Բարի՛ գալուստ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Բարի՛ գալուստ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Առաջին կուրսեցիների դիմավորման  գեղեցիկ միջոցառմամբ բժշկական համալսարանում ազդարարվեց 2026-2027 ուսումնական տարվա մեկնարկը:

Այսօրվանից 588 առաջին կուրսի ուսանող համալրեց բժշկական համալսարանի մեծ ընտանիքը:

«Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, քոլեջի սիրելի՛ սովորողներ, պրոֆեսորադասախոսական կազմի հարգարժա՛ն անդամներ, հարգելի՛ ներկաներ, այսօր մեզ համար հիշարժան օրերից է: Մեր հերացիական ընտանիքը համալրվում է նոր անդամներով, մարդկանցով, ովքեր տարիներ անց պետք է կարողանան սփոփել, բուժել, կարեկցել և արժանապատիվ հասարակության անդամներ դառնալ: Առանձնահատուկ կարևորում եմ մեր երկրում բժիշկների դերը և տեղը:

Սիրելի՛ հերացիականներ, այսօր դուք առաջին անգամ հագել եք այս ճերմակ խալաթները, որոնք խորհրդանշում են, որ դուք այլևս պատկանում եք հերացիականների ընտանիքին, սա և՛ շատ մեծ առավելություն է, և՛ վիթխարի պատասխանատվություն է: Սա նշանակում է, որ ձեր ապագա կյանքում այս պատասխանատվությունը ձեզ թելադրելու է բացառիկ հմտություններ և ակադեմիական ժամանակակից գիտելիք, գթասրտություն և կարգապահություն», – ողջունելով բոլորին` ասաց ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը` հատուկ շեշտելով, որ հերացիական ընտանիքն ունի դարավոր ավանդույթներ:

«Մեծարելով մեր ուսուցիչներին` մենք մեծ տեղ ենք տալիս մեր ապագային: Եվ այս համաստեղության մեջ ձեր ներդաշնակ ներգրավվածությունը, կարծում եմ, որ իր ուրույն տեղը կգտնի: Պետք է կարողանաք գնահատել այս միջավայրը, ուսուցիչներին, այն մարդկանց, ովքեր մեկ դար մեր ժողովրդի և հեռավոր ժողովուրդների համար ձևավորել են բժշկական սպիտակ բանակ: Ձեր աչքի առջև է տարիներ առաջ տեղի ունեցած արհավիրքը, որը համաճարակի պես եկավ և անցավ: Այս համալսարանն իր բժիշկներով, ամենօրյա աշխատանքով շատ ամուր կանգնեց ժողովրդի թիկունքին, փոքր և մեծ սխրանքներով այս մարդիկ կարողացան լինել բուժողներ, սփոփողներ, մարդիկ, ովքեր իրենց բարությամբ և գթասրտությամբ, մարդասիրությամբ և հասարակության առջև իրենց բարձր պատասխանատվությամբ կարողացան համալրել մեր հասարակությունը և ձևավորել այսօրվա մեր առանցքային, կարևոր մտավորականության մասը՝ բժշկությունը», – ընդգծեց բժշկական բուհի ղեկավարը` շնորհավորելով և մաղթելով  բարի երթ:

Հաջորդիվ նորեկների` ուսումնական գործընթացին վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխանները կրթության պատասխանատուներն ըստ ֆակուլտետների տվեցին լսարաններում:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը, Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանը, Դեղագիտական ֆակուլտետի դեկան Բագրատ Ենոքյանը, Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանը, ԵՊԲՀ քոլեջի տնօրեն Վահե Այվազյանը և ուսումնական գործընթացների մյուս պատասխանատուները, ողջունելով առաջին կուրսի ուսանողների մուտքը բժշկական բուհ, մանրամասն,  քայլ առ քայլ ներկայացրին առաջին կուրսեցիներին  դասավանդվող առարկաների ցանկը, քննությունների անցկացման ժամանակացույցը, ֆակուլտետի աշխատակազմին,  ուսանողական ակտիվին: Հանգամանալից խոսվեց կարգապահությանը, իրավունքներին և պարտականություններին առնչվող մի շարք հարցերի մասին:

Բժշկական կրթօջախում, գիտելիքից զատ,  առանձնակի կարևորվում են նաև մարդկային հատկանիշները, որոնք անհրաժեշտ են մարդասիրական այս մասնագիտությունն ընտրելիս:

Սիրելի’ առաջին կուրսեցիներ, կարճ ժամանակ հետո, ինչպես Կանաչ նստարանների հատվածը, որտեղ անցկացվեց  միջոցառումը, այնպես էլ համալսարանական մյուս տարածքներն ու մասնաշենքերը  ձեզ հարազատ են դառնալու: Սպիտակ խալաթը, որն այսօրվանից կրում եք, պարզապես բժշկական մասնագիտության խորհրդանիշ չէ այն գիտելիքի, պատասխանատվության, նվիրումի և մարդուն օգնելու պատրաստակամության խորհրդանիշն է։

Այսօր ձեր առջև բացվում է նոր ու կարևոր ճանապարհ՝ լի գիտելիքով, նոր բացահայտումներով, ընկերներով և գեղեցիկ հիշողություններով։