Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

2025 թվականը թող լինի խաղաղության և ավելի մեծ ձեռքբերումների 365 օր. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան

2025  թվականը թող  լինի խաղաղության և ավելի մեծ ձեռքբերումների 365 օր. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան

Սիրելի համալսարանականներ, ուսանողներ, դասախոսներ, գործընկերներ, ավարտվող տարեթիվն առիթ է ամփոփելու անցնող տարին, գնահատելու կատարած աշխատանքը, ձեռքբերումներն ու նախանշելու հաջորդ տարվա անելիքները։

Ուրախությամբ ցանկանում եմ արձանագրել, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, հավատարիմ հարուստ ավանդույթներին, շարունակում է ապահովել կրթական բարձր նշաձող՝ պատրաստելով և մասնագիտական ոլորտ ուղեգրելով բազմաթիվ բժիշկների։

Մեր համալսարանն այս տարի ևս հաջողություններ է գրանցել կրթության, գիտության, կլինիկական ոլորտներում՝ բոլոր ուղղություններով փորձելով ներդնել նաև նորարարական մոտեցումներ։

Կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր ու նախագծեր։ Տարին մեկնարկեցինք մեծագույն հաջողությամբ, 7 տարի ժամկետով միջազգային ծրագրային հավատարմագրում ստացավ ԵՊԲՀ «Բուժական գործ» կրթական ծրագիրը, և սա դեռ սկիզբն է, հաջորդիվ ստոմատոլոգիայի, դեղագիտության և հետբուհական և շարունակական կրթության կրթական բնագավառներում մենք աշխատանք ու ակնկալվող արդյունքներ ունենք:

Հիշարժան նախագծերից էր միջնադարի բնագետ-բժիշկ, մատենագիր, բառարանագիր Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության»` մոտ 300 տարի առաջ ընդօրինակված ձեռագրի (18-րդ դար)՝ մեծ հանդիսավորությամբ փոխանցումը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին: Այն ձեռք էր բերվել բժշկական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ՝ մասնավոր հավաքածուից։

Չափազանց կարևոր եմ համարում համալսարանի նոր գրադարանի վերակառուցման նախագծի մեկնարկը «Կերոն» զարգացման հիմնադրամի աջակցությամբ: Այս մասշտաբային նախաձեռնության մասնակիցը պետք է դառնանք յուրաքանչյուրս:

Կրթական նոր լուծումներ ունեցող գերժամանակակից գրադարանը, վստահ եմ, կդառնա գիտելիքի և ուսումնառության կենտրոն ապագա բժիշկների համար։

Նոր տարում մենք շարունակելու ենք իրագործել բժշկագիտության զարգացմանն ուղղված մեր բավականին հավակնոտ և խոստումնալից ծրագրերը։

Շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ՝ ցանկանում եմ  երախտագիտություն հայտնել բուհական մեր այս մեծ, ինչպես ես եմ սիրում ասել, «Հերացի» ընտանիքին՝ երբեմն անհաղթահարելի խնդիրները միասին լուծելու, ծագող տարաբնույթ հարցերին օպերատիվ արձագանքելու, բազմաթիվ ծրագրեր համատեղ ուժերով կյանքի կոչելու, մեկդարյա կրթագիտական այս հաստատությունը զարգացման հստակ ճանապարհով առաջ մղելու համար։

Մաղթում եմ, որ նոր սկսվող 2025 թվականը լինի խաղաղության և ավելի  մեծ ձեռքբերումների տարի, լինի առողջության, երջանկության և մասնագիտական հաջողությունների 365 օր: