35 մագիստրոս` բուժհաստատությունների կառավարման նոր ներուժը

35 մագիստրոս` բուժհաստատությունների կառավարման նոր ներուժը

2024-2025 ուսումնական տարում Բիզնես վարչարարություն որակավորմամբ «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Healthcare Management) մագիստրոսական կրթական ծրագիրն ունի 35 շրջանավարտ։

Զինվորի տանը հանդիսավոր արարողությամբ նորավարտներին ավարտական դիպլոմներ հանձնեցին։

Մարդասիրության, հայրենասիրության արժեքների հիման վրա ձևավորված այս կենտրոնում դիպլոմների հանձնումը պատահական չէ, այլ ձևավորված ավանդույթ է։

«Կարևոր օր է. մենք հանձնում ենք մագիստրոսական դիպլոմները։ Բավականին հագեցած մեկ տարին արդեն ավարտվեց։ Ձեզանից յուրաքանչյուրը յուրովի հաղթահարեց ակադեմիական և անձնական մարտահրավերներ։ Մենք ձեզ տրամադրել ենք մասնագիտական գիտելիք՝ բուժհաստատությունների կառավարման բնագավառում, որը, համոզված ենք, նպատակ ունի զարգացնելու առողջապահական համակարգը, բարձրացնելու մատուցվող բժշկական ծառայությունների որակը և կնպաստի հանրային առողջության բարելավմանը, քանի որ առողջապահական համակարգն այսօր հատկապես շատ մեծ կարիք ունի գիտելիքի, պատասխանատվության, նվիրվածության և, ինչու չէ, նաև հոգատարության, որովհետև այն մարդկանց կյանքի որակի կարևորագույն հիմնասյուներից է»,- դիմելով մագիստրոսներին, ասաց Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ նրանց առաքելությունն է նաև ապահովել մեր բնակչության կյանքի որակի բարելավումը։

Իր ղեկավարած ֆակուլտետն ավարտողներին դեկանը շնորհավորեց մասնագիտական նոր ձեռքբերման առիթով՝ մաղթելով ոգեշնչող, նպատակաուղղված և արժեքավոր ձեռքբերումներով հետագա գործունեություն։

Հանրային առողջության ֆակուլտետը, որի շրջանավարտների թիվը տարիների ընթացքում աճում է, բաց է ցանկացողներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու հարցում։

«Սրտանց շնորհավորում եմ։ Մեզ համար շատ կարևոր իրադարձություն է, որ արդեն ութ տարի շարունակ բժշկական համալսարանը գործընկեր կազմակերպության հետ գործուն քայլեր է իրականացնում առողջապահական ոլորտում կառավարման գործընթացները բարելավելու նպատակով։ Ինչո՞ւ ստեղծվեց այս դասընթացը, ինչո՞ւ դուք 35-ով ժամանակ տրամադրեցիք և ավարտեցիք այն։ Կարծում եմ՝ այս հարցերի լավագույն պատասխանները կստանան համակարգից օգտվողները, և իրական բարեփոխումները կհասնեն շահառուներին։ Այն հզորությունները, որոնք տասնյակ տարիներով կուտակվել են մեր երկրում, կդիվերսիֆիկացվեն ժամանակակից աշխարհին համահունչ բժշկական օգնության, երբ մեր քաղաքացիները ճարահատյալ չեն մեկնի արտերկիր բուժում ստանալու նպատակով։ Մեր բուժաշխատողները արժանապատիվ, իրենց կրթությանը, կատարած աշխատանքին, ամեն օր կատարած աննկատ սխրանքներին արժանավայել կապրեն իրենց երկրում, կլինեն գնահատված և պաշտպանված։ Եվ դա ձեր ձեռքերումն է»,- ընդգծեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ ուրախ է այս կրթական նախաձեռնության հաջողության համար, քանի որ պահանջված այս կրթական ծրագրի շրջանավարտների թիվը թույլ է տալիս ասել, որ նրանք որակապես կփոխեն առողջապահության ոլորտում կառավարումը:

«Ձեզ համար սա մարտահրավեր էր, նոր հնարավորություն, բայց նաև սա մեծ պատասխանատվություն է։ Այլևս՝ այս գիտելիքով օժտված լինելով, դուք ունեք հսկայական սոցիալական պատասխանատվություն։ Յուրաքանչյուր գործընթաց կազմակերպելիս ապահովել այնպիսի մթնոլորտ, որը հարիր կլինի մեր բուժաշխատողներին, մեր երկրին ու ժողովրդին։ Ասելով այս խոսքերն այս սուրբ վայրում, իսկ սա ավելորդ պաթոս չէ, այստեղ 100 տարի առաջ ձևավորվել է հայկական բժշկությունը։ Այստեղ կերտվել է վիրաբուժությունը, թերապիան, մանկաբարձ-գինեկոլոգիան։ Այս շենքում բուժվել է Նժդեհը, Չարենցը, բուժվել են Սարդարապատի հերոսները, Մեծ Եղեռնից մազապուրծ եղած մեր հայրենակիցները։ Այս շենքում ձևավորվել են մեր բժշկական դպրոցները։ Վերջին ութ տարվա ընթացքում մեր ժողովուրդը իր բոլոր ջանքերով ստեղծեց մեր Զինվորի տունը»,- ասաց պրոֆեսոր Մուրադյանը՝ մաղթելով, որ բուժհաստատությունների կառավարիչները կարողանան հմտությունները, բարձր գաղափարները կյանքի կոչել հայրենիքում:

«Մենեջմենթ Միքս» ընկերության հիմնադիր-տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը, դիմելով մեկ տարի տևողությամբ կրթական ծրագրի շրջանավարտներին, նշեց, որ մարտահրավերները, որոնց դիմակայեցին, բավական բարդ էին. դրանց դասախոսական կազմը հետևում էր մանրամասնորեն։

Նա հիշեց` ինչպես 2016 թվականին ծանոթացավ բժշկական բուհի ղեկավարի, այնուհետև ֆակուլտետի դեկանի հետ և նման ծրագիր մեկնարկելու որոշում կայացվեց, և 2017-2018 ուսումնական տարում առաջին սերունդը սկսեց ուսումնառությունը։

«Մենք որպես առաջնահերթություն դրեցինք հայերեն կազմակերպել բուժհաստատությունների կառավարման ծրագիրը. սա առաջին մարտահրավերն էր։ Երկրորդ կարևոր մարտահրավերներից էին տարբեր քաղաքական իրադարձությունները, պատերազմը, COVID-19 համավարակը, սակայն կամաց-կամաց այդ բոլորը կարողացանք շրջանցել, և հաջողությունը՝ 8-րդ սերունդն է»,- փաստեց Սեմերջյանը՝ հիշեցնելով, որ նույնանուն 11 շաբաթյա հավաստագրային, կարճաժամկետ դասընթացը ևս հաջողել է. ավելի քան 500 մասնակից ունեն համատեղ իրականացվող ծրագրերը։

Նա շնորհակալություն հայտնեց դասախոսներին, ադմինիստրատիվ կազմին, որոնք կարողացան արդյունավետ աշխատել:

«Պարոն Մուրադյանը ճիշտ նկատեց. կարևորը սոցիալական պատասխանատվության բաժինն է՝ ինչպես ձեր, այնպես էլ դասախոսների։ Մենք սահմանել էինք ռազմավարական նպատակներ, որոնց շարքում էր՝ տարեկան 35 մագիստրոս և կարճաժամկետ ծրագրի մոտ 30 մասնակից։ Հայաստանում աշխատանքի իմ 35 տարվա փորձառության ընթացքում հաճախ եմ ասել, որ ունենք շատ լավ բժիշկներ, բայց չունեինք կառավարման համակարգեր, և մեր հիմնական նպատակն էր ունենալ ձեզ նման և նախորդ սերունդների նման կառավարիչներ»,- եզրափակեց խորհրդատվական ընկերության ղեկավարը՝ նկատելով, որ տարբեր սերունդների մեջ կան մագիստրոսներ, որոնք ունեն ղեկավար, առաջատար պաշտոններ առողջապահական համակարգում։

Դրական լիցքերով ուղեկցվող միջոցառումը ավարտվեց պատմական շենքի դիմաց խմբային լուսանկարով և հստակ պատրաստակամությամբ, որ ԵՊԲՀ-ում ստացած ուսումնառությունը կդառնա ամուր հենարան հետագա գործունեության մեջ՝ լինի բուժհաստատությունների ղեկավարում, առողջապահական քաղաքականության ձևավորում, թե ոլորտի արդյունավետ բարեփոխումների իրականացում։