Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն այսօր իր ղեկավարած բուհի ուսանողների հետ այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին կենտրոնում, ծանոթացան զինհաշմանդամների համար նախատեսված վերականգնողական կենտրոնի գործունեությանը, զրուցեցին այստեղ բուժում ստացող զինծառայողների հետ:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացնելով կենտրոնի հնարավորությունները՝ նշեց, որ կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ լուծվում են նաև զինվորական հաշմանդամների սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցերը:
Անդրադառնալով հարցին, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող երիտասարդներն աշխատանք գտնելու խնդիր ունեն՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանը պատրաստակամություն հայտնեց աշխատանքի ընդունել տղաներին:
Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի աշխատակազմը կներկայացնի աշխատելու համար անհրաժեշտ պահանջները, և երիտասարդները, համապատասխան վերապատրաստումներից հետո, ձեռք կբերեն պահանջված հմտություններն ու կանցնեն աշխատանքի:
Ռեկտոր Վարդան Ոռուտյանը պատրաստակամությունը հայտնեց իր լիազորությունների սահմաններում սատարել հայրենիքի պաշտպաններին: Նա կարևորեց այն փաստը, որ ազգանվեր գաղափարների ու մտահղացումների կողքին կանգնում ու կանգնած են մարդիկ, ովքեր հավատում են նրանց, և այս կենտրոնի ստեղծումը դրա վառ ապացույցն է: Հանդիպման ընթացքում երկու ռեկտորները քննարկեցին միջբուհական համագործակցության հարցեր և արդյունքում որոշեցին ձևավորել աշխատանքային քարտեզ՝ հետագա ծրագրերը քննարկելու և կյանքի կոչելու նպատակով: Այցի ավարտին հյուրերը շնորհակալություն հայտնեցին կենտրոնի բուժանձնակազմին և բոլոր աջակիցներին, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ կառուցվեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը: