Ամբիոնների վարիչների և պրոֆեսորների ընտրություն Գիտական խորհրդի նիստում

Ամբիոնների վարիչների և պրոֆեսորների ընտրություն Գիտական խորհրդի նիստում

«Բուժական գործ», «Ստոմատոլոգիա», «Ֆարմացիա» կրթական ծրագրերում փոփոխությունների հաստատման հարցով մեկնարկեց Գիտական խորհրդի հունիսի 25-ի նիստը, որը զեկուցեց Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը։

Գիտական խորհուրդը ուսումնական գրականության տպագրության երաշխավորություն տվեց համալսարանականների հեղինակմամբ ապագա բժիշկների, կլինիկական օրդինատորների, քոլեջի ուսանողների, հետազոտողների համար նախատեսված 5 ուսումնական ձեռնարկի և 1 դասագրքի։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շեշտեց, որ Գիտական խորհրդի ընթացակարգի համաձայն ուսումնական գրականությունը պետք է հաստատվի նիստում, և, հաշվի առնելով ուսումնական տարվա ընթացքում քննարկվող մեծաթիվ հարցերն ու զեկույցները, այն ներառվել է այս նիստի օրակարգում։

Ռեկտորի տեղեկացմամբ՝ հեղինակները երկար են սպասել գրականության հաստատմանը, և կոլեգաները նրանց աշխատանքների վերաբերյալ հարցեր հղելու հնարավորություն ունեն։

Հաջորդիվ նիստի առանցքում էր ԵՊԲՀ ամբիոնների վարիչների և պրոֆեսորների ընտրության հարցը։

Բուհի ղեկավարը նշեց, որ վիրաբուժական ամբիոնների վերակազմավորումը, մասնավորապես՝ մրցույթին ներկայացված ամբիոնների մի մասը, միջազգային ծրագրային հավատարմագրման պահանջ է և նպատակ ունի նոր զարկ տալ մեր երկրում վիրաբուժության զարգացմանը, վիրաբուժական դպրոցների կայացմանը։

«Վիրաբուժության բնագավառում կադրային մեծ ներուժ կա։ Վիրաբուժությունն, ինչպես հայտնի է, ենթադրում է նախաձեռնողականություն և պատասխանատվություն», – նկատեց Արմեն Մուրադյանը՝ վստահություն հայտնելով, որ յուրաքանչյուր թեկնածու զգում է այդ պատասխանատվությունը և կարդարացնի այն։

Համալսարանի Գիտական քարտուղար Տաթևիկ Ավագյանը ներկայացրեց հինգ ամբիոնի վարիչի և պրոֆեսորի՝ բուհի որակավորման և Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսումնագիտական խորհուրդների կողմից երաշխավորված թեկնածուների կենսագրությունն ու անցած աշխատանքային ուղին։

Արդյունքում՝ մրցութային ընթացակարգով, փակ գաղտնի քվեարկությամբ

  • Անհետաձգելի և որովայնային վիրաբուժության ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրվեց բժշկական գիտությունների թեկնածու Հարություն Մինասյանը,
  • Որովայնային վիրաբուժության ամբիոնի վարիչի պաշտոնում՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանը։
  • Կրծքային վիրաբուժության ամբիոնը կշարունակի ղեկավարել բժշկական գիտությունների թեկնածու Հովհաննես Սարկավագյանը,
  • Սիրտ-անոթային վիրաբուժության ամբիոնը՝ բժշկական գիտությունների դոկտոր Տիգրան Սուլթանյանը։
  • Էնդոկրին վիրաբուժության նորաստեղծ ամբիոնի վարիչն է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Վարժապետյանը։
  • Անհետաձգելի և որովայնային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսորի պաշտոնում ընտրվեցին Ալեքսանդր Ուզանկիչյանը և Անդրանիկ Ադամյանը,
  • Որովայնային վիրաբուժության ամբիոնում՝ Արթուր Սահակյանը և Մուշեղ Միրիջանյանը,
  • Կրծքային վիրաբուժության ամբիոնում՝ Արտակ Հովհաննիսյանը։

Անդրադարձ կատարվեց բուհական գործընթացներին վերաբերող մի շարք այլ ընթացիկ հարցերի։

Ամփոփելով՝ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտարարեց 2024-2025 ուսումնական տարվա վերջին՝ Գիտական խորհրդի հանդիսավոր նիստի անցկացման օրը։ Հուլիսի 9-ը կնշանավորվի շրջանավարտների երդման ամենամյա արարողությամբ։