ԵՊԲՀ նիստերի դահլիճում անցկացվեց ստոմատոլոգիական համաժողով պրոֆեսորադասախոսական անձնակազմի, բժիշկների և սովորողների համար։
Միջոցառմանն ուղիղ տեսակապով հետևում էին նաև Մոսկվայի մասնագետները։
Համաժողովի բացումն ազդարարեց Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լազար Եսայանը։
Այնուհետև բ․գ․դ․, Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի պրոֆեսոր, Թվային ստոմատոլոգիայի ասոցիացիայի նախագահ Սամվել Ապրեսյանը հանդես եկավ «Ամբողջովին բացակայող ատամներով հիվանդների համալիր ստոմատոլոգիական վերականգնումը» թեմայով դասախոսությամբ։ Նա ներկայացրեց 3D տպիչի օգնությամբ ժամանակավոր պրոթեզների ստեղծման գործընթացը և դրանց արդյունավետությունը։ Նա շեշտեց, որ ատամների բացակայությունը բացասաբար է անդրադառնում նաև պացիենտի հոգեբանական վիճակի վրա։
Բ․գ․դ․, պրոֆեսոր, Ի․Պ․ Պավլովի անվան Սանկտ Պետերբուրգի առաջին պետական բժշկական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր, Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ, ՌԴ ստոմատոլոգիական ասոցիացիայի նախագահ Անդրեյ Երեմենկոյի դասախոսության թեման էր «Շտապ բժշկական օգնության կազմակերպման առանձնահատկություններն ամբուլատոր ստոմատոլոգիայում»։
Նրա խոսքով՝ շտապ բուժօգնության կազմակերպման անհրաժեշտությունը մի խնդիր է, որին կարող է առնչվել ցանկացած մարդ։
Մանրամասնորեն ներկայացնելով մահվան ելքով տարբեր դեպքեր՝ Անդրեյ Երեմենկոն ընդգծեց անհրաժեշտ անամնեզի հավաքագրման կարևորությունը ցանկացած բժշկի, հատկապես՝ ստոմատոլոգի համար։
«Բժշկի աշխատանքի գլխավոր բնութագրիչը որակն է։ Ստոմատոլոգիայի ոլորտում որակը հավասարազոր է անվտանգությանը։ Որևէ դեպքում պետք է նվազագույնի հասցնել մարդուն վնասելու հավանականությունը», – ասաց մասնագետը՝ հավելելով, որ առավել վտանգավոր են կլինիկական մահվան դեպքերը, ինչի հիմնական նախանշաններն են գիտակցության և շնչառության կորուստները։
Անդրեյ Երեմենկոն առանձնացրեց արտակարգ իրավիճակներում ստոմատոլոգի կողմից ձեռնարկվող միջոցառումները՝ նշելով, որ նմանատիպ իրավիճակները կարող են պայմանավորված լինել և չլինել դեղերի կիրառմամբ։
Բ․գ․դ․, պրոֆեսոր, ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանը նույնպես համառոտ ներկայացրեց իր դասախոսությունը՝ «Ցավը ստոմատոլոգիայում» թեմայով, որի ընթացքում անդրադարձավ ցավի ֆիզիոլոգիական նշանակությանը և ցավի բնորոշմանը։ Նրա խոսքով՝ ցավն ինքնապաշտպանական ազդակ է, որը զգուշացնում է օրգանիզմում վտանգի մասին։
Համաժողովի ավարտին Լազար Եսայանը ՌԴ ստոմատոլոգիական ասոցիացիայի նախագահ Անդրեյ Երեմենկոյի կողմից պարգևատրվեց «Ստոմատոլոգիայի ոլորտում մատուցած ծառայությունների համար» առաջին կարգի շքանշանով։
Եզրափակելով միջոցառումը՝ մասնագետները պատասխանեցին մասնակիցներին հետաքրքրող հարցերին։