Բժշկական մայր բուհում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մասնագետները «Առողջապահության կազմակերպումը արտակարգ իրավիճակներում» դասընթացի շրջանակում ուսանողների համար անցկացրել են մեկօրյա գործնական դասընթաց՝ նվիրված զանգվածային տուժածներ արտակարգ իրավիճակների կառավարմանն ու արդյունավետ արձագանքմանը։
«Արդեն երկու տարի համագործակցում ենք Հանրային առողջության ֆակուլտետի հրավիրված դասախոս Գասպար Թաշչյանի հետ, ով հանդիսանում է մեր բուհի շրջանավարտը: Նա մշակել է առողջապահության կազմակերպում արտակարգ իրավիճակներում դասընթացը, որը էլեկտիվ դասընթաց է, սակայն ամեն տարի մեծ թվով ուսանողներ ընտրում են հենց այդ դասընթացը, ինչը հաջողությամբ իրականացավում է և ունենք դրական արձագանք»,-նշեց Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը:
Գասպար Թաշչյանը երկար տարիներ աշխատել է Կարմիր խաչում, և իր նախաձեռնությամբ բժշկական համալսարանը համագործակցում է Կարմիր խաչի հետ: Ստորագրվել է համագործակցության համաձայնագիր բուհի և Կարմիր խաչի միջև:
«Կարմիր խաչի մասնագետները մեր ուսանողների համար մեկ օր անցկացրել են դասընթաց, որը վերաբերում է առողջապահության կազմակերպմանը արտակարգ իրավիճակում: Ներկայացվել է՝ ինչպես նախապատրաստվել արտակարգ իրավիճակներին, այդպես էլ տեղի ունեցած արտակարգ իրավիճակներում կազմակերպել ճիշտ միջոցառումներ»,-հույս հայտնելով, որ առաջիկայում ևս դասընթացը շարունակական կլինի ասաց դեկանը՝ ընդգծելով՝ ֆակուլտետի համագործակցությունը Կարմիր խաչի հետ արդյունավետ է, մասնագետները փոխանցում են այդ պրակտիկ, դաշտային գիտելիքը լսարանում՝ ապահովելով գործնական բաղադրիչ:
«Հրավիրել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչներին, որոնք մեզ հետ մեկօրյա դասընթաց են անցկացնում՝ հիմնականում զանգվածային զոհերով արտակարգ իրավիճակների կառավարման վերաբերյալ։ Փորձում ենք ուսանողներին ներկայացնել նաև Emergo Train System մեթոդաբանությունը, որը մի քանի տարի առաջ առաջին անգամ ներդրվել է Շվեդիայում։ Այն հնարավորություն է տալիս արտակարգ իրավիճակների և աղետների կառավարմանն ուղղված մեծածավալ դաշտային վարժանքները կազմակերպել սենյակային պայմաններում՝ առանձին սրահում։ Այդտեղ արտակարգ իրավիճակների կառավարման մեջ ներգրավված բոլոր կողմերը կարող են հավաքվել սեղանի շուրջ, մագնիսների միջոցով գրատախտակի վրա ներկայացնել իրավիճակը և մշակել տարբեր սցենարներ, օրինակ՝ երկրաշարժի և այլ դեպքում գործողությունների կազմակերպման տարբերակներ»,- պատմեց «Առողջապահության կազմակերպումը արտակարգ իրավիճակներում» դասընթացի համակարգող Գասպար Թաշչյանը։
«Ուրախ եմ միանալ առողջապահության՝ արտակարգ իրավիճակներին նվիրված դասընթացին։ Մենք այս ոլորտում մեծ փորձ ունենք և մեծ ուրախությամբ կիսվում ենք մեր փորձառությամբ բժշկական համալսարանի ուսանողների հետ։ Շտաբային վարժանքներ անցկացնելու համար օգտագործվում են ժամանակակից գործիքներ։ Թեմայի նկատմամբ մեծ հետաքրքրություն կար, և համոզված եմ, որ աստիճանաբար այդ հետաքրքրությունը կվերածվի գործնական ու նշանակալի գիտելիքի։ Մենք ունեցանք 14 դեր, որոնք բաշխվեցին մասնակիցների միջև։ Նրանք մոտ մեկ ժամվա ընթացքում իրականացրեցին իրենց դերերի պարտականությունները՝ արձագանքելով ստեղծված արտակարգ իրավիճակին»,- մանրամասնեց Գեղամ Պետրոսյանը։