Մխիթար Հերացու անվան կրթաթոշակառու Արփի Մկրտչյանի համար որակյալ առողջապահությունը սկսվում է լավ պատրաստված բժշկից

Մխիթար Հերացու անվան կրթաթոշակառու Արփի Մկրտչյանի համար որակյալ առողջապահությունը սկսվում է լավ պատրաստված բժշկից

Համալսարանական տարիները ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող, Մխիթար Հերացու անվան կրթաթոշակառու Արփի Մկրտչյանի համար դարձել են ինքնաճանաչման, հասունացման և բազմաթիվ բացահայտումների շրջան։

«Դրանք ինձ փոխել են անճանաչելիորեն․ անցել եմ տարբեր փորձությունների միջով՝ սկսած ակադեմիական դժվարություններից մինչև նոր միջավայրին հարմարվելու, նոր մարդկանց ճանաչելու և երբեմն նաև հիասթափություններն ընդունելու փորձառությունները։ Սակայն հենց այդ ամենի շնորհիվ եմ սովորել ավելի լավ ճանաչել ինքս ինձ, վերանայել պատկերացումներս և աստիճանաբար ձևավորվել՝ որպես ապագա բժիշկ։ Հատկապես կարևոր եմ համարում այն գիտակցումը, որ բժշկությունը միայն գիտելիք և մասնագիտական հմտություն չէ, այլև մարդուն հասկանալու և լսելու կարողություն»,-նշում է նա։

Ապագա բժիշկը ծնվել և մեծացել է Գորիսում։ Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցն ավարտել է գերազանցությամբ՝ ոսկե մեդալով։ Բժշկական համալսարան ընդունվել է վճարովի համակարգով, իսկ հետագայում, բարձր առաջադիմության շնորհիվ անցել՝ անվճար համակարգ։

Ուսումնառության ընթացքում ունեցել է նաև մասնագիտական և ակադեմիական հետաքրքիր փորձառություններ։ Մասնավորապես, հնարավորություն է ունեցել միջազգային հարթակում ներկայացնելու համալսարանը և 2025 թվականի ամռանը մասնակցել է Չինաստանի Westlake համալսարանի կազմակերպած երկշաբաթյա ամառային դպրոցին։ Այն նվիրված էր  կենսաբժշկական գիտություններին, որի շրջանակում հնարավորություն է ունեցել նաև աշխատելու ժամանակակից լաբորատոր սարքավորումներով։ Սա արժեքավոր փորձառություն էր, որը թույլ է տվել ընդլայնել գիտական պատկերացումներն ու ծանոթանալ միջազգային ակադեմիական միջավայրին։

Բժշկի մասնագիտությունն անվանական կրթաթոշակառուի համար դեռ մանկուց եղել է երազանք։ «Երբ տարբեր միջավայրերում հանդիպում էի բժշկի, միշտ առանձնահատուկ զգացողություն էի ունենում՝ նկատելով այն հարգանքն ու վստահությունը, որ մարդիկ տածում են նրա նկատմամբ։ Ինձ համար բժիշկը միշտ եղել է առանձնահատուկ պատասխանատվություն կրող մարդ, և հաճախ մտածել եմ, թե որքան կուզենայի մի օր ինքս լինել այդ դերում»,-շեշտում է նա՝ ավելացնելով, որ երբեմն մտածել է նաև այլ մասնագիտությունների մասին, սակայն բժշկությունը նրա համար միշտ առանձնահատուկ տեղ է ունեցել։

 «Երբ պատկերացնում էի իմ ապագան, մտովի միշտ վերադառնում էի նույն պատկերին՝ ինձ սպիտակ խալաթով, որպես բժիշկ, ով իր գիտելիքներով օգնում է մարդկանց։ Կարծում եմ՝ այս ընտրության մեջ մեծ դեր են ունեցել նաև իմ բնավորությունը, նպատակասլացությունը, աշխատասիրությունն ու մարդկանց հանդեպ հոգատարությունը»,-ասում է նա` հավելելով, որ յուրաքանչյուր հաղթահարված դժվարություն և ձեռքբերված հաջողություն ավելի են ամրապնդում վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։ Երբ տեսնում է, որ իր ջանքերն արդյունք են տալիս, դա նրան նոր եռանդ է հաղորդում և մղում հաջորդ նպատակին։

«Ինձ համար Մխիթար Հերացու անվան կրթաթոշակակիր լինելը առաջին հերթին կանն է։ Այն  համալսարանի լավագույն ուսանողների շարքում լինելու և այդ մակարդակին հասնելու մեծ ձեռքբերում է։ Միևնույն ժամանակ, այս կոչումն ինձ պարտավորեցնում է՝ ոչ միայն արդարացնել ինձ տրված գնահատականը, այլև շարունակել պահպանել այն մակարդակը, որին հասնելու համար այդքան ջանք եմ ներդրել։ Կարծում եմ՝ հեշտ չէ արժանանալ նման ճանաչման, բայց դրանից պակաս կարևոր չէ նաև ապացուցել, որ արժանի ես դրան»,-ընդգծում է Մխիթար Հերացու անվան կրթաթոշակառուն։

Այս պահին մասնագիտական ընտրության ամենամոտ ուղղությունը նյարդաբանությունն է։ Նրա համար այն հետաքրքիր է նախևառաջ բարդությամբ և պահանջվող մտածողության առանձնահատկությամբ։

«Նյարդաբանության մեջ հաճախ պացիենտը ներկայացնում է մեկ կամ մի քանի գանգատ, որոնց հիմքում կարող են լինել բազմաթիվ տարբեր պատճառներ։ Բժշկի խնդիրն է այդ առանձին նշանները վերլուծել, գտնել դրանց միջև կապը և աստիճանաբար ամբողջացնել կլինիկական պատկերը։ Ինձ շատ է գրավում հենց այդ գործընթացը՝ կարծես առանձին դրվագներից հավաքել մեկ ամբողջական խճանկար»,-ասում է Արփի Մկրտչյանը՝ միաժամանակ կարծելով, որ այս մասնագիտությունը պահանջում է մշտական զարգացում, խորքային գիտելիքներ, համբերություն և հետևողականություն։ Նա վստահ է, որ իր աշխատասիրությունն ու նպատակասլացությունը կարող են օգնել իրեն այս ուղղությամբ ձևավորվել որպես լավ մասնագետ, որը ոչ միայն գիտելիք ունի, այլև կարողանում է այն ճիշտ կիրառել՝ ի շահ պացիենտի։

Անվանական կրթաթոշակառուի հետաքրքրությունները բավականին բազմազան են: Կարծում է՝ դրանցից յուրաքանչյուրն իր տեղն ունի իր կյանքում։ Արդեն շուրջ երեք տարի է՝ զբաղվում է սպորտով, կարևորում է նաև լեզուների ուսումնասիրությունն ու շարունակական ինքնազարգացումը․ գիտի անգլերեն և գերմաներեն։

Մեծ հետաքրքրություն ունի նաև գիտական գործունեության նկատմամբ։ Ապագայում իրեն պատկերացնում է ոչ միայն որպես կլինիկական բժիշկ, այլև որպես գիտական աշխատանքով զբաղվող մասնագետ։ Նրա համար կարևոր է համատեղել բժշկական պրակտիկան գիտական որոնումների և նոր բացահայտումների հետ։

Սիրում է ճանապարհորդել․ այն հնարավորություն է տալիս բացահայտելու նոր երկրներ, մշակույթներ և աշխարհայացքներ։ Ազատ ժամանակ սիրում է կարդալ, երաժշտություն լսել և ֆիլմեր դիտել։ Հատկապես նախընտրում է դետեկտիվ ժանրը, որտեղ նրան գրավում են տրամաբանական մտածողությունը, մանրուքների կարևորությունն ու իրադարձությունների միջև կապերը բացահայտելու ընթացքը։ Ֆիլմերը նաև լեզուների զարգացման  միջոց է համարում։

Իր մասնագիտական ապագան պատկերացնում է Հայաստանում։ Չնայած մասնագիտական զարգացման, վերապատրաստումների և հետագա ուսումնառության հնարավորությունները այլ երկրներում  դիտարկում է, որպես բժիշկ ցանկանում է ապրել և աշխատել հայրենիքում՝ իր գիտելիքներն ու փորձը ծառայեցնելով մեր հասարակությանը։

«Ինձ համար կարևոր է դառնալ իսկապես լավ մասնագետ։ Կարծում եմ՝ բժշկության մեջ միջակությամբ բավարարվելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ գործ ունես մարդու առողջության և կյանքի հետ։ Դա մեծ պատասխանատվություն է, որը պահանջում է ոչ միայն հիմնարար գիտելիքներ, այլև մշտական զարգացում, հետևողական աշխատանք և սեփական մասնագիտական մակարդակի շարունակական բարձրացում։ Իմ նպատակն է դառնալ այնպիսի բժիշկ, որը վստահորեն տիրապետում է իր մասնագիտությանը և կարողանում է իր գիտելիքներն ու հմտությունները ճիշտ կիրառել՝ ի շահ պացիենտի»,-կարևորում է նա։

Կարծում է՝ բժշկությունն այն եզակի մասնագիտություններից է, որը տարիների ընթացքում փոխում է ոչ միայն մարդու գիտելիքը, այլև նրա մտածողությունն ու աշխարհընկալումը։ «Բժշկական համալսարանում մենք սովորում ենք շատ ավելին, քան պարզապես ախտորոշել և բուժել։ Սովորում ենք նկատել մանրուքները, մտածել բազմակողմանի, լսել, հասկանալ և գնահատել այն, ինչ հաճախ առաջին հայացքից տեսանելի չէ»,- ընդգծում է ապագա բժիշկը՝ ավելացնելով, որ բժշկի մասնագիտությունը պահանջում է և՛ խորը գիտելիք, և՛ վերլուծական միտք, և՛ մարդկային բարձր որակներ։ Նրա համար բժշկի իրական արժեքը հենց այս ամենի ներդաշնակության մեջ է:

Արփի Մկրտչյանի խոսքով՝ առողջապահական համակարգը բավականին բարդ և բազմաշերտ ոլորտ է: Յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկություններն ու մարտահրավերները։ Այդուհանդերձ, մեր առողջապահական համակարգում կցանկանար տեսնել մի շարք փոփոխություններ, հատկապես բժիշկների կրթության և մասնագիտական շարունակական զարգացման ուղղությամբ: