ԵՊԲՀ սրտաբանության ընկերությունն անցկացրեց 2026–2027 ուսումնական տարվա առաջին իրադարձությունը՝ «Սրտի ֆորում – Ինչու՞ սրտանոթային ռիսկը կարող է վաղ ի հայտ գալ» խորագրով միջոցառումը: Այն անցավ բարձր ոգևորությամբ և միավորեց ավելի քան 150 ուսանողի, դասախոսի ու պատվավոր հյուրի՝ կարևորելով սրտանոթային իրազեկման և կանխարգելման անհրաժեշտությունը:
Ծրագրի առանցքային պահերից էր բժիշկ Նելսոն Ներսիսյանի «Սրտամկանի ինֆարկտը երիտասարդների շրջանում. ինչու՞ է այն վաղ զարգանում» խորագրով ելույթը, որը կենտրոնացած էր սրտամկանի ինֆարկտի առաջացման գործոնների, նախազգուշացնող նշանների և կանխարգելիչ միջոցների վրա:
Միջոցառումը հագեցած էր նաև ինտերակտիվ նախաձեռնություններով, ինչը խրախուսեց մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը թեմային: Այս միջոցառման շրջանակում նաև ջերմորեն ողջունվեցին ու շնորհավորանքի խոսքեր ստացան ԵՊԲՀ Սրտաբանության ընկերությանը նոր միացած անդամները, ինչպես նաև ընդգծվեց առաջնորդության հմտությունների զարգացումը ուսանողների շրջանում` ակտիվ ու համագործակցային համայնք ձևավորելու գործում: Ուսանողների կողմից ևս ներկայացվեցին ելույթներ սրտանոթային ռիսկի մասին` մեջբերելով սրտային հիվանդությունների հետևանքով երիտասարդ տարիքում կյանքից հեռացած հայտնի անձանց օրինակները և վեր հանելով վաղաժամ սրտային դեպքերի լրջությունը: Ֆորումն ամփոփվեց հստակ ուղերձով. սրտի առողջությունն ուշադրության կարիք ունի ցանկացած տարիքում, և իրազեկվածությունը կանխարգելման առաջին կարևոր քայլն է: