Հայտարարվում է բաց մրցութային ընտրություն Ընդհանուր բժշկության և Ստոմատոլոգիական ֆակուլտետների դեկանների թափուր պաշտոնների համար

Հայտարարվում է բաց մրցութային ընտրություն Ընդհանուր բժշկության և Ստոմատոլոգիական ֆակուլտետների դեկանների թափուր պաշտոնների համար

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը (այսուհետ՝ ԵՊԲՀ) հայտարարում է բաց մրցութային ընտրություն ԵՊԲՀ Ընդհանուր բժշկության և Ստոմատոլոգիական ֆակուլտետների դեկանների թափուր պաշտոնների համար։

ԵՊԲՀ Ընդհանուր բժշկության և Ստոմատոլոգիական ֆակուլտետների դեկանների (այսուհետ նաև՝ Դեկան) թափուր պաշտոնների մրցութային ընտրությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն գործունակ քաղաքացիները, որոնք ունեն՝

1) բարձրագույն բժշկական կրթություն,

2) գիտական աստիճան,

3) առնվազն 10 տարվա գիտամանկավարժական ստաժ՝ ԵՊԲՀ-ում:

ԵՊԲՀ Դեկան չի կարող ընտրվել այն անձը՝

1) ով դատապարտվել է հանցագործություն կատարելու համար և նրա դատվա­ծութ­յունը սահմանված կարգով մարված կամ հանված չէ,

2) ում օրենքի համաձայն արգելվում է զբաղեցնել ղեկավար պաշտոններ,

3) ով առաջադրման ժամանակ հանդիսանում է որևէ կուսակցության անդամ:

ԵՊԲՀ Դեկանի պաշտոնի մրցութային ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

1) մրցութային ընտրությանը մասնակցելու մասին դիմում՝ հասցեագրված ռեկտորին, շարադրված ազատ ոճով,

2) անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքի կամ նույնականացման քարտի պատճենը

3) համառոտ ինքնակենսագրություն՝ ժամանակագրական շարադրությամբ,

4) աշխատանքային գրքույկից քաղվածք կամ աշխատանքային գործունեության մասին տեղեկանք,

5) բարձրագույն կրթության՝ բակալավրի և մագիստրատուրայի (կամ համարժեք) դիպլոմը կամ նոտարի կողմից պատշաճ վավերացված դիպլոմ(ներ)ի պատճենները,

6) գիտական աստիճանը հավաստող փաստաթուղթը կամ նոտարի կողմից պատշաճ վավերացված փաստաթղթերի պատճենները (այլ պետություններում հաստատված գիտական աստիճանները պետք է փոխճանաչված լինեն Հայաստանի բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից),

7) գիտական կոչումը հավաստող փաստաթղթի պատճենը, եթե առկա է,

8) մրցույթին նախորդող 1 ամսվա ընթացքում տրված երաշխավորություններ, Համալսարանի ֆակուլտետի խորհրդի և(կամ) ամբիոնի և(կամ) այլ գիտական, կրթական կազմակերպության և(կամ) տվյալ մասնագիտության ոլորտի գիտնականի կողմից, եթե առկա են,

9) հայտարարություն՝ դատվածություն չունենալու և հետախուզման մեջ չգտնվելու վերաբերյալ,

10) հայտարարություն՝ առաջադրման ժամանակ որևէ կուսակցության անդամ չլինելու և քաղաքական զսպվածություն և չեզոքություն պահպանելու մասին,

Փաստաթղթերի պատճեններն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակի հետ միասին՝ մինչև փաստաթղթերի ընդունումը պատճենի իսկությունը ստուգելու նպատակով։ Համեմատելուց հետո նույն պահին բնօրինակը կվերադարձվի դիմումատուին։

Մրցութային ընտրությանը մասնակցելու համար դիմումը և պահանջվող փաստաթղթերը՝ յուրաքանչյուր էջը համարակալված, հավակնորդը կարող է ներկայացնել սույն հայտարարության հրապարակումից հետո՝ մինչև 2026 թվականի նոյեմբերի 10-ը ներառյալ, յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-ից 16։00-ն, բացի շաբաթ, կիրակի, տոնական և հիշատակի օրերից, ԵՊԲՀ Գիտական խորհրդի քարտուղարության աշխատասենյակ:

Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Կորյունի 2, վարչական մասնաշենք, երրորդ հարկ, հեռախոս՝ 010301000 /ներքին հեռախոսահամարներ 2-38, 2-39/:

Մրցութային ընտրությանը մասնակցելու համար դիմումը և պահանջվող փաստաթղթերը թերի ներկայացված լինելու դեպքում դրանք կարող են լրացվել ոչ ուշ քան մինչև սույն հայտարարությամբ նշված վերջնաժամկետը՝ 2026 թվականի նոյեմբերի 10-ը ժամը 16։00-ն ներառյալ։

Մրցութային ընտրությունը տեղի կունենա 2026 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, փակ գաղտնի քվեարկությամբ, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի Գիտական խորհրդի անցկացման դահլիճում՝ ք. Երևան, Կորյունի 2, վարչական մասնաշենք, 1-ին հարկ: