Բժշկական համալսարանում անցկացվեց ԱՄՆ-ում հրատարակված Medical Atlas of Cornea and External Diseases in Middle Eastern Populations գիրք-ատլասի շնորհանդեսը: Հեղինակն ակնաբուժության պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Աչքի բորբոքային հիվանդություններ բաժանմունքի վարիչ Աննա Հովակիմյանն է:
Մասնագիտական փորձն ու գիտելիքները մեկտեղելով` բժիշկ- գիտնականի մեծագույն ցանկությունն է, որպեսզի ախտորոշման և բուժման արդյունքների խոսուն օրինակներով լի հրատարակությունը հարստացնի ակնաբուժության ոլորտի համաշխարհային գրականությունը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով ներկաներին 100-ամյա բժշկական բուհի տանիքի ներքո՝ նշեց, որ Գիտական խորհրդի նիստերի ընթացքում բազմիցս քննարկվել է, որ համալսարանականների աշխարհագրությունը վաղուց հատել է մեր երկրի այն սահմանները, որոնք մեզ տարանջատում են բժշկական, առողջապահական զարգացած համակարգերից:
«Այսօր ևս մեկ ապացույց, որ հայ պրոֆեսորը կարողացել է իր աշխատությամբ ամփոփել տարիների փորձը և Ամերիկայի Միացյալ Նահանգներում հրատարակելով գիրք-ատլաս՝ պատիվ բերել ոչ միայն բժշկական մայր բուհին, այլև Հայաստանի Հանրապետության բժշկությանը»,- շեշտեց Արմեն Մուրադյանը:
Բուհի ղեկավարի խոսքով՝ ամբիոնականներից շատերն անցել են բազում դժվարություններով լեցուն փառահեղ ուղի, որը բժշկագիտության մեջ եղել է զարգացման ճանապարհ և նրանց փորձն օրինակ է նաև երիտասարդ մասնագետների համար: Նա հիշեցրեց, որ յուրաքանչյուր ակտիվ կլինիցիստ բժշկական համալսարանի աջակցությամբ իր փորձն ու անցած ուղին ակադեմիական լեզվով, ակադեմիական շրջանականերում ամփոփելու հնարավորություն ունի, իսկ ԵՊԲՀ-ն ամուր կանգնած է յուրաքանչյուրի թիկունքին:
«Պրոֆեսոր Աննա Հովակիմյանի կատարած աշխատանքն օրինակելի է բոլորի համար»,-եզրափակեց Արմեն Մուրադյանը՝ շնորհավորելով գրքի հեղինակին և ամբողջ բժշկական համայնքին:
Նախքան գրքի բովանդակությանն անդրադառնալը` հեղինակը ներկայացրեց նաև գրքի ստեղծման, ակնաբուժության ոլորտում իր առաջին քայլերի ու հաջողությունների նախապատմությունը:
Խոսելով ԱՄՆ-ում տասնամյակներ առաջ մասնագիտական կրթությունը շարունակելու, վերապատրաստվելու հնարավորության մասին, նա անդրադարձավ պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի և Հայկական ակնաբուժական նախագծի հիմնադիր Ռոջեր Հովհաննիսյանի համագործակցությանը, ինչի շնորհիվ հայ ակնաբույժները կատարելագործեցին գիտելիքներն արտերկրում:
Պրոֆեսոր Հովակիմյանը նկատեց, որ ուրախ է լինել իր ԱՄՆ-ում ակնաբուժության ոլորտի խոշորագույն մասնագետների հզոր գիտական փորձի և լայն աշխարհայացքի ժառանգորդը:
Տպագիր էջերում նա մանրամասնում է եղջերաթաղանթի և արտաքին աչքի հիվանդությունների եզակի դեպքերը Մերձավոր Արևելքում՝ տրամադրելով դրանց համապարփակ հավաքածու, ընդ որում՝ այդ դեպքերը շատ հազվադեպ են հանդիպում աշխարհի այլ տարածաշրջաններում: Բժշկական ատլասը ներկայացնում է եղջերաթաղանթի տարբեր պաթոլոգիաների և արտաքին աչքի հիվանդությունների՝ տասը տարվա կլինիկական պրակտիկայի ընթացքում ձեռք բերված ավելի քան 800 նկար, որից 102-ը կլինիկական դեպքեր են` ներառյալ բուժումից առաջ և հետո:
Գիրք-ատլասը կենտրոնանում է Մերձավոր Արևելքի հիվանդների վրա, որոնք իր աշխատատեղում` Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում հեղինակի կողմից ստացել են բոլոր ախտորոշումներն ու բուժումը: Անդրադառնալով այնպիսի թեմաների, ինչպիսիք են եղջերաթաղանթի վիրահատությունները, կոպերի հիվանդությունները և բնածին խանգարումները, այս գիրքն իդեալական ռեսուրս է ակնաբույժների, երիտասարդ բժիշկների, օրդինատորների և ուսանողների, դասախոսների, հետազոտողների համար: Ատլասում տեղ են գտել աշխարհում բացառիկ վիրահատություն հանդիսացող «Բոստոնյան առաջին տեսակի» կերատոպրոթեզավորման դեպքերը:
Աննա Հովակիմյանի խոսքով՝ 507 էջից և 13 գլխից բաղկացած գիրքն անցել է 3 խստապահանջ գրախոսություն։
«ԱՄՆ-ում այս գրքի տպագրության համար խստագույն պահանջները երբեմն հուսահատություն և հիասթափություն էին առաջացնում։ Քույրս` Նաիրա Հովակիմյանը, որն ԱՄՆ-ում երկու գրքի, նաև ինքնակառավարման համակարգերում ուսմունքի հեղինակ է, ինձ անկոտրում ուժի մղեց՝ նշելով, որ ես իրավունք չունեմ հուսահատվելու, որովհետև պատասխանատու եմ ամուսնուս, զավակներիս և ծնողներիս առջև իրենցից խլած ժամանակի համար, ինձ հետ աշխատող և դեռ նոր կրթվող երիտասարդ ակնաբույժների, ինչպես նաև կրթությանս առջև պատասխան արդյունքի համար, հայաստանյան ակնաբուժության, ինչպես նաև հայրենիքի առջև ծառացած յուրօրինակ պարտքիս համար», – ասաց նա։
Ելույթի ընթացքում հնչեցին ողջույններ և շնորհավորանքի խոսքեր աշխարհի տարբեր անկյուններից, մասնավորապես՝ UCLA համալսարանից (Էնթոնի Ալդավեն), Հարավային Կալիֆոռնիայից (Ջոն Հովհաննիսյան), Ռուսաստանից (Անուշ Ամիրյան), Պերուի մայրաքաղաք Լիմայից (Կառլոս Սիվերիո), Հայկական ակնաբուժական նախագծից (Ռոջեր Հովհաննիսյան) և պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանից։
Տեսուղերձներում մասնագետները համակարծիք էին. գիրքը ոչ միայն սովորողների, այլև հենց գործող ակնաբույժների համար կլինի կիրառական և շատ օգտակար:
Նշենք, որ գրքի մասին արդեն կարծիքներ են հղել նաև տարբեր երկրներում ապրող բժիշկները, Աննա Հովակիմյանի գործընկերները` հեղինակած աշխատությունը համարելով բովանդակությամբ` բժշկական, էությամբ` ազգանվեր հրատարակություն:
Հեղինակին շնորհավորական խոսքեր հղող գործընկերների թվում էր նաև Մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ Արա Բաբլոյանը` ընդգծելով, որ 30 տարի անց հնարավորություն ունենք քաղել ակնաբուժության ոլորտում համագործակցության ծրագրերի արդյունքներից:
«Նման դասախոսներ, աշխատակիցներ ունենալը գանձ է համալսարանի համար: Կարծում եմ` բժշկական համալսարանը տարեց տարի էլ ավելի ցույց է տալիս առաջատար դերն ու նշանակությունն առողջապահության զարգացման մեջ»,- շեշտեց պրոֆեսոր Բաբլոյանը` հավելելով, որ ԵՊԲՀ-ն ոչ միայն կրթական, գիտական հաստատություն է, այլ հաստատություն է, որը թելադրում է որակ և ոճ առողջապահության մեջ:
Իր պրակտիկայում հանդիպած հազվագյուտ դեպքերն ու բացառիկ վիրահատությունները ներկայացնելուց հետո` ելույթն Աննա Հովակիմյանը եզրափակեց հույն բժիշկ և փիլիսոփա Հիպոկրատի խոսքերից մեջբերմամբ` ընդգծելով, որ ուսումնական գործընթացում բոլոր ճանապարհները խավարից դեպի լույս են տանում:
Երիտասարդ մասնագետներին կոչ արեց հավատալ սեփական ուժերին: Նա վստահեցրեց, որ աշխատասիրություն, համառություն և գործին նվիրում ունենալու դեպքում հնարավոր է հասնել հաջողության և գիրք տպագրել արտերկրում սեփական ուժերով:
ԵՊԲՀ շրջանավարտ, ակնաբուժության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Աննա Հովակիմյանը 100-ից ավել գիտական հոդվածների հեղինակ է: Նա 2000-2001թթ. վերապատրաստվել է Սան-Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանում (UCSF): 2004-2005թթ. վերապատրաստվել է ԱՄՆ Cincinnati Eye Institute-ում: 2009թ. Մոսկվայի Ֆյոդորովի անվան կլինիկայում անցել է կատարակտի վիրաբուժության վերապատրաստում:
Հմուտ ակնաբույժը մասնագիտական մի շարք միավորումների անդամ է: Մասնակցել է ակնաբուժական տասնյակ միջազգային համաժողովների և համագումարների աշխարհի տարբեր անկյուններում:
Միջոցառման ավարտին Աննա Հովակիմյանը իր հեղինակած IGI Global խոշոր ամերիկյան հրատարակչության կողմից լույս ընծայված գիրքը նվիրեց բժշկական համալսարանին, հայաստանյան ակնաբուժական խոշոր կենտրոնների ղեկավարներին և իր ասպիրանտին:
Մեկ ամիս առաջ ԱՄՆ-ում լույս տեսնելուց հետո գիրքը տպագիր և էլեկտրոնային տարբերակով վաճառվում է նաև առցանց ԱՄՆ հայտնի գրախանութներում (նշենք, որ առաքումն անվճար է):
Շնորհանդեսին ներկա էին ակնաբուժության, այլ բնագավառների անվանի մասնագետներ, բժիշկ-գիտնականներ, դիվանագիտական և միջազգային կառույցների, բժշկական համայնքի ներկայացուցիչներ: