Երեխաների մոտ՝ հատկապես մինչև 5 տարեկան, որոնք ունեն որոշակի ուղեկցող հիվանդություններ, կարող են զարգանալ գրիպով պայմանավորված ծանր կամ մահացու բարդություններ, ինչպիսիք են՝ թոքաբորբը, միոկարդիտը, պերիկարդիտն ու նյարդաբանական բարդությունները: Գրիպ-ասոցացված էնցեֆալոպաթիան կամ էնցեֆալիտը (ԳԱԷ), ներառյալ սուր նեկրոտիզացնող էնցեֆալոպաթիան, գրիպի հազվագյուտ, բայց մահացու բարդություն է: Այն առաջանում է գրիպի վիրուսով շնչուղիների վնասման հետևանքով և հանգեցնում օրգանիզմում բորբոքային պատասխանի խանգարմանը՝ նպաստելով գլխուղեղի բորբոքմանն ու տարբեր աստիճանի դիսֆունկցիայի:
2025թ. հունվարի վերջին ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հաղորդվել է ԳԱԷ-ով ծանր հիվանդ երեխաների և մահվան դեպքերի մասին: Գրիպով պայմանավորված մանկական մահացության վերահսկման համակարգի տվյալների վերլուծությունից պարզվել է, որ 2010-2011թթ. և 2024-2025թթ. գրիպի սեզոնների ընթացքում երեխաների շրջանում գրիպով պայմանավորված 1840 մահվան դեպքերից 166-ը՝ 9%, ունեցել են ԳԱԷ, որը տատանվում է 0%-ից (2020-2021թթ.-ի սեզոն) մինչև 14%-ի (2011-2012թթ.-ի սեզոն) սահմանում: 2024-2025թթ. գրիպի սեզոնի ընթացքում (2024թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2025թ. փետրվարի 8-ը)՝ մահվան դեպքերը կազմել են 13% (68-ից 9-ը), ներառյալ նաև սուր նեկրոզացնող էնցեֆալոպաթիայի 4 դեպք: Տարբեր սեզոններում ԳԱԷ-ից մահվան ելքով հիվանդների միջին տարիքը եղել է 6 տարեկանը: Ի դեպ, նրանց 54%-ը չեն ունեցել ուղեկցող հիվանդություններ:
Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ ԱՄՆ-ի CDC–ն ուժեղացրել է հսկողությունը երեխաների շրջանում ԳԱԷ-ի դեպքերի համակարգված հայտնաբերման և հաղորդման վերաբերյալ, ինչը կբարելավի գրիպի ծանր բարդությունների տարածվածության հաճախականության ըմբռնումը և հեռավոր նյարդաբանական բարդությունների ու մահվան դեպքերի կանխարգելումը:
Դիտարկումների արդյունքում պարզվել է, որ Ճապոնիայում, որտեղ ԳԱԷ-ի դեպքերը ենթակա են հաշվառման և հաղորդման, 2010-2015թթ. ժամանակահատվածում մեկ սեզոնի ընթացքում բոլոր տարիքի անձանց շրջանում ԳԱԷ-ի դեպքերի թիվը տատանվել է 64-ից 105-ի սահմանում: Ընդ որում՝ դեպքերի 74%-ը արձանագրվել է 18 տարեկանից ցածր անձանց շրջանում, իսկ մահվան դեպքերը կազմել են 8%:
Հարկ է նշել որ ԳԱԷ-ի դեպքերն ախտորոշվում են հիմնականում մինչև 18 տարեկան անձանց շրջանում, որոնք ունեն լաբորատոր հաստատված գրիպ վիրուսային վարակ և էնցեֆալոպաթիայի կամ էնցեֆալիտի կամ նյարդաբանական ախտանշաններ՝ ներառյալ նոպաները, մտավոր կարգավիճակի փոփոխությունները, զառանցանքները, գիտակցության մակարդակի իջեցումը, անտարբերությունը, հալյուցինացիաները կամ անհատականության փոփոխությունները, որոնք տևում են ավելի քան 24 ժամ:
Այսպիսով, վերոնշյալ բարդություններից խուսափելու համար, հարկավոր է ապահովել գրիպի կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները, քանի դեռ գրիպի վիրուսները շրջանառվում են:
Հիշեցնենք, որ գրիպը պատվաստումներով կանխարգելվող վարակ է: Այն խորհուրդ է տրվում 6 ամսականից բարձր բոլոր տարիքի անձանց: Պատվաստումը հատկապես կարևոր է ռիսկի խմբի անձանց համար՝ մինչև 5 տարեկան երեխաներ, տարեցներ, քրոնիկ հիվանդներ, իմունանբավարարությամբ անձինք, հղիներ, բուժաշխատողներ: