Լաիթ Հաթեմ Հիջազին Հայաստան է եկել Հորդանանից։ 24-ամյա ապագա բժիշկը սովորում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի հինգերորդ կուրսում և շատ լավ տիրապետում է հայերենին։ Ազատ ժամանակ սիրում է զբաղվել մարմնամարզությամբ և ֆուտբոլով։
«Որոշեցի բժիշկ դառնալ այն բանից հետո, երբ տեսա, թե ինչպես է բժշկությունը փոխում բոլորի կյանքի որակը դեպի լավը՝ թեթևացնելով մարդկանց ցավը», – ասում է Լաիթը։
ԵՊԲՀ-ում ուսանելու հնարավորություն օտարերկրացի ուսանողը ստացել է Հորդանանի և Հայաստանի կառավարությունների միջև գործող կրթաթոշակային ծրագրի շրջանակում։
«Սիրում եմ Հայաստանը և հայերին։ Կյանքը և միջավայրը մայրաքաղաք Երևանում հրաշալի են ու հարմար օտարերկրացի ուսանողների համար։ Այստեղ առկա են անվերջ զարգանալու բոլոր հնարավորությունները։ Հայերն այնքան նման են մեզ՝ արաբներիս։ Հայաստանն այն վայրն է, որտեղ ես կցանկանայի սովորել և աշխատել համալսարանն ավարտելուց հետո», – վստահեցնում է Լաիթը։
Բժշկական համալսարանը, նրա խոսքով, այն բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որտեղ սովորողները կարող են ձեռք բերել որակյալ բժշկական կրթություն:
«Այստեղ ապագա բժիշկը սկսում է «կառուցել» ինքն իրեն՝ որպես մասնագետ», – շեշտում է ուսանողը։
Ապագայում Լաիթը ծրագրում է խորացնել գիտելիքները վիրաբուժության բնագավառում՝ դառնալով ընդհանուր վիրաբույժ:
«Կարծում եմ՝ ապագա բժիշկը պետք է լինի համբերատար և շատ աշխատասեր։ Բժիշկը պետք է միշտ հոգ տանի բուժառուների կյանքի որակի բարելավման մասին», – նշում է նա։
Հորդանանցի ուսանողը խորհուրդ է տալիս երբեք կանգ չառնել ինքնազարգացման ճանապարհին, քանի որ բժշկությունն այն ոլորտն է, որն արժանին կփոխհատուցի։ Այս մասնագիտությունը անվերջ կատարելագործվելու հնարավորություն է տալիս:
«Ամենահաջողվածն ինձ համար կլինի այն օրը, երբ կլսեմ առաջին շնորհակալությունն իմ առաջին պացիենտից», – եզրափակում է Լաիթը։
Նշենք, որ այսօր բժշկական բուհում կրթություն է ստանում Հորդանանից ժամանած 168 ուսանող:
Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան