Գիտական խորհրդի հունիսի 26-ի նիստում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը տարեդարձի առթիվ շնորհավորեց Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ղեկավար Սաթենիկ Բաղդասարյանին և Էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովային։
Ռեկտորը 80-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորեց նաև բժշկագիտության նահապետներից բարձր հեղինակություն վայելող Արտո Զիլֆյանին` Գիտահետազոտական կենտրոնի ղեկավարին, «Նոր հայկական բժշկական հանդես» գիտակիրառական ամսագրի գլխավոր խմբագրին` մաղթելով, որ նրա խստապահանջ, ազնիվ գիտական մոտեցումները շարունակական լինեն։
Պրոֆեսոր Զիլֆյանը շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարին իր գործունեությանը, անցած ուղուն տրված գնահատականի համար՝ նշելով, որ հպարտ է մեկդարյա կրթօջախի գրանցած հաջողություններով, որոնց ականատեսն է։
Համալսարանի աշխատանքները ISO ստանդարտներին համապատասխանեցնելու գործընթացը օրակարգային առաջին հարցով ներկայացվեց Զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Արա Ղազարյանի կողմից:
Որակի կառավարման համակարգի ներդրման մասին խոսելով` Արա Ղազարյանը մանրամասնեց կատարած աշխատանքների և ակնկալվող արդյունքների մասին։
«Նախագծի նպատակներն են՝ կազմակերպության գործողությունների ստանդարտիզացում, գործընթացների պարզեցում, շահառուների վստահության բավարարվածության բարձրացում, ռիսկերի և հնարավորությունների կառավարում, SMART նպատակների սահմանում, որակի պահանջների վերաբերյալ իրազեկության զարգացում», – ընդգծեց նա:
ԵՊԲՀ ռեկտորը շեշտեց, որ կառավարման այս համակարգը որևէ այլ բարձրագույն ուսումնական հաստատությունում չի գործում, և բժշկական բուհը մշտապես առաջադեմ և օրինակելի նախաձեռնություններ է որդեգրում։
Նիստում ներառված հարցերից էին նաև «Կլինիկական փորձարկումների գործընթացների մասին» կանոնակարգի հաստատումը, ինչպես նաև «Շարունակական մասնագիտական կրթության» կանոնակարգի հաստատումը՝ նոր խմբագրությամբ:
Առաջինը զեկուցեց Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը, երկրորդը` Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը։
Քննարկվող թեմաների շուրջ համալսարանականները տեսակետներ փոխանակեցին։
«Հերացի» ավագ դպրոցում վճարովի դասարանի ստեղծմանն էր վերաբերում հաջորդ հարցը։ Ռեկտորն ազդարարեց սպասված լուրը, այն է՝ հինգ ու կես տարվա շինարարական երկարաձգված աշխատանքներից հետո դպրոցը տեղափոխվել է իր հիմնական հասցե` Հրաչյա Ներսիսյան 3 (այս տարիներին տեղակայվել է Սիլվա Կապուտիկյանի անվան հ. 145 դպրոցում), որը սպասված իրադարձություն է ինչպես մանկավարժական կազմի, այնպես էլ աշակերտների համար։
Դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանի փոխանցմամբ` 2012 թվականից իր ղեկավարած կրթական հաստատությունը գործում է բժշկական համալսարանի կազմում, և համալսարանը մշտապես թե՛ ֆինանսապես, թե՛ մտավոր ներուժով աջակցել է դպրոցի կայացմանն ու առաջընթացին։
Հնչող հարցը պայմանավորված է նրանով, որ բուհական տանիքի ներքո գործող դպրոցները հեղինակային ծրագրեր են մշակում և, իրենք ևս Գիտական խորհրդի հաստատումից հետո, հնարավորություն կստանան վճարովի դասարան ունենալու հայտ ներկայացնել համապատասխան գերատեսչության դիտարկմանը` տնտեսագիտական հոսքի համար։
Արմեն Մուրադյանի գնահատմամբ` դպրոցը բարձր հեղինակություն է վայելում, և վճարովի դասարան ձևավորելու մոտեցումը արդարացված է, սակայն ավելի վաղ հնարավոր չէր կյանքի կոչել՝ հաշվի առնելով դպրոցի այլ տեղակայումը, կորոնավիրուսային համավարակը։
Նա շեշտեց, որ ավագ դպրոցի շրջանավարտների շուրջ 60 տոկոսը բնագիտական հոսքն է ընտրում, բժշկական բուհի պոտենցիալ դիմորդ է, մյուս մասը տնտեսագիտական հոսքում է նախընտրում սովորել:
Հրավիրված նիստի երկրորդ մասում ԵՊԲՀ ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի և համաճարակաբանության ամբիոնի վարիչների և պրոֆեսորների ընտրություն անցկացվեց:
ԵՊԲՀ գիտական քարտուղար Տաթևիկ Ավագյանը ներկայացրեց ամբիոնների վարիչների, պրոֆեսորների թափուր հաստիքների համար դիմած թեկնածուների կենսագրությունները, մասնագիտական ճանապարհը։
Համալսարանականները, ռեկտորը հարցեր հղեցին թեկնածուներին:
Մրցութային ընթացակարգով` փակ գաղտնի քվեարկությամբ Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնում երկու թեկնածուից ընտրվեց դոցենտ Նաիրա Կարալյանը, իսկ Համաճակարաբանության ամբիոնի վարիչի պաշտոնում` պրոֆեսոր Մերի Տեր-Ստեփանյանը:
Բժշկական գիտությունների դոկտոր Սոմա Համբարձումյանն ընտրվեց Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի պրոֆեսորի պաշտոնում, բժշկական գիտությունների դոկտորներ Արմենակ Համբարձումյանը և Հասմիկ Հովհաննիսյանը` Համաճակարաբանության ամբիոնի պրոֆեսորների:
Ամփոփելով գերհագեցած նիստը` ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտարերեց այս ուսումնական տարվա վերջին` Գիտական խորհրդի հանդիսավոր նիստի օրը: Այն կկայանա հուլիսի 8-ին և կնշանավորվի շրջանավարտների երդման արարողությամբ: