Կրթված, նախաձեռնող և պատասխանատու երիտասարդությունը երկրի զարգացման կարևորագույն ներուժներից է։
1939 թվականին՝ նացիստական օկուպացիայի ժամանակ, Պրահայում տեղի ունեցած ցույցերից մեկի ընթացքում ծանր վիրավորվեց բժշկական համալսարանի ուսանող Յան Օպլետալը։ Նա մահացավ նոյեմբերի 11-ին: Նոյեմբերի 15-ին նրա հուղարկավորությունը վերածվեց բազմահազարանոց հակաօկուպացիոն ցույցի։ Ի պատասխան՝ նոյեմբերի 17-ին նացիստական իշխանությունները փակեցին չեխական բարձրագույն ուսումնական հաստատությունները, ավելի քան 1200 ուսանողների ուղարկեցին համակենտրոնացման ճամբարներ, իսկ ուսանողական շարժման ինը ներկայացուցիչների և դասախոսների մահապատժի ենթարկեցին։ Այս ողբերգական իրադարձությունների հիշատակին 1941 թվականին Լոնդոնում նոյեմբերի 17-ը հռչակվեց Ուսանողության միջազգային օր։ Այդ օրերին ձերբակալված ուսանողների թվում էր նաև քիմիա ուսումնասիրող Յարոսլավ Ֆրանցը։ Նա տեղափոխվեց համակենտրոնացման ճամբար, սակայն կարողացավ ողջ մնալ։ Ազատ արձակվելուց հետո աշխատեց կաթնամթերքի արտադրամասում, իսկ պատերազմի ավարտից հետո վերադարձավ համալսարան, ավարտեց ուսումը և հետագայում դարձավ ճանաչված քիմիկոս՝ ունենալով տասնյակ գիտական արտոնագրեր։ Նրա պատմությունը վկայում է, որ նույնիսկ ամենածանր հանգամանքներում կրթության և գիտելիքի նկատմամբ ձգտումը կարող է պահպանվել։
Հետաքրքիր է նաև, որ ուղիղ 50 տարի անց՝ 1989 թվականի նոյեմբերի 17-ին, Պրահայում ուսանողական ցույցերը նպաստեցին Թավշյա հեղափոխության մեկնարկին, որն ի վերջո հանգեցրեց Չեխոսլովակիայում կոմունիստական վարչակարգի տապալմանը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ 2026 թվականին հրապարակված «Բարձրագույն կրթության համաշխարհային միտումները» զեկույցի համաձայն՝
Մտահոգիչ է նաև այն, որ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով, 2025 թվականին բարձրագույն կրթության հասանելիություն ուներ փախստականների համապատասխան տարիքային խմբի միայն 9%-ը։ Այս թվերը ցույց են տալիս, որ չնայած աշխարհում ուսանողների թվի շարունակական աճին՝ որակյալ և հասանելի կրթությունն առայժմ հավասարապես ապահովված չէ բոլորի համար։
Հայաստանում բարձրագույն կրթությունը շարունակում է կարևոր դեր ունենալ երիտասարդների մասնագիտական կայացման և երկրի գիտական ներուժի զարգացման գործում։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2025 թվականին բարձրագույն կրթության առաջին աստիճանի ծրագրերում սովորել է 78․897 ուսանող։ Միևնույն ժամանակ, 2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքում Հայաստանի պետական և ոչ պետական բուհեր է ընդունվել 10․958 առաջին կուրսեցի։ Ուշագրավ է նաև կրթական հնարավորությունների աշխարհագրական բաշխվածությունը։ 2024-2025 ուսումնական տարում բուհերի ուսանողների շուրջ 87%-ը սովորել է Երևանում, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է մարզերում բարձրագույն կրթության հասանելիության և կրթական հնարավորությունների ընդլայնման կարևորությունը։
Ցուցանիշները հիշեցնում են, որ կրթության զարգացումը միայն ուսանողների թվի աճով չի չափվում։ Նույնքան կարևոր են կրթության որակը, հավասար հնարավորությունները, գիտահետազոտական գործունեության խթանումը և երիտասարդ մասնագետների համար մասնագիտական զարգացման բարենպաստ միջավայրի ձևավորումը։
Ռազմական բուժծառայողի մասնագիտական օր
Նոյեմբերի 17-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում նշվում է որպես բուժծառայողի մասնագիտական օր՝ նվիրված ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ոլորտի բոլոր աշխատակիցներին։ Այս օրը կապված է 1992 թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության կազմավորման հետ։ Ռազմաբժշկական ծառայության կազմավորումից ի վեր` նրանք անթիվ կյանքեր են փրկել, այդ ճանապարհին զոհաբերելով նաև իրենցը` հանուն հայրենիքի ու ծառայակցի: Ուստի, այս օրը խորհրդանշում է ռազմական բուժծառայողների մասնագիտական նվիրումը, պատասխանատվությունը, մարդասիրությունն ու կյանքեր փրկելու առաքելությունը։
Հատկանշական է, որ ռազմական բժիկները կրկնակի երդմամբ են կատարում իրենց մասնագիտական աշխատանքը՝ համատեղելով զինվորական պարտքն ու բժշկի մարդասիրական կոչումը։ Մեր ազգի զինվորական բժիշկները պատվով իրականացնում են իրենց առջև դրած խնդիրները, պայքարում են զինվորի ու սպայի` հայրենիքի պաշտպանների առողջության ու կյանքի համար:
Ռազմական բուժաշխատողների մասնագիտությունը մեծ պատասխանատվություն, մասնագիտական բարձր պատրաստվածություն և անձնուրաց նվիրում պահանջող առաքելություն է։ Նրանք զինվորի կողքին են ամենադժվար պահերին՝ ցուցաբերելով բուժօգնություն բարդ և վտանգավոր պայմաններում, երբ յուրաքանչյուր րոպեն կարող է վճռորոշ լինել։
Զինվորական բուժաշխատողի հիմնական պարտականությունները ներառում են․
Կարևոր է նաև բժշկական էթիկան և զինվորական բուժաշխատողի իրավունքները։ Զինվորական բուժաշխատողը պարտավոր է՝
Կարևոր է ընդգծել, որ ժնևյան կոնվենցիաների համաձայն՝ զինվորական և քաղաքացիական բժշկական անձնակազմը, բժշկական ստորաբաժանումներն ու տրանսպորտը հատուկ պաշտպանության ներքո են հարձակումներից։ Բժշկական անձնակազմը պետք է հարգվի և պաշտպանվի, քանի դեռ իրականացնում է իր մարդասիրական առաքելությունը։
Նշենք, որ 1994թ.-ին Երևանի պետական բժշկական համալսարանում ստեղծվել է ռազմաբժշկական ֆակուլտետը: Այն ունեցել է բազմաթիվ շրջանավարտներ, որոնց մեծ մասն այսօր ծառայում են կենտրոնական կլինիկական զինվորական և կայազորային հոսպիտալներում, զորամասերի բուժծառայության և բուժկետերի պետեր, բժիշկ-մասնագետներ, ինչպես նաև ռազմաբժշկական ֆակուլտետում` որպես դասախոսներ, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության բաժինների սպաներ և ավագ սպաներ, որոնց օրինակով ու ոգով կդաստիարակվեն ռազմական բժշկների և բուժաշխատողների հետագա սերունդները:
Ուստի, այս օրը մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր ռազմական բժիշկներին և մյուս բուժաշխատողներին։ Խոնարհվում ենք իրենց պարտքը կատարելիս կյանքը զոհաբերած բուժծառայողների հիշատակի առջև։
Թող նրանց գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները ծառայեն միայն խաղաղության պայմաններում կյանքեր փրկելուն։