ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնը Ուսանողական խորհրդարանի հետ համատեղ կազմակերպել էր ներբուհական մրցաշար մինի ֆուտբոլ, շախմատ և նարդի մարզաձևերից:
Ֆուտբոլի մրցաշարում առաջին երեք տեղերը զբաղեցրին հետևյալ թիմերը՝ «Վետերաններ», «Դասախոսներ», «Ջավախք»: Նարդի մարզաձևից առաջին երեք հորիզոնականը զբաղեցրին՝ դասախոս Նարեկ Շիրինյանը, ուսանող Վիգեն Բորջյանը, ինտերն Տիգրան Ալեքսանյանը, իսկ կանանց մրցապայքարում՝ դասախոսներ Վարսենիկ Ապրեսյանը և Ալվարդ Պետրոսյանը:
Շախմատի մրցաշարում հաղթողներ ճանաչվեցին ուսանողներ Վարազդատ Հարությունյանը, Արման Ասատրյանը, դասախոս Ասքանազ Ճերմակյանը, իսկ լավագույն աղջիկ մասնակից ճանաչվեց ԵՊԲՀ քոլեջի ուսանող Էլիզա Կիրակոսյանը:
Սպորտային միջոցառման նպատակն էր աջակցել բժշկական բուհի կողմից միջնադարի բնագետ-բժիշկ, մատենագիր, բառարանագիր Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության»` շուրջ 300 տարի առաջ ընդօրինակված ձեռագիրի ձեռքբերմանն ու համալրմանը՝ Մատենադարանի բացառիկ արժեքավոր ձեռագրական հավաքածուում:
Մրցաշարին մասնակցում էին բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները, ուսանողները, ինչպես նաև համալսարանական հիվանդանոցների աշխատակիցները: Մասնակիցներից յուրաքանչյուրը հնարավորություն ունեցավ ոչ միայն իր ուժերը փորձել սպորտաձևերում, այլև ներդրում ունենալ այս կարևոր և ազգասեր գործին: