Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունեց Միացյալ Նահանգների Սեդար Սինայ (Cedars Sinai International) բժշկական և գիտահետազոտական կենտրոնի EMEA (Europe, Middle East, and Africa) ուղղությունների գլխավոր տնօրեն Թալիպ Քուրումեհմետի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` բուհի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց շարունակելու և խորացնելու համագործակցությունն աշխարհի առաջատար կենտրոններից մեկի հետ` ստորագրելով կարողությունների և հնարավոր ուղղությունների շրջանակային փաստաթուղթ:
Արմեն Մուրադյանը մատնանշեց հինգ հիմնական ուղղություն` բժշկական կրթություն և մասնագիտական զարգացում, սիմուլյացիոն կենտրոնի զարգացում, ռոբոտային վիրաբուժության կրթություն, կլինիկական հետազոտություններ և ակադեմիական համագործակցություն, հեռաբժշկություն և մուլտիդիսցիպլինար համագործակցություն:
Ռեկտորը հույս հայտնեց, որ նման հեղինակավոր բժշկական հաստատությունը լայնածավալ մասնակցություն կունենա հաջորդ տարվա հուլիսի 8-10-ը Երևանում կայանալիք Համահայկական բժշկական համաշխարհային կոնգրեսին (Armenian Medical World Congress-2027), որը կհամախմբի հայ բժշկագիտական միտքը մեկ հարթակում` միավորելով աշխարհի տարբեր երկրներից ժամանած անվանի բժիշկ-գիտնականների, հետազոտողների, դասախոսների, կլինիկական մասնագետների և սովորողների։
Թալիպ Քուրումեհմետը գոհունակություն հայտնեց երկկողմ գործակցության արդյունավետությամբ:
Նա ցանկություն հայտնեց ռեկտոր Մուրադյանի կողմից առանձնացված ուղղություններին ավելացնել ևս մեկը` կլինիկական դեպքերի (case) քննարկումները, քանի որ, ըստ նրա, գործակցության գերնպատակը պացիենտներին լավագույն բուժում ապահովելն է: «Մենք ակտիվորեն նախապատրաստում ենք համագործակցության իրավական փաստաթղթերը և վստահ ենք, որ մինչև տարվա ավարտը այն կստորագրվի», – ավելացրեց Թալիպ Քուրումեհմետը:
Բժշկական բուհի ղեկավարը ողջունեց կլինիկական դեպքերի համատեղ քննարկման գաղափարը` ընդգծելով, որ այդպիսի քննարկումները շատ լավ կամուրջ կհանդիսանան, և ԵՊԲՀ շրջանավարտները, որոնք աշխատում են Cedars Sinai International կենտրոնում, շատ արագ կհարթեն ծագող հնարավոր խնդիրներն ու մարտահրավերները:
ԱՄՆ-ից ժամանած մասնագետներն այցելեցին նաև համալսարանական տարբեր ստորաբաժանումներ` համակարգչային լսարան, ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների կենտրոն, ինչպես նաև «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն: