Երեսուն տարի անց՝ կրկին Alma mater-ում

Երեսուն տարի անց՝ կրկին Alma mater-ում

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի (ռուսական խումբ) 1996 թվականի շրջանավարտները սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի օրը, հարազատ կրթօջախում էին:

Ավարտելու 30-ամյա հոբելյանը առիթ հանդիսացավ խորհրդանշական այս օրը հանդիպել միմյանց Alma mater–ում: Բժշկագիտության, այլ ոլորտներում հաջողության հասած անվանի մասնագետներ, երկար ճանապարհ անցնելով աշխարհի տարբեր անկյուններից, եկել էին մայր բուհ:

Ուսանողական տարիների մասին համատեղ հիշողություններով, հումորով և ջերմությամբ էր լեցուն Էմիլ Գաբրիելյանի անվան 4-րդ լսարանում հրավիրված հանդիպումը:

Շրջանավարտներին ողջունեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ շնորհավորելով բոլորին Անկախության օրվա առթիվ:

«Սիրելի շրջանավարտներ, մեզ համար շատ կարևոր օր է, որովհետև յուրաքանչյուր համալսարան հարուստ է շրջանավարտներով: Մենք, անշուշտ, հպարտանում ենք ձեզանով, և դուք էլ պետք է հպարտանաք և շարունակեք հպարտանալ ձեր մայր բուհով: Այս շենքը 100 տարի ամուր կանգնած է եղել մեր ժողովրդի թիկունքին բոլոր հնարավոր արհավիրքներին, պատերազմներին, համաճարակներին, իրադարձություններին, եղել է մտավորականության կենտրոն:
Բոլորդ երազանքներ եք ունեցել այս շենքում: Անցել են երկար տարիներ, ձեր ընդունելության պահից անցել է 36 տարի: Մեզ համար կարևոր է, որ շրջանավարտները հավաքվում են, ունենք շրջանավարտների միություն, և ես շատ կցանկանայի, որ դուք ևս մասնակից լինեք այդ աշխատանքներին»,– ասաց բուհի ղեկավարը՝ համառոտ ներկայացնելով համալսարանի անցած ճանապարհը վերջին տասնամյակում՝ սկսած միջազգային ծրագրային հավատարմագրումից մինչև բարեփոխումներ, ընդունելության ցուցանիշներ, համալրումներ, լսարանային հիմնանորոգումներ ու բազմաթիվ մասշտաբային նախաձեռնություններ:

Նա առանձնակի կարևորվեց նաև «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի գործունեությունն ու առաքելությունը: Արմեն Մուրադյանը կոչ արեց շրջանավարտներին միանալ նաև 2027 թվականի հուլիսի 8–10-ը Երևանում, բժշկական համալսարանում կայանալիք Armenian Medical World Congress 2027-ին:

Մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Գալստյանը, ով այժմ մասնագիտական գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում, պատմեց այս հանդիպման նախապատմության մասին՝ նշելով, որ երբ մայիսին Երևանում էր, հանդիպել էր համակուրսեցիներին, և միասին որոշեցինք համախմբել բոլորին:

«Այսօր շատ լավ ժամանակ ենք անցկացնելու: Շատ հիշողություններ և շատ էմոցիաներ»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով ԵՊԲՀ ղեկավարությանը, ոչ աշխատանքային, տոնական օրը բուհում այս միջոցառման անցկացման հնարավորությունն ընձեռելու համար:

Ուրոլոգ Արթուր Գրաբսկին ելույթում հիշեցրեց, որ իրենց կուրսը Բուժական գործ մասնագիտացմամբ ռուսական վերջին հոսքն էր:

Դեռևս Խորհրդային Միության ժամանակահատվածում ինստիտուտ ընդունելությունից մինչև ուսումնառության ավարտ մի շարք գլոբալ փոփոխություններ տեղի ունեցան երկրում, տարածաշրջանում:

«Սովորելու երկրորդ, երրորդ կուրսում չկար գազ, լույս, բայց ի պատիվ Վիլեն Պարույրովիչի, ափսոս, որ նա այսօր չկարողացավ գալ, մեր ինստիտուտը, այսպես ասած, ստաբիլության կղզյակ էր: Այստեղ կար էլեկտրամատակարարում, որոշ լսարաններ ջեռուցվում էին, և ամենակարևորը՝ մեր համակուրսեցիները, որոնք Երևանից չէին, ունեին հնարավորություն մատչելի արժեքով սնվել ճաշարանում, որովհետև այդ ճաշարանը լեգենդար էր, և սննդի արժեքը հասանելի էր այն ժամանակվա համար, սա ղեկավարության շնորհիվ էր, որը պահպանել էր այդ պայմանները»,– հիշեց Արթուր Գրաբսկին՝ ընդգծելով, որ սա դարաշրջանի փոփոխություն էր, իսկ հաջորդիվ նա խոսեց նաև պատերազմների մասին, այս համատեքստում ընդգծելով «Զինվորի տան» կարևորությունը, որովհետև, ինչպես ցույց տվեց կյանքը, բուժելուց բացի կարևոր է նաև զինհաշմանդամների վերականգնումն ու սոցիալական ինտեգրումը, վերադարձը հասարակություն:

ԵՊԲՀ 1996 թվականի շրջանավարտների թվում էր հումորիստ և հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը:

«Ամեն անգամ, երբ գալիս ենք այստեղ, հիշում ենք այն լավ տարիները, դժվարին ժամանակներում վառ հիշողություններ, լավ օրերն այստեղ անցկացրած: Երիտասարդ էինք և երևի չէինք հասկանում այն ահավոր օրերը, որ ունեինք: Վիլեն Պարույրովիչը և մնացած դասախոսները այնպիսի պայմաններ էին ստեղծել մեզ համար, որ մենք չէինք էլ զգում այդ դժվարությունները: Շատ ուրախ եմ, որ այստեղ ենք, և եթե հնարավորություն լինի, կարելի է հանդիպել նաև տասը տարի անց, որովհետև շատ հետաքրքիր է, թե ինչպես ենք փոխվելու 63 տարեկանում»:

Կրկին ԱՄՆ-ից նյարդավիրաբույժ Միքայել Գրիգորյանը, ով մշտապես հայ կոլեգաների հետ ակտիվ մասնագիտական կապի մեջ է, ջերմ ողջունեց բոլոր ընկերներին, կուրսընկերներին, որոնց տասնյակ տարիներ անց տեսնելը մեծ ուրախություն է:

Հանդիպումը եզրափակվեց համատեղ խմբային լուսանկարով, որը տարիներ անց կհիշեցնի համալսարանում անցկացրած գեղեցիկ ակնթարթի մասին: