Աղմուկի անտեսված վտանգները. ԵՊԲՀ ռեկտորը բարձրաձայնեց ապագա սերունդներին սպառնացող խնդիրների մասին

Աղմուկի անտեսված վտանգները. ԵՊԲՀ ռեկտորը բարձրաձայնեց ապագա սերունդներին սպառնացող խնդիրների մասին

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը «Հերացի» վերլուծական կենտրոնի կողմից հրավիրված «Աղմուկի բժշկասոցիալական նշանակությունը» թեմայով հանդիպում-քննարկմանը, որպես հիմնական զեկուցող, ներկայացրեց «Աղմուկի անտեսված վտանգները» զեկույցը:

Բարձրացված խնդիրները խիստ արդիական են, ինչի մասին փաստում են ինչպես միջազգային, այնպես էլ համալսարանական վերլուծական կենտրոնի կողմից արված ուսումնասիրությունները, որոնց հանգամանալից անդրադարձավ բուհի ղեկավարը:

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լարիսա Ավետիսյանն Ազգային ժողովում կներկայացնի բժշկական համալսարանի տեսակետն աղմուկի հետ կապված օրենքի նախագծի քննարկման շրջանակում:

ԵՊԲՀ ռեկտորն իր ելույթում ներկայացրեց այն խնդիրները, որոնք սպառնում են ապագա սերունդներին:

Նրա խոսքով՝ եթե վերջին տարիներին ուշադրություն դարձնենք էլեկտրաէներգիայի սպառման ցուցանիշներին, որոնք մի քանի անգամ ավելացել են, պարզ է դառնում, որ դրա արդյունքում ավելացել է նաև քաղաքային աղմուկը և դրա ազդեցությունը հասարակության վրա:

«Որպես բժիշկ և առողջապահության կազմակերպիչ՝ մենք պարտավոր ենք ուշադրություն դարձնել այս երևույթին: Կարելի է լսել 70 դեցիբել կամ ավելի ցածր հնչյուններ այնքան ժամանակ, որքան ցանկանում եք: 85 դբ հնչյունները կարող են հանգեցնել լսողության կորստի, եթե դրանք լսում եք ավելի քան 8 ժամ անընդմեջ», – շեշտեց նա: Բոլորի ուշադրությունը հրավիրվեց քաղաքային աղմուկի վրա:

«Երևանում վերջին 50 տարվա ընթացքում 50 անգամ ավելացել է բնակչության թիվը, և նույնիսկ որոշակի սանիտարական նորմեր պահպանելու դեպքում դժվար է պատկերացնել, թե ինչպիսի աղմուկի կարելի է հանդիպել: Այսօր ճարտարապետական նորմերը պետք է համապատասխանեն միջազգային բժշկական ցուցումներին, որոնք մենք կարող ենք ձևավորել: Ամբողջ աշխարհում տարեցտարի քաղաքային աղմուկն, ըստ հետազոտությունների, շուրջ 0,5 դեցիբելով ավելանում է: Ներկայումս աշխարհում գրանցվում է աղմուկի այնպիսի մակարդակ, որը, կանխատեսումների համաձայն, պետք է գրանցվեր 2030-2035 թվականներին», – փաստեց նա` հավելելով, որ ապագա սերունդների մոտ, որն այդ տարիներին կլինի դեռահաս և երիտասարդ, արդեն անխուսափելի կլինեն ինչպես տեսողության, այնպես էլ լսողության խնդիրների առկայությունը: Նա ավելացրեց նաև, որ աղմուկի հիմնական պատճառներից են քաղաքային միջավայրը, կենցաղային սարքերը, ընտանեկան միջոցառումները, որոնք հիմնականում կազմակերպվում են այն ժամանակ, երբ մարդն աշխատանքային ծանրաբեռնված շաբաթից հետո պետք է հանգստանա՝ իր մտավոր և ֆիզիկական կարողությունները վերականգնելու համար:

«Մինչև 140 դեցիբելի հասնող աղմուկից կարող է պայթել ականջի թմբկաթաղանթը, 140-160 դեցիբելը կարող է հանգեցնել ընդհուպ մինչև մահվան: Աղմուկը խաթարում է մարդու վեստիբուլյար ապարատի գործունեությունը՝ առաջացնելով հարբածության զգացողություն», – ասաց նա՝ ընդգծելով, որ աշխարում մարդու կյանքի միջին տևողությունը մինչև 81 տարի է, սակայն աղմուկի պայմաններում այն շուրջ 10-12 տոկոսով նվազում է: Ապացուցված է, որ աղմուկը կարող է հանգեցնել սթրեսների, լարվածության և նույնիսկ հոգեկան խանգարումների:

Ռեկտորն իր զեկույցում անդրադարձավ նաև աղմուկի ազդեցությանը հղիների վրա:

«Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մայրերը, որոնք ապրում են օդանավակայանի մոտ, 17 տոկոսով ավելի հավանական է, որ անհաս երեխա կունենան՝ վաղաժամ ծննդաբերության հետևանքով, քանի որ սթրեսի հորմոնները, ինչպիսիք են կորտիզոլը, կարող են անցնել ընկերքով և ազդել պտղի զարգացման վրա», – ընդգծեց նա՝ շարունակելով, որ երեխաների լսողության նույնիսկ փոքր կորուստը կարող է լրջորեն ազդել նրանց խոսքի, լեզվի, ընկալման, հաղորդակցության, դասարանում սովորելու և սոցիալական զարգացման վրա: Լսողության կորստի այն տեսակը, որը հայտնի է նաև որպես աղմուկի հետևանքով առաջացած լսողության կորուստ, կարող է առաջանալ բարձր պայթյունի կամ բարձր ձայնով երկար լսելու արդյունքում: Սովորաբար դա չի ենթարկվում դեղորայքին կամ վիրաբուժական շտկմանը:

«Քաղաքակրթության ձեռքբերում` բոլորիս կողմից շատ օգտագործվող ականջակալներ: Շատերն իրենց առօրյան են լցնում, անձնական տարածություն են ձևավորում արտաքին կամ ներքին փոքրիկ ականջակալներով, որոնք ունեն բավական տխուր ազդեցություն երկար կրելու դեպքում: Լսողության ծանրացում, բարձր ձայնից կախվածություն, սոցիալական մեկուսացում, աղմուկի պատճառով լսողության կորուստ, մի շարք հիվանդություններ, որոնք ժամանակի մեջ սկսելու են ձևավորվել: Կա աշխարհում ընդունված սկզբունք, որը ևս գիտահեն է և հիմնված է ապացուցողական բժշկության սկզբունքների հիման վրա, դա 60/ 60/ 60 կանոնն է, ինչպես տեսողության դեպքում 20/20/20-նն է. 20 րոպե աշխատելուց հետո 20 վայրկյան նայել 20 մետր հեռու գտնվող կետի, որպեսզի աչքերի հոգնածությունը կարողանանք վերացնել: Ինչ վերաբերում է լսողության 60/60/60-ին, ապա այն 60 տոկոս ինտենսիվությունն է, 60 րոպեից ոչ ավելի և 60 րոպե քնելուց առաջ ուղղակի ձերբազատվել ականջակալներից: Սրանք տեսողության և լսողության` աշխարհում ընդունված նորմատիվներն են, որոնց մասին երեխաներին, երիտասարդությանը պետք է իրազեկել, և, իհարկե, լավագույն իրազեկումն անհատական, սեփական օրինակով նրանց այս ամենը հրամցնելն է: Ականջների արագ հոգնածություն, գլխապտույտ, գլխացավեր, ճնշման ալիքներ. այս ամենը 60/60/60-ը խախտելու անխուսափելի հետևանքն է», – ընդգծեց ռեկտորը:

ԵՊԲՀ ռեկտորը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ կարևոր է հասկանալ, թե աղմուկի ազդեցությունն ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ երեխաների հոգեկան առողջության, տարեցների սոմատիկ առողջության, զարկերակային ճնշման, սրտի աշխատանքի վրա։ Ամբողջ կենդանական աշխարհն աղմուկից փախչում է, չի փախչում միայն մարդը», – մտահոգություն հայտնեց բուհի ղեկավարը։

Ինչ վերաբերում է ականջակալներին, ըստ նրա, այստեղ շատ կարևոր է խոսել դրանցից ճիշտ օգտվելու մասին։ «Աշխատանքային ժամերին շատերն աշխատում են ականջակալներով․ նրանք որևէ մեկին չեն խանգարում, բայց իրականում նրանք և՛ իրենց են վնաս հասցնում, և՛ տրավմատիզմն են ավելացնում», – նշեց ռեկտորը։

ԱՄՆ ազգային հետազոտությունները ցույց են տալիս, որ աշխարհում շուրջ 5 միլիոն 6-12 տարեկան երեխա արդեն ունի այս խնդիրները։ Իսկ դա մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ այս սերունդը սմարթ սերունդ է», – ընդգծեց հանդիպում-քննարկման գլխավոր բանախոսը:

Ամփոփելով և պատասխանելով ներկաների հարցերին` ռեկտորը փաստեց, որ Երևանի կենտրոնում գտնվող բժշկական համալսարանը բոլոր ժամանակներում մթնոլորտ ձևավորող է: Նա ևս մեկ անգամ հիշեցրեց երիտասարդներին, ապագա բժիշկներին չլինել անտարբեր և արձագանքել աղմուկի հետ կապված հիմնահարցերին և ամենակարևորը` ականջակալները առօրյա կյանքում, աշխատանքում կիրառել բացառապես ըստ անհրաժեշտության:

Առողջապահական, սոցիալական նշանակության խնդիրների շուրջ համալսարանական բժիշկ-գիտնականների լայն ընդգրկմամբ ինտերակտիվ քննարկումները պարբերական են ու շարունակական: