Սիրելի՛ապագա բժիշկներ,
Այսօր՝ Ուսանողների և Ռազմական բժշկի օրերի առիթով, ցանկանում եմ շնորհավորել ձեզ՝ մաղթելով հետաքրքիր, բովանդակալից ուսանողական տարիներ և հաջողություններ ձեր ընտրած մասնագիտական ճանապարհին։
Այս երկու առիթներն առաջին հայացքից տարբեր խորհուրդ ունեն, սակայն բժշկական համալսարանում դրանք միավորում է կարևոր մի գաղափար՝ գիտելիքի, պատասխանատվության և մարդուն ծառայելու պատրաստակամության ձևավորումը։
Ուսանողական տարիները կյանքի առանձնահատուկ շրջան են, երբ մասնագիտական գիտելիքի ձեռքբերմանը զուգահեռ ձևավորվում են արժեքներ, ընկերություններ, նոր հետաքրքրություններ ու նախաձեռնություններ։
Դրանք ինքնաճանաչման, սեփական հնարավորությունները բացահայտելու և ապագայի հանդեպ վստահություն ձեռք բերելու տարիներ են։
Բժշկի մասնագիտությունն ընտրելը նաև մեծ պատասխանատվություն ստանձնել է։ Ռազմական բժշկի աշխատանքն այս պատասխանատվության առանձնահատուկ դրսևորումներից է՝ պահանջելով ոչ միայն բարձր մասնագիտական պատրաստվածություն, այլև տոկունություն, արագ կողմնորոշվելու կարողություն և ամենաբարդ իրավիճակներում մարդկային կյանք փրկելու պատրաստակամություն։
Հենց ուսանողական տարիներից է սկսվում այդ որակների ձևավորումը։ Լսարաններում, կլինիկական պրակտիկայի ընթացքում, դասախոսների և ավագ գործընկերների հետ շփման միջոցով դուք աստիճանաբար պատրաստվում եք այն պատասխանատու աշխատանքին, որն ընտրել եք։
Սիրե՛ք ձեր մասնագիտությունը, եղե՛ք հետաքրքրասեր, նախաձեռնող ու համարձակ։ Գնահատե՛ք միմյանց, ընկերներին, թիմային աշխատանքն ու համալսարանական կյանքի յուրաքանչյուր հնարավորությունը։
Մի՛ մոռացեք, որ լավ բժիշկ լինելը միայն գիտելիքով չի սահմանափակվում․ այն նաև մարդուն լսելու, հասկանալու և դժվար պահին նրա կողքին լինելու կարողություն է։
Դուք այսօր արդեն համալսարանական կյանքի կարևոր մասն եք, իսկ արդեն վաղը շարունակելու եք զարգացնել բժշկությունը՝ տարբեր ուղղություններում, այդ թվում՝ ռազմական բժշկության պատասխանատու ոլորտում։
Մաղթում եմ, որ ուսանողական տարիները ձեզ համար լինեն նոր բացահայտումների, հետաքրքիր նախաձեռնությունների, մասնագիտական ձեռքբերումների, ամուր ընկերության, սիրահարվելու շրջան:
Շնորհավորում եմ երկու տոնի առիթով: Վայելեք ամեն օրը, ձգտեք ավելիին, եղեք երջանիկ և առողջ:
ԵՊԲՀ ռեկտոր,
Պրոֆ. Արմեն Մուրադյան