Ժամանակակից բժշկական կրթությունն անհնար է պատկերացնել առանց սիմուլյացիոն ուսուցման, որը հնարավորություն է տալիս ապագա բժիշկներին և գործող բուժաշխատողներին գործնական հմտություններ ձեռք բերել ու կատարելագործել՝ անվտանգ, վերահսկվող միջավայրում։ ԵՊԲՀ գործնական հմտությունների սիմուլյացիոն կենտրոնը, կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ և ուսուցման մեթոդներ, կարևոր դեր ունի ինչպես ապագա մասնագետների պատրաստման, այնպես էլ գործող բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման գործում։
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում տեղակայված կենտրոնի հնարավորությունների, ուսուցման առանձնահատկությունների, պացիենտի անվտանգության ապահովման և սիմուլյացիոն կրթության զարգացման հեռանկարների մասին զրուցել ենք կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Սուրեն Հովհաննիսյանի հետ։
-Սիմուլյացիոն ուսուցումն այսօր բժշկական կրթության կարևոր բաղադրիչներից է։ Ո՞րն է դրա հիմնական առավելությունը, ինչո՞վ է այն փոխում բժշկական կրթության ավանդական մոտեցումները։
-Սիմուլյացիոն ուսուցման հիմնական առավելությունն այն է, որ ուսանողներն ու բուժաշխատողները հնարավորություն են ստանում գործնական փորձ ձեռք բերել անվտանգ, վերահսկվող միջավայրում՝ առանց պացիենտին վնասելու ռիսկի։ Այստեղ սովորելու, փորձարկելու, սխալվելու և սխալներն ուղղելու հնարավորություն կա։ Սա հատկապես կարևոր է բժշկական կրթության մեջ, որտեղ մասնագիտական հմտությունների ձևավորումը պահանջում է ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև շարունակական գործնական աշխատանք։ Սիմուլյացիոն ուսուցումը նպաստում է մասնագետի ինքնավստահության ձևավորմանը, օգնում հաղթահարել առաջին միջամտություններին ուղեկցող վախն ու անվստահությունը, ինչպես նաև պատրաստում տարբեր կլինիկական իրավիճակներում ճիշտ գործելուն։ Իսկ պացիենտի համար դրա կարևորագույն արդյունքը անվտանգությունն է, որը բուժօգնության որակի հիմնական բաղադրիչներից մեկն է։ Մյուս կարևոր առավելությունն այն է, որ սիմուլյատորների և մուլյաժների միջոցով հնարավոր է նույն գործողությունը կատարել բազմաթիվ անգամներ՝ մինչև անհրաժեշտ հմտության լիարժեք յուրացումը։ Գուցե մի փոքր կտրուկ հնչի, բայց սիմուլյացիոն միջավայրում նույնիսկ հնարավոր է վերարտադրել պացիենտի մահվան հանգեցնող իրավիճակ՝ հասկանալու համար, թե ինչ սխալներ են հանգեցրել նման ելքի և ինչպես կարելի է դրանք կանխել իրական կլինիկական պրակտիկայում։ Իսկ իրական կյանքում նման սխալների գինը կարող է անշրջելի լինել։
-Ի՞նչ հնարավորություններ ունի այսօր ԵՊԲՀ սիմուլյացիոն կենտրոնը։ Քանի՞ սիմուլյատոր կա կենտրոնում, ի՞նչ բժշկական միջամտություններ և գործնական հմտություններ կարող են ուսանողները սովորել ու կատարելագործել դրանց միջոցով։
-Որո՞նք են կենտրոնի առավել ժամանակակից տեխնոլոգիաները։
-Գործնական հմտություների սիմուլյացիոն կենտրոնն արդեն 12 տարվա պատմություն ունի։ Այսօր այն ներառում է հինգ հիմնական ուղղություն՝ վիրաբուժություն, թերապիա, մանկաբուժություն, ռեանիմացիա, գինեկոլոգիա և մանկաբարձություն, զբաղեցնում է 1800ք/մ տարածք, 18 լսարան։ Կենտրոնում առկա է ընդհանուր առմամբ 250 սիմուլյատոր, որոնք հնարավորություն են տալիս կազմակերպել բազմաբնույթ գործնական դասընթացներ։
Մեր նպատակն է ուսանողներին սովորեցնել այն բոլոր գործնական հմտությունները, որոնք անհրաժեշտ են ապագա բժշկին՝ սկսած ամենապարզ միջամտություններից մինչև բարդ վիրաբուժական գործողություններ։ Դրանք ներառում են ՍԹՎ, միզային և երակային կաթետերի տեղադրում, ներոսկրային ներարկում, կարերի դնում, վիրակապում, աուսկուլտացիա, պերկուսիա, պալպացիա, գինեկոլոգիական միջամտություններ, ծննդօգնություն, ինտուբացիա, էքստուբացիա, նազոգաստրալ զոնդի տեղադրում և բազմաթիվ այլ հմտություններ։
Կենտրոնի կարևոր հնարավորություններից է նաև Պիրոգովի անատոմիական սեղանը, որի միջոցով ուսանողները կարողանում են ուսումնասիրել մարդու մարմնի կառուցվածքը, վերհիշել և խորացնել անատոմիական գիտելիքները։ Գործում է նաև լապարոսկոպիկ ուսուցման սենյակ՝ տարբեր բարդության սիմուլյատորներով, որոնք հնարավորություն են տալիս յուրացնել և կատարելագործել նվազ ինվազիվ վիրաբուժական միջամտությունների հմտությունները։
Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հետաքրքիր օրինակ է թերապիայի դասընթացների շրջանակում վիրտուալ պացիենտի հետ աշխատանքը։ Ուսանողը կարողանում է հարցեր ուղղել վիրտուալ պացիենտին, հավաքել անամնեզ, գնահատել ախտանշանները, ձևակերպել ախտորոշում, նշանակել համապատասխան բուժում և անմիջապես ստանալ իր աշխատանքի գնահատականը։ Այսպիսով, ուսուցման գործընթացը հնարավորինս մոտեցվում է իրական կլինիկական աշխատանքին։
-Ովքե՞ր են օգտվում կենտրոնի հնարավորություններից։ Տարեկան քանի՞ ուսանող, գործող բժիշկ և այլ մասնագիտությունների ներկայացուցիչ է վերապատրաստվում այստեղ։ Ի՞նչ ուղղություններով են կազմակերպվում դասընթացները, և արդյոք կենտրոնի ծառայությունները հասանելի՞ են նաև այլ կազմակերպությունների մասնագետներին։
-Ապագա բժիշկները սիմուլյացիոն կենտրոնում ուսուցումն սկսում են դեռևս առաջին կուրսից՝ անցնելով առաջին բուժօգնության դասընթաց։ Հետագա տարիներին, ըստ մասնագիտական կրթական ծրագրերի, նրանք այստեղ ձեռք են բերում և կատարելագործում իրենց մասնագիտությանը համապատասխան գործնական հմտությունները։ Տարեկան կենտրոն է այցելում շուրջ 7000 ուսանող, սակայն կենտրոնի գործունեությունը չի սահմանափակվում միայն համալսարանի ուսանողների ուսուցմամբ։ Մենք կազմակերպում ենք նաև գործող բժիշկների, բուժքույրերի և այլ մասնագիտությունների ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացներ։
Օրինակ՝ «Շիրակ ավիա», «Ֆլայ վան», «Հայկական ավիաուղիներ»-ի բոլոր բորտուղեկցորդուհիներն այստեղ անցնում են առաջին բուժօգնության դասընթացներ։ Մեր ծառայություններից կարող են օգտվել նաև տարբեր բժշկական կենտրոնների և կազմակերպությունների աշխատակիցներ։ Մասնավորապես, առաջին բուժօգնության դասընթացներ ենք կազմակերպել «Մալայան», «Աստղիկ», «Զինվորի տուն», «Բեգլարյան» բժշկական կենտրոնների, «Հիստոջեն» հայ- գերմանական գիտագործնական կենտրոնի, համալսարանական հիվանդանոցների մասնագետների համար։ Այս առումով կարևոր է տարբերակել առաջին բուժօգնությունը և արտակարգ իրավիճակներում առաջին բժշկական օգնությունը։ Առաջին բուժօգնության դասընթացները նախատեսված են ոչ միայն բուժաշխատողների, այլև միջին բուժանձնակազմի և այլ մասնագիտությունների ներկայացուցիչների համար։ Իսկ առաջին բժշկական օգնության մասնագիտական դասընթացներն ուղղված են բժիշկներին և ներառում են ավելի բարդ, մասնագիտական միջամտություններ։
-Սիմուլյացիոն ուսուցումը կարևոր է ոչ միայն մասնագիտական հմտությունների զարգացման, այլև բժշկական սխալների կանխարգելման և պացիենտի անվտանգության ապահովման տեսանկյունից։ Որքանո՞վ է հնարավոր սիմուլյացիոն միջավայրում վերարտադրել իրական, այդ թվում՝ արտակարգ և կյանքին սպառնացող կլինիկական իրավիճակներ։
-Կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը հնարավորություն է տալիս հնարավորինս իրատեսորեն վերարտադրել տարբեր կլինիկական իրավիճակներ, այդ թվում՝ արտակարգ և կյանքին սպառնացող դեպքեր։
Օրինակ՝ ռեանիմացիոն սիմուլյատորների միջոցով հնարավոր է իրական կլինիկական իրավիճակը վերարտադրել շուրջ 90 տոկոս ճշգրտությամբ։ Սիմուլյատորները թույլ են տալիս մոդելավորել պացիենտի տարբեր վիճակներ, փոփոխել նրա կենսական ցուցանիշները և գնահատել մասնագետի գործողությունների արդյունավետությունը։
Այս մոտեցումը հնարավորություն է տալիս բուժաշխատողներին նախապես պատրաստվել բարդ իրավիճակներին, մշակել արագ և ճիշտ որոշումներ կայացնելու հմտություններ, ինչպես նաև թիմային աշխատանքի փորձ ձեռք բերել։ Հատկապես կարևոր է, որ մասնագետը նման իրավիճակներում գործի ոչ թե առաջին անգամ, այլ արդեն իսկ ունենա համապատասխան գործնական փորձ։
-Բուժաշխատողների լիցենզավորման համակարգի ներդրման համատեքստում ինչպիսի՞ նշանակություն կարող է ունենալ սիմուլյացիոն ուսուցումը։ Կարո՞ղ է այն դառնալ մասնագետների գործնական կարողությունների գնահատման և շարունակական մասնագիտական զարգացման կարևոր գործիք։
-Բուժաշխատողների լիցենզավորման գործընթացում կարևոր բաղադրիչ է արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնության ցուցաբերման կարողությունը։ Սակայն, իմ կարծիքով, ցանկալի կլիներ, որ մասնագիտական կարողությունների գնահատումն ընդգրկեր նաև ավելի լայն շրջանակ՝ առաջին բժշկական օգնության և մասնագիտական գործնական հմտությունների գնահատմամբ։
Խոսքը, մասնավորապես, այնպիսի հմտությունների մասին է, ինչպիսիք են ինտուբացիան, կարերի դնումը, շնչափողահատումը և այլ միջամտությունները, որոնք անհրաժեշտ են բժշկին իր մասնագիտական գործունեության ընթացքում։
Մեր փորձը ցույց է տալիս, որ բուժաշխատողները ևս կարևորում են գործնական հմտությունների ավելի խորացված ուսուցումը։ Կազմակերպվող դասընթացների ընթացքում կիրառում ենք գիտելիքների նախնական և վերջնական գնահատման թեստեր, ինչպես նաև մասնակիցներին տրամադրում ենք անանուն հարցաթերթիկներ՝ դասընթացի արդյունավետությունն ու որակը գնահատելու համար։ Մասնակիցների արձագանքներում հաճախ ընդգծվում է, որ առաջին բուժօգնության իմացությունը կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու համար, մինչդեռ բժիշկներին անհրաժեշտ են նաև ավելի խորացված մասնագիտական գիտելիքներ և հմտություններ։
Կարծում եմ՝ սիմուլյացիոն կենտրոնները կարող են կարևոր դեր ունենալ ոչ միայն բուժաշխատողների գործնական կարողությունների կատարելագործման, այլև դրանց օբյեկտիվ գնահատման և շարունակական մասնագիտական զարգացման գործընթացում։
-Որո՞նք են կենտրոնի վերջին ձեռքբերումները, ի՞նչ նոր հնարավորություններ են ստեղծվել, ի՞նչ ծրագրեր, տեխնիկական համալրումներ ու զարգացման ուղղություններ են նախատեսվում առաջիկայում։
-Մենք շարունակաբար աշխատում ենք կենտրոնի տեխնիկական վերազինման և հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ։ Միայն այս տարի ձեռք ենք բերել մի շարք նոր սարքեր և ուսումնական մոդելներ, որոնք էապես ընդլայնում են գործնական ուսուցման հնարավորությունները։
Դրանց թվում են՝ համակարգչային գնահատման հնարավորություն ունեցող սիրտ-թոքային վերակենդանացման (CPR) սարքեր՝ մեծահասակների և երեխաների համար, շնչուղիների անցանելիության գնահատման սարքեր, երեխայի խնամքի ուսուցման սարքեր, ինտուբացիայի նոր մոդելներ, ներերակային և ներոսկրային ներարկումների համար նախատեսված մուլյաժներ, արյունահոսության դադարեցման ուսուցման սարքեր, ինչպես նաև դեֆիբրիլյատոր։
Այս համալրումները հնարավորություն են տալիս ուսուցումն առավել գործնական դարձնել, իսկ մասնակիցներին՝ ավելի արդյունավետ յուրացնել անհրաժեշտ հմտությունները։
Կարևոր է նաև նշել, որ սիմուլյացիոն կրթությունը շարունակաբար զարգացող ոլորտ է, ուստի մենք մշտապես թարմացնում ենք առկա սարքավորումները, հետևում նոր տեխնոլոգիաներին, նոր գործելակարգերին և ձգտում կենտրոնը համալրել ժամանակակից պահանջներին համապատասխան սիմուլյատորներով։
-Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում սիմուլյացիոն կրթության զարգացման համար Հայաստանում։ Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի այն դառնա բժշկական կրթության և բուժաշխատողների շարունակական վերապատրաստման անբաժանելի մասը։
-Իրականում սիմուլյացիոն կրթությունն արդեն իսկ ժամանակակից բժշկական կրթության անբաժանելի մասն է։ Խնդիրն այն է, որ անհրաժեշտ է ավելի բարձրացնել դրա կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը, առաջին հերթին՝ հենց բուժաշխատողների շրջանում։
Մեր փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր մասնագետ, ով մեկ անգամ մասնակցում է սիմուլյացիոն դասընթացի, գնահատում է դրա արդյունավետությունը և հաճախ ցանկություն հայտնում շարունակելու ուսուցումը։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ գործնական ուսուցումը պետք է լինի շարունակական։ Այս առումով կարևորում ենք նաև ՀՀ կառավարության կողմից ընդունված N 1348 որոշումը, ըստ որի՝ արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնության դասընթացները չեն կարող իրականացվել առցանց ձևաչափով։ Գործնական հմտություններն անհնար է լիարժեք յուրացնել միայն տեսական գիտելիքների միջոցով․ անհրաժեշտ է աշխատել համապատասխան սարքավորումների հետ, կատարել գործողությունները և ստանալ մասնագիտական գնահատական։
Մեր առաջիկա խնդիրներից է շարունակաբար վերազինել կենտրոնը, համալրել այն ժամանակակից սիմուլյատորներով և ուսուցման նորագույն տեխնոլոգիաներով՝ համահունչ մնալով բժշկական կրթության միջազգային զարգացումներին։
Վստահ եմ՝ սիմուլյացիոն ուսուցման զարգացումը կնպաստի ոչ միայն ապագա բժիշկների ավելի որակյալ պատրաստմանը, այլև գործող բուժաշխատողների մասնագիտական կարողությունների կատարելագործմանը, ինչն ի վերջո կարտահայտվի բժշկական օգնության որակի և պացիենտների անվտանգության բարձրացմամբ։