ԵՊԲՀ ընդունելություն 2026. դիմորդներին հետաքրքրող կարևոր հարցերի պատասխանները

ԵՊԲՀ ընդունելություն 2026. դիմորդներին հետաքրքրող կարևոր հարցերի պատասխանները

Ինչպես հայտնի է, հուլիսի 18-ին կհրապարակվեն 2026-2027 ուսումնական տարվա բուհերի ընդունելության քննությունների արդյունքները։ Ընդունելության գործընթացի և դիմորդներին հետաքրքրող հարցերի շուրջ Aysor.am-ը զրուցել է ԵՊԲՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, բժշկական մանրէաբանության ամբիոնի վարիչ, դոցենտ Կոստանդին Մանուկյանի հետ։

1. Պարոն Մանուկյան, մեկ անգամ ևս անդրադառնանք ընդունելության գործընթացին։ Այժմ ի՞նչ փուլում է ընդունելությունը ԵՊԲՀ-ում։

– Ընդունելության գործընթացը կազմակերպում է Գնահատման և թեստավորման կենտրոնը՝ բուհերի հետ համագործակցությամբ։

Քննությունների առաջին փուլը եղել է հունվար-փետրվար ամիսներին։ Այդ ժամանակ դիմորդը լրացնում է քննություն հանձնելու հայտը, իսկ արդեն ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը Dimord.am հարթակում լրացնում է առցանց հայտը՝ քննություն հանձնելու և մրցույթին մասնակցելու համար։

Ձմռանը քննություն հանձնած դիմորդը կարող է ամռանը կրկին քննություն հանձնել և մասնակցել մրցույթին՝ պահպանելով նաև իր նախկին միավորը։

Պետք է նկատի ունենալ, որ դիմում-հայտը լրացվում է միայն մեկ անգամ՝ կամ առաջին, կամ երկրորդ փուլում։ Միևնույն դիմորդը երկու դիմում-հայտ չի կարող լրացնել, հակառակ դեպքում կհեռացվի բազայից՝ հետագայում ևս դիմում-հայտ լրացնելու հնարավորությունից զրկվելով։

Կա նաև լրացուցիչ փուլ, որը սկսվում է հուլիսի 20-ից։ ԳԹԿ-ի կայքում հրապարակվում է այն մասնագիտությունների ցանկը, որտեղ առկա են թափուր տեղեր։ Երկու դրական գնահատական ունեցող դիմորդները կարող են կրկին հայտագրվել՝ արդեն ընտրելով մինչև 6 մասնագիտություն և կրկին մասնակցելով մրցույթին։

Մրցույթն իրականացվում է քննությունների գնահատականների գումարով։ Դրական գնահատական է համարվում 7,5 և ավելի միավորը։ Առավելագույն՝ 20 միավորից սկսած, դիմորդները դասավորվում են նվազման կարգով, նախ լրացվում են անվճար, ապա՝ վճարովի տեղերը։

Այս պահին ընթանում է երկրորդ փուլով ընդունելությունը օտարերկրյա քաղաքացիների և բանակից զորացրվածների համար։ Դա հնարավորություն է տալիս, որպեսզի բանակից զորացրվածները ուսումնական տարի չկորցնեն, իսկ օտարերկրյա դիմորդները, որոնք դպրոցն ավելի ուշ են ավարտում և չեն կարող հայերենով քննություն հանձնել, քննություն հանձնեն ԳԹԿ-ի նույն թեստերով՝ ռուսերենով։ Շատ հազվադեպ այս փուլին մասնակցում են նաև այն դիմորդները, որոնք հարգելի պատճառով բացակայել են հիմնական փուլից, նրանց դիմումները հաստատվել են, և նրանք ևս հանձնում են քննությունները։

Երկրորդ փուլով քննություն հանձնող օտարերկրյա դիմորդները բավականին քիչ են։ Եթե նախորդ տարիներին նրանց թիվը գերազանցում էր 100-ը, ապա այս տարի ընդամենը 33 է։

2. Ի՞նչ պատկեր ունենք այս տարվա դիմորդների թվի վերաբերյալ, ինչպե՞ս է բաշխվել ընդունելությունը տարբեր ֆակուլտետներում և ի՞նչ միտումներ եք տեսնում։

–Բժշկական համալսարան ընդունվելու համար դիմորդն իր ընտրությամբ հանձնում է երկու միասնական քննություն՝ երեք հնարավոր առարկաներից՝ «Ֆիզիկա», «Քիմիա» կամ «Կենսաբանություն»։

ԵՊԲՀ դիմորդը, որպես կանոն, հստակ է իր որոշման մեջ։ Մեկ օրում չեն որոշում դիմել բժշկական համալսարան։ Դիմելուց դեռ մի քանի տարի առաջ երեխաներն արդեն գիտեն, որ ցանկանում են սովորել բժշկականում, նպատակային պարապում են, աշխատում իրենց վրա։ Թերևս հենց դա է պատճառը, որ այստեղ վիճակագրությունը տարիների ընթացքում էական փոփոխությունների չի ենթարկվում։

Առաջին փուլով ԵՊԲՀ-ն ունեցել է 1270 դիմորդ։ Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 100-ով։

Այս տարի 833 դիմորդ դիմել է Բուժական գործ» ֆակուլտետ, 319-ը՝ Ստոմատոլոգիական ֆակուլտետ, 25-ը՝ Ռազմական բժշկության ֆակուլտետ, 93-ը՝ Դեղագիտական ֆակուլտետ։

Ընդհանուր առմամբ, բուհում վիճակագրությունը գրեթե չի փոխվում։ Այս տարի հատկապես աճել է Բուժական գործ ֆակուլտետ դիմողների թիվը։ Հիմնական տարբերությունն այն է, որ Դեղագիտական ֆակուլտետում բավականին լուրջ մրցույթ է լինելու, որովհետև տեղերի թիվը 45 է, իսկ դիմորդները՝ գրեթե կրկնակի ավելի։ Նախորդ տարիներին այս ֆակուլտետ դիմողների թիվը նույնիսկ սահմանված տեղերից քիչ էր լինում։

Կարծում եմ՝ սա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ վերջին տարիներին Դեղագիտական ֆակուլտետում տեղերի թիվը զգալիորեն կրճատվել է։ Եթե երեք տարի առաջ ունեինք 95 տեղ, ապա այժմ ունենք 45։ Տարիներ շարունակ թափուր տեղեր էին մնում, ուստի որոշվեց կրճատել տեղերի քանակը, որպեսզի անտեղի թափուր տեղեր չմնան։ Ենթադրում եմ, որ այս տարի արդեն թափուր տեղեր չեն մնա։

3. Անվճար և վճարովի ուսուցման տեղերն ինչպե՞ս են բաշխվել այս տարի, և ի՞նչ պետք է իմանան դիմորդները մրցույթի առանձնահատկությունների մասին։

– Բուժական գործ ֆակուլտետում վճարովի տեղերը 300-ն են, իսկ անվճար տեղերը՝ ընդամենը 60-ը, որից 47-ը հատկացված է նպատակային ուսուցմանը։

Դիմորդները ներկայացնում են մարզպետարանի կողմից տրված անվանական միջնորդագիր այն մասին, որ տվյալ մարզում առկա է Բուժական գործ մասնագիտությամբ բժշկի անհրաժեշտություն։ Քննությունների ավարտից հետո յուրաքանչյուր մարզի նպատակային տեղերի հավակնորդների միջև անցկացվում է մրցույթ։ Առավելագույն միավորներ հավաքած հինգ դիմորդներն ընդունվում են անվճար համակարգ, իսկ մյուսները նույն միավորներով մասնակցում են վճարովի տեղերի ընդհանուր մրցույթին։

Այս ծրագրի նպատակը մարզերը բժշկական կադրերով ապահովելն է։ Բոլոր մարզերին հատկացվել է 5-ական տեղ, իսկ Կոտայքի մարզին՝ 2։

Այսինքն՝ Բուժական գործ ֆակուլտետում, մեծ հաշվով, շուրջ 800 դիմորդ պայքարելու է ընդամենը 13 ընդհանուր անվճար տեղի համար։

Ստոմատոլոգիական ֆակուլտետում 100 տեղը վճարովի է, 7-ը՝ անվճար, Դեղագիտական ֆակուլտետում՝ 40-ը վճարովի, 5-ը՝ անվճար, իսկ Ռազմական բժշկության ֆակուլտետում նախատեսված է միայն անվճար ուսուցում՝ 20 տեղ։

Մեկ տեղի համար Ստոմատոլոգիական ֆակուլտետում կպայքարի ավելի քան 3 դիմորդ, Բուժական գործ ֆակուլտետում՝ 2,3, Դեղագիտական ֆակուլտետում՝ 2,1։

4. Անցողիկ շեմի թեման միշտ մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Վաղուց արդեն միայն դրական միավորներով բժշկական ընդունվել հնարավոր չէ, մրցակցությունը թեժ է։ Ինչպե՞ս է այն ձևավորվում, և հնարավո՞ր է նախապես կանխատեսել, թե որ մասնագիտությունների դեպքում այն կլինի ավելի բարձր կամ ցածր։

– Անցողիկ շեմը ձևավորվում է քննությունների ավարտից հետո, երբ դրական գնահատական ստացած դիմորդների ցանկը կազմվում է միավորների նվազման կարգով։ Այն միավորը, որով լրացվում են տվյալ մասնագիտության տեղերը, դա էլ համարվում է անցողիկ շեմ։

Փաստացի որևէ նախապես սահմանված շեմ գոյություն չունի։ «Անցողիկ շեմ» արտահայտությունն ավելի շատ ժողովրդի մեջ տարածված ձևակերպում է։ Այն հնարավոր չէ կանխատեսել։ Տարիների ընթացքում անվճար տեղի համար անցողիկ շեմը չի իջել 39,5-ից, իսկ վճարովի համակարգում ամենացածրը եղել է 12 տարի առաջ՝ 24 միավորը։ Դրանից հետո այն կազմել է 26-28, նախորդ տարի՝ 29, իսկ այս տարի, կարծում եմ, ավելի բարձր կլինի։

5. Ովքե՞ր կարող են արտոնյալ պայմաններով մասնակցել մրցույթին, և ի՞նչ հիմքերով են այդ արտոնությունները տրամադրվում։

– Արտոնյալ պայմաններով մրցույթին կարող են մասնակցել կամ առանց մրցույթի ընդունվել նախ նպատակային ուղեգիր ունեցող դիմորդները։

Հաջորդ խումբը զոհված զինծառայողների մինչև 27 տարեկան երեխաներն ու ծնողներն են։ Նրանք մասնակցում են քննություններին և երկու դրական գնահատականի դեպքում ընդունվում են անվճար համակարգ՝ առանց մրցույթի։

Հաջորդ խմբում ընդգրկված են առողջական խնդիրներ ունեցող դիմորդներն ու երկկողմանի ծնողազուրկ ճանաչված դիմորդները։ Առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, վճարովի համակարգի անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում, ընդունվում են, սակայն սովորում են անվճար համակարգում։ Նույնը վերաբերում է նաև երկկողմանի ծնողազուրկ երեխաներին, որոնք ևս պետք է առնվազն հաղթահարեն վճարովի համակարգի անցողիկ շեմը։

Արտոնյալ խմբում են նաև բանակից զորացրվածները։ Նրանք զորացրվելուց հետո մեկ տարվա ընթացքում քննություն հանձնելով և դրական միավորներ հավաքելով՝ ընդունվում են վճարովի համակարգ՝ առանց մրցույթի, իսկ անվճար տեղերի մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով։

Կա նաև ևս մեկ խումբ՝ միջազգային օլիմպիադաներում առաջինից երրորդ տեղ զբաղեցրած մասնակիցները, հիմնականում՝ կենսաբանության և քիմիայի գծով։ Նրանք ընդունվում են առանց քննությունների՝ կառավարության պահուստային անվճար տեղերի հաշվին։

6. Որո՞նք են ամենատարածված սխալները, որոնք դիմորդները թույլ են տալիս հայտագրման կամ ընդունելության գործընթացում։

– Այսօրվա համակարգն այնպես է կառուցված, որ դիմումների մոտ 90 տոկոսը լրացվում է ճիշտ։ Եթե հայտը սխալ է լրացված, համակարգն այն պարզապես չի ընդունում։

Սխալներ հիմնականում լինում են արտոնությունները նշելիս։ Հաճախ երեխաները կարդում են պայմանները, բայց ճիշտ չեն ընկալում դրանք։ Օրինակ՝ կարծում են, թե առողջական խնդիրը կարող է վերաբերել ծնողին, մինչդեռ օրենքով այն պետք է վերաբերի հենց դիմորդին։

7. Եվ վերջում՝ կխնդրեմ կիսվել ընդունելության շրջանի որևէ խորհրդանշական կամ զավեշտալի հիշողությամբ։ Եվ ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր սրտի տրոփյունով սպասում են ընդունելության արդյունքներին։

– Մոտ 20 տարի է՝ աշխատում եմ այս ոլորտում, բազմաթիվ զավեշտալի դեպքեր են եղել։ Հիշեցի, օրինակ, մի տղայի, որը մեղր էր բերել և խնդրում էր իրեն ընդունել ԵՊԲՀ։ Անհնար էր նրան համոզել, որ այդպես չի լինում։ Շատ սիրալիր ճանապարհեցի՝ ասելով. «Մեղրդ տար ու կեր, հիշողությունդ լավանա, գիտելիքդ ավելանա, որ կարողանաս սովորել»։ Իրոք անհնար էր նրան համոզել, որ այդ ճանապարհով ընդունվել հնարավոր չէ։

Իսկ դիմորդներին կասեմ՝ ընդունելության արդյունքով կյանքը չի ավարտվում։ Եթե նույնիսկ այս անգամ հաջողությունը չժպտա, դեռ շատ ժամանակ ունեն իրենց նպատակին հասնելու, սխալները շտկելու, նորից փորձելու։ Պետք է միայն կամք, համառություն և աշխատասիրություն։ Ամեն ինչ լավ կլինի։ Կարևոր չէ, որ դա լինի հենց առաջին տարում։

Սկզբնաղբյուր