Հայկական բարեգործական ընդհանուր Միության կենտրոնական վարչության անդամ, անվանի բժիշկ, բարերար Լևոն Նազարյանն այսօր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի հետ այցելեց համալսարանական հիվանդանոցներ: Լինելով Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում նա շրջայց կատարեց ՝ ծանոթանալով հիվանդանոցի գործունեությանը: Այնուհետև մեծ հեղինակություն վայելող բժիշկն այցելեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրան սիրով և ջերմությամբ դիմավորեցին: Հիվանդանոցում տեղի ունեցավ կոնֆերանս, որի ընթացքում ներկայացվեց պրեզենտացիա՝ նվիրված թե՛ Լևոն Նազարյանի, թե՛ հիվանդանոցի գործունեությանը: «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության բաժանմունքի ղեկավար Հմայակ Սիսակյանը ողջունի խոսքով հանդես եկավ՝ նշելով, որ Լևոն Նազարյանի դերը բժշկագիտության պատմության մեջ մեծ է:
Հռչակավոր բժիշկն էլ իր հերթին նշեց, որ անչափ ուրախ է գտնվել Հայաստանում ՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար: Կոնֆերանսի ավարտից հետո Լևոն Նազարյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելեց նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՝ ծանոթանալու զինվորների վերականգնման, բուժման պայմաններին, որտեղ էլ հենց զինվորների ձեռքերով նրան հուշանվեր հանձնվեց:
Նշենք, որ Լևոն Նազարյանը մասնագիտացած է հատկապես մկանային հիվանդությունների ուլտրաձայնային հետազոտությունների բնագավառում, սերում է Նազարյանների մեծ գերդաստանից: Նրա ընտանիքը շուրջ 400 տարվա բարերարության պատմություն ունեցող գերդաստանի շառավիղն է:
Նրանց նվիրատվության շնորհիվ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ռադիոլոգիայի կենտրոնը հագեցել է գերժամանակակից սարքավորումներով և կոչվել «ՀԲԸՄ-ԵՊԲՀ Լեւոն եւ Կլաուտիա Նազարյան ռադիոլոգիայի կենտրոն» անունով: