Գերհագեցած աշխատանքային շաբաթը դեռ չի ավարտվել և այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հյուրընկալեց առողջապահության ոլորտի ևս մեկ վառ ներկայացուցչի։ Այսօր ընդունեցինք և պատվավոր դոկտորի կոչում շնորհեցինք ԱՄՆ 15 նահանգից 46 հիվանդանոց ներառող խոշորագույն ցանցի ղեկավար Մայք Սարյանին։ Ամերիկահայ անվանի առողջապահության կազմակերպիչ, ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր Մայք Սարյանը ղեկավարում է Prime Healthcare Services հիվանդանոցային ցանցի աշխատանքները: Այս ցանցը ներառում է 46 հիվանդանոց ԱՄՆ 15 նահանգից:
2017 թվականի մայիսին Modern Healthcare magazine-ը հայ համայնքի ակտիվ անդամ և բարերար Մայք Սարյանին ընդգրկել է առողջապահության ոլորտի 25 լավագույն գործադիր տնօրենների ցանկում: Հաշվի առնելով Մայք Սարյանի մեծ ներդրումը բժշկագիտության զարգացման գործում՝ Նոմինացիոն կոմիտեի որոշմամբ և Գիտական խորհրդի առաջարկով, նա համալրեց ԵՊԲՀ-ի պատվավոր դոկտորների շարքը։ Առողջապահության երկարամյա կազմակերպիչը խոստովանեց, որ հպարտ է իրեն շնորհված այս կոչման համար։ Նա հանգամանալից պատմեց ամերիկյան առողջապահական համակարգի առանձնահատկությունների, ապահովագրական մեխանիզմների գործունեության մասին։ Ընդգծեց, որ պատրաստ է աջակցել և արդեն տարիներ շարունակ աջակցում է Հայաստանի առողջապահական կազմակերպություններին, այդ թվում առաջնահերթությունը տալով մարզային բժշկական կենտրոններին։ Խոսելով առողջապահական համակարգի մասին՝ նա կարևորեց որակի չափանիշների ներդրման անհրաժեշտությունը։ Մայք Սարյանը պատասխանեց ներկաների տարբեր հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես առողջապահությանը, այնպես էլ իր անցած մասնագիտական ուղու մանրամասներին։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհակալութուն հայտնեց մեր անվանի հայրենակցին համալսարան այցի և համագործակցության հետագա հնարավորությունների համար։ Նշենք, որ Մայք Սարյանը 2012-ից ղեկավարում է Prime Healthcare Services հիվանդանոցների ցանցի աշխատանքները: Բժշկական կազմակերպության 44 մասնաճյուղերում ավելի քան 43500 մարդ է աշխատում: Ցանցը միայն 18 հիվանդանոց ուներ, երբ Սարյանը ստանձնեց նախագահի պարտականությունը: Մեր հայրենակիցը 25 տարվա աշխատանքային փորձ ունի առողջապահության ոլորտում, և չնայած իր մասնագիտական զբաղվածությանը, հանդիսանում է հայ համայնքին հուզող հարցերի ակտիվ բարձրաձայնողը: Նա մեծ ուշադրություն է դարձնում կրթությանն ու հայկական դպրոցներին:
2015թ. նա արժանացել է Էլիս կղզու Պատվավոր մեդալի՝ ԱՄՆ-ին, Կալիֆոռնիայի հայ համայնքին ու Հայաստանին ցուցաբերած աջակցության համար Ռեկտորատի դահլիճում ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպումից հետո նա այցելեց նաև համալսարանական հիվանդանոցներ։ Ծանոթացավ հիվանդանոցային համալիրների գործունեությանը։