Սիրելի ապագա բժիշկներ, գործընկերներ, բժշկի աշխատանքում լավագույն գնահատականը, անշուշտ, առողջացած հիվանդն է և նրա կողմից ասված երախտիքի խոսքը:
Բոլոր ժամանակներում բուժաշխատողների կատարած աշխատանքն անգնահատելի է. ամենօրյա սխրանք, որի շնորհիվ շատերն ապաքինվում են, վերադառնում են լիարժեք կյանք, վերականգնում առողջությունը: Կորոնավիրուսային համավարակի դեմ «սպիտակ բանակի» շարունակվող պայքարն ամենավառ օրինակն է:
Կրկին ստանձնելով բժշկական 100-ամյա պատմություն ունեցող բուհի ղեկավարումը՝ շարունակելու եմ մեծ պատասխանատվությամբ և նվիրում առաջնորդել նախանշված բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնց հիմքում առաջինն ու առաջնայինը ԵՊԲՀ զարգացումն է, բժշկական կրթության որակի բարձրացումը, միջազգայնացման գործընթացում հավակնոտ ծրագրերի իրականացումը:
Համալսարանական մեծ թիմի համատեղ ջանքերով մեզ հաջողվում է կյանքի կոչել բազում մտահղացումներ՝ ընդլայնելով համագործակցությունը, արձանագրել նորանոր հաջողություններ:
Բժշկական կադրերի մեկդարյա դարբնոցում պահպանվում և սերնդեսերունդ փոխանցվում են տասնամյակների ընթացքում ձևավորված ավանդույթները, ինչը բուհի ամենակարևոր ձեռքբերումներից է:
Ինչպես ամեն տարի, Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ առանձնահատուկ շնորհավորում եմ այն բուժաշխատողներին, որոնք Ամանորի գիշերը, տոնական օրերին կլինեն հիվանդի կողքին՝ շտապօգնության մեքենաներում, վերակենդանացման բաժանմունքներում, զինվորական հոսպիտալներում:
Մաղթում եմ, որ ամենօրյա աշխատանքում յուրաքաչյուրս բարձր պատասխանատվությամբ և մեծ նվիրումով իրականացնենք մեր առաքելությունը:
Խաղաղ, առողջ ու երջանիկ օրեր բոլորիս:
ԵՊԲՀ ռեկտոր
Արմեն Մուրադյան