական ծառայության զարգացումն ու որակյալ բժշկական օգնության հասանելիությունը հանրապետության ողջ տարածքում։
Պաշտպանված ատենախոսություններ, բժիշկների վերապատրաստումներ, համոգործակցության ծրագրեր, կլինիկական հետազոտություններ, գիտական միջոցառումներ. սրանք գործընթացներ են, որոնք տասնամյակներ շարունակ կյանքի է կոչում ամբիոնը` ջանքերն ուղղելով էնդոկրին պաթոլոգիաների դեմ արդյունավետ պայքարին մեր երկրում:
Ինչպես կոնֆերանսի անվանումն է վկայում՝ էնդոկրինոլոգիան անչափ գրավիչ աշխարհ է մասնագիտական դիտակետից: Ոլորտի մասնագետներ ամենօրյա պրակտիկայում առնչվում են էնդոկրինոլոգիային՝ հորմոնների և հորմոնային համակարգի մասին գիտությանը, որը ուսումնասիրում է, թե ինչպես են հորմոնները կարգավորում մարդու օրգանիզմի աճը, նյութափոխանակությունը, վերարտադրողական գործառույթը, էներգիայի ծախսը և բազմաթիվ այլ կենսական գործընթացներ։
Գիտական հատվածում քննարկվող թեմաները լայն են ու բազմազան:
Նիստը նախագահում էր ԵՊԲՀ էնդոկրինոլոգիական ամբիոնի դասախոս, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի բժիշկ-էնդոկրինոլոգ Գայանե Բայբուրդյանը, ում ուշադրության կենտրոնում «Հիրսուիտիզմը կլինիկական պրակտիկայում. պաթոգենեզից և դեղորայքային թերապիայից մինչև գեղագիտական շտկում» թեման էր:
Ոլորտի առաջատար մասնագետները երկօրյա համագումարի ընթացքում խոսեցին «Մենոպաուզա և փոխարինող հորմոնալ թերապիա», «Երբ հղիությունը հանդիպում է հիպոֆիզի ադենոմային. կլինիկական մարտահրավերներ և ժամանակակից լուծումներ», «Մանկականից դեպի մեծահասակների էնդոկրինոլոգիա. Թերների համախտանիշի անցումային խնամքի ժամանակակից մոտեցումները Հայաստանում», «Ադրենոգենիտալ համախտանիշը նորածինների մոտ. Սքրինինգը որպես կյանք փրկող գործիք», «Բիոակտիվ հավելումներ և էնդոկրինոլոգիա», «Վահանաձև գեղձի հիվանդությունների համաճարակաբանական առանձնահատկությունները 16–18 տարեկան տղաների շրջանում Հայաստանում», «Հիպոթիրեոզի դիմակները» «Առաջնային հիպերպարաթիրեոզի վիրահատական կառավարումը. Նախավիրահատական ախտորոշումից մինչև հետվիրահատական հսկողություն», «Ծարավ, որը փոխանցվում է սերնդեսերունդ. Անգիոտենզին-վազոպրեսինային անբավարարություն»,«Շմիդտի համախտանիշ. Վահանաձև գեղձի և մակերիկամների աուտոիմուն ախտահարումների համակցված դրսևորում», «Ֆեոքրոմացիտոմա. արյունոտ աչքերով լարախաղացը», «Հիպոֆիզի ուռուցքային և ոչ ուռուցքային ախտահարումներ» կարևոր թեմաների շուրջ:
Թեմաների ավարտին կլինիկական դեպքի քննարկում ներկայացրեց կլինիկական օրդինատոր։
Կոնֆերանսը նախաձեռնել էին ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնը և Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիան: Միջոցառումը ներկայացված է ՇՄԶ կրեդիտավորման։