Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը նոյեմբերի 25-ին հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին: Հանդիպմանը ներկա էին նաև դեսպանության երրորդ քարտուղար Նեդա Ռայեֆիփուրը և ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության Իրանի բաժնի մասնագետ Անդրանիկ Զաքարյանը:
Ողջունելով հյուրերին` ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ բժշկական բուհում այս պահին ուսանում է շուրջ 125 ապագա բժիշկ: «2025 թվականին Թեհրանի բժշկական համալսարանի հետ կնքել ենք փոխըմբռնման հուշագիր, որը մեծ հնարավորություններ է ընձեռում` իրականացնելու փոխանակային ծրագրեր, համատեղ գիտական նախաձեռնություններ», – շեշտեց բժշկական բուհի ղեկավարը:
Արմեն Մուրադյանը տեղեկացրեց և սրտանց հրավիրեց դեսպանին` մասնակցելու 2027 թվականի հուլիսի 8-10-ը մեր երկրում կայանալիք Բժշկական համաշխարհային Հայաստանյան համագումարին: «Կուզենայի Ձեր միջնորդությամբ փոխանցել հրավերը նաև մեր գործընկերներին` մասնակցելու բոլորիս համար կարևոր այս բժշկագիտական ֆորումին: Բժշկությունը սահմաններ չի ճանաչում, իսկ բարեկամ ժողովուրդների համար առանձնահատուկ կարևորություն ունի նման համագործակցությունը», – հավելեց ռեկտորը:
Երախտիքի խոսք հղելով ջերմ ընդունելության համար` դեսպան Խալիլ Շիրղոլամին ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է բժշկական համալսարանում գտնվել: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու երկրների միջև եղբայրական համագործակցությունը բազմադարյա պատմություն և ներառում է բազմազան ոլորտներ` բժշկական ոլորտն այն ուղղություններից է, որն ապագա սերունդներին է վերաբերում և շատ կարևոր նշանակություն ունի», – նշեց իրանցի դիվանագետը:
Խալիլ Շիրղոլամին շնորհակալություն հայտնեց հաջորդ տարվա հուլիսին կայանալիք միջոցառման հրավերի համար` պատրաստակամություն արտահայտելով անձամբ իր և Իրանից համապատասխան բարձր մակարդակի մասնակցություն ապահովելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին իրանցի ուսանողներին հետաքրքրող հարցերը, հետագա համագործակցության ընդլայնման մարտահրավերներն ու հեռանկարները: