«Սինկո» ուսանողական նախաձեռնության շրջանակում քննարկվեց վահանագեղձի հանգույցների թեման

«Սինկո» ուսանողական նախաձեռնության շրջանակում քննարկվեց վահանագեղձի հանգույցների թեման

Կլինիկական դեպքեր և թեմաներ քննարկելու նպատակով «Սինկո» ուսանողական նախաձեռնության շրջանակում ապագա բժիշկներն ու դասախոսներն այսօր կրկին հանդպեցին ԵՊԲՀ-ում:

Միջոցառման կազմակերպիչ, սրտաբանության գծով 1-ին կուրսի կլինիկական օրդինատոր Ամալյա Մանուսաջյանը նշեց, որ թեմայի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ վահանաձև գեղձի հիվանդությունները բավականին տարածված են Հայաստանում:

Ներկայացնելով այսօրվա հյուրերին` նա հույս հայտնեց, որ քննարկումը կլինի ինֆորմատիվ և արդյունավետ:

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի բժիշկ-էնդոկրինոլոգ, Էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ Ռենատա Մարկոսյանը և Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանն իրենց փորձը ներկայացրին միջոցառմանը ներկա սովորողներին:

Ինտերակտիվ քննարկումը հնարավորություն ընձեռեց խոսել վահանաձև հանգույցների խնդրի, դրա ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդների մասին:  

Վահանագեղձի հանգույցները սովորաբար պատահական են հայտնաբերվում. երբեմն հիվանդն ինքն է նկատում, երբեմն էլ շրջապատող մարդիկ են ուշադրություն դարձնում «մեծացած վահանագեղձին»:

Մասնագետների գնահատմամբ` մանրակրկիտ զննումն էլ հիմք է դառնում պացիենտ-բժիշկ-էնդոկրինոլոգ փոխհարաբերության:

Վահանագեղձի հանգույցների առաջացման հիմնական պատճառը սննդում յոդի պակասն է: Կարևոր գործոն է նաև ժառանգականությունը:

Նշենք, որ «Սինկո»-ն ուսանողների կողմից սիրված միջոցառում է, որի կազմակերպումը, համավարակով պայմանավորված, տևական ժամանակ ընդհատվել էր, իսկ այժմ կրկին շարունակվում է:  Այս տարի հանդիպումը երկրորդն ու վերջինն էր:

Քննարկմանը հաջորդեց մրցույթի անցկացումը: Լավագույնները համալսարանի կողմից ստանում են նվեր` գրքերի տեսքով:

«Սինկո» անվանումը պատահական չէ ընտրվել, այն իսպաներենից թարգմանաբար նշանակում է հինգ և արտահայտում է բժշկական, հատկապես կլինիկական ոլորտում հայտնի մասնագիտական քննարկման՝ «պիտիմինուտկա» բառի իմաստը:

Ուսանողական նախաձեռնության թիրախային լսարանը 4-ից 6-րդ կուրսի ապագա բժիշկներ են, բայց հաճախ մասնակցում են նաև կրտսեր կուրսերի ուսանողները: Քննարկվող դեպքերն հաճախ ընտրվում են միջազգային փորձից և հրավիրյալ բժիշկների անձնական պրակտիկայից: