30 շրջանավարտ՝ 29-ը «Առողջապահության կառավարում և կազմակերպում» և 1-ը «Համաճարակաբանություն», ավարտեցին Հանրային առողջապահության ֆակուլտետի մագիստրոսի որակավորմամբ (MPH) կրթական ծրագրերը։
Ուշագրավ է, որ առաջին անգամ կարմիր դիպլոմով ավարտեց 8 սովորող, ինչը վկայում է այն մասին, որ բարձր առաջադիմություն ունեցողների թիվն ավելացել է. նրանց շարքում գերակշռում էին արական սեռի ներկայացուցիչները։
Մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտներին՝ կրթական ուղին հաջողությամբ ավարտելու և առողջապահության ոլորտի ապագա առաջնորդների շարքերը համալրելու առիթով, շնորհավորեցին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և Հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը։
Միջոցառմանը ներկա էր ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանը։
«Կրթությունը, որը ստացաք բժշկական համալսարանում, տևեց մեկուկես տարի։ Մենք ձեզ փոխանցել ենք բազմակողմանի և խորը գիտելիք, ինչը նոր էջ է բացում ձեզ համար՝ մասնագիտական նոր ուղի»,– ասաց Մարինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով կազմակերպիչների կարևոր դերը հատկապես առողջապահական համակարգի բարեփոխումների համատեքստում։
«Եվս մեկ հիշարժան օր է, քանի որ նոր շրջանավարտներով համալրվում է մեր սպիտակ բանակը»,– նկատեց Արմեն Մուրադյանը՝ փաստելով, որ կառավարումը առողջապահական համակարգում նոր մարտահրավերների շարքում է։
Այսօր առողջապահական համակարգերը աշխարհում և մեր երկրում կանգնած են նոր մարտահրավերների առջև՝ համաճարակներ, ժողովրդագրական փոփոխություններ, թվայնացում, առողջապահական ծառայությունների հասանելիության և որակի ապահովում։ Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնում համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրումը, որը նպատակ ունի ապահովել բնակչության համար հասանելի, որակյալ և ֆինանսապես պաշտպանված բժշկական ծառայություններ։ Այս կարևոր բարեփոխման արդյունավետ իրականացումը պահանջում է բարձր մասնագիտական պատրաստվածությամբ կառավարման մասնագետներ, որոնք կարող են ապահովել համակարգի կայունությունը, արդյունավետությունը և հանրային վստահությունը։ Կրթության պատասխանատուները վստահություն հայտնեցին, որ շրջանավարտների մասնագիտական գիտելիքն ու կարողությունները էական ներդրում կունենան այս ռազմավարական գործընթացի հաջողությամբ իրականացման գործում։
Այժմ առավել քան երբևէ անհրաժեշտ են մասնագետներ, ովքեր կարող են առաջնորդել փոփոխությունները, կիրառել նորարարական մոտեցումներ և ձևավորել ապացույցների վրա հիմնված առողջապահական քաղաքականություն։
Ռեկտորի խոսքով՝ մագիստրոսական կրթությունը ոչ միայն գիտելիքի և հմտությունների ձեռքբերման գործընթաց է, այլև արժեքների ձևավորման, պատասխանատվության գիտակցման և մասնագիտական ինքնության ամրապնդման կարևոր փուլ։
Բժշկական բուհի ղեկավարն ընդգծեց, որ ստացած գիտելիքներն ամենամեծ հենասյունն են։ Ամփոփելով՝ նա շրջանավարտներին մաղթեց մասնագիտական հաջողություններ և մեծ մարդկային երջանկություն։
Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը, ով ավարտողների շարքում էր, նշեց, որ երբևէ չէր պատկերացնի, որ բժշկական բուհն ավարտելուց 27 տարի անց կրկին ուսանող կլինի։ Շնորհակալություն հայտնելով դասախոսներին և դեկանատին մշտական աջակցության համար՝ նա նշեց, որ հպարտանալու առիթ է տեսնել հարազատ բուհի հաջողություններն ու զարգացումը։
Նշենք, որ Հանրային առողջապահության ֆակուլտետի տարեցտարի պահանջարկ վայելող կրթական այս ծրագրերի շնորհիվ ուսումնառության ընթացքում մասնակիցները ձեռք են բերել ժամանակակից առողջապահական համակարգերի կառավարման, ռազմավարական պլանավորման, առողջապահական քաղաքականության ձևավորման, թվային առողջապահության և բժշկական օգնության որակի կառավարման համար անհրաժեշտ տեսական և կիրառական կարողություններ։
Բժշկական համալսարանը միշտ առանձնահատուկ կարևորություն է տվել հանրային առողջապահության և առողջապահության կառավարման ոլորտի զարգացմանը։
Խմբային լուսանկարով եզրափակվեց ավարտական միջոցառումը: