Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյանը նշում է 85-ամյա հոբելյանը

Անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյանը նշում է 85-ամյա հոբելյանը

100-ամյա բուհի անվան բժիշկ-գիտնականների հոբելյանները ևս մեկ առիթ է վերաժևորելու նրանց անցած ճանապարհն ու բժշկության պատմության մեջ ունեցած ներդրումը:

Այսօր բժիշկ, կլինիցիստ, առողջապահության կազմակերպիչ, մանկավարժ, գիտնական, անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյանի 85-ամյա հոբելյանն է:   

Կառլեն Ադամյանը 1959 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը:

Նա 1962-1965 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության Սրտաբանության և սրտի վիրահատության ինստիտուտի ասպիրանտ, նույն ինստիտուտի աշխատակից, ապա՝ սրտի խրոնիկական իշեմիկ հիվանդության բաժնի վարիչ, Երևանի սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1995 թվականից՝ միաժամանակ, Ազգային առողջապահության ինստիտուտի կլինիկական սրտաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան (1979-2001), Հայաստանի սրտաբանների ընկերակցության նախագահ, Սրտաբանների եվրոպական ընկերակցության գլխավոր ասամբլեայի անդամ:

Սկզբում ցանկացել է վիրաբույժ դառնալ. աշխատել է որպես սրտային վիրաբույժ, սակայն հետագայում որոշում է կայացրել վիրաբուժությունից անցում կատարել դեպի թերապիա, ինչը, ինչպես ինքն է գնահատել, բժշկության մեջ բավականին հազվագյուտ երևույթ է:

Անվանի մասնագետը շուրջ 500 գիտական աշխատանքի, այդ թվում՝ 4 մենագրության հեղինակ է։

Գիտական գործունեությունը նվիրված է սրտաբանության բնագավառում կլինիկաֆունկցիոնալ ուղղության ներդրմանը։ Աշխատանքները վերաբերում են սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում սրտի դիաստոլային ֆունկցիայի խանգարման և ձախ փորոքի ձևափոխման մեխանիզմներին, դրանց կանխարգելման հնարավորություններին։ Մշակել է սրտի իշեմիկ հիվանդության և բնածին արատների դեպքում սրտի ֆունկցիոնալ անբավարարության հայեցակարգը և առաջարկել արյան շրջանառության անբավարարության մինչկլինիկական փուլի զարգացման դասակարգում։ Կլինիկական սրտաբանության մեջ ներդրել է կենսառիթմաբանության և իմունաբանության ուղղությունները, զբաղվել զարկերակային հիպերտոնիայի և սրտի իշեմիկ հիվանդության առաջնային և երկրորդային կանխարգելման հարցերի ուսումնասիրությամբ։

Կառլեն Ադամյանին երկար տարիներ հաջողվել է նաև համատեղել կլինիկական, մանկավարժական և գիտական գործունեությունը:

Համալսարանականը կանգնած է մեր երկրում սրտաբանական ծառայության ստեղծման ու կայացման ակունքներում. պրոֆեսորի սաները լրացրել են սրտաբանների շարքերն ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մարզերում: Նա մեծ ավանդ ունի տարբեր սերունդների սրտաբանների կայացման գործում:

«Բժշկության մեջ համառություն և աշխատասիրություն է պետք: Դրանով է տարբերվում բժշկի մասնագիտությունը»,- այս համոզմունքով էլ անվանի բժիշկն անցել է մասնագիտական ուղի, որով կարմիր թելի պես անցնում է՝ Կառլեն Ադամյանը հանուն առողջության պայքար մղելով՝ պարգևել է ապրելու հավատ: