Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Անզգայացման միջազգային օր. անզգայացման արվեստը և պացիենտների անվտանգությունը

Անզգայացման միջազգային օր. անզգայացման արվեստը և պացիենտների անվտանգությունը

Հոկտեմբերի 16-ը բժշկական օրացույցում նշվում է որպես անեսթեզիայի (անզգայացման) համաշխարհային օր, որը խորհրդանշում է անեսթեզիոլոգների աշխատանքի գնահատումը, որոնք առանցքային դեր ունեն վիրաբուժական միջամտությունների ընթացքում պացիենտների անվտանգության ապահովման գործում:

Այս տարի օրը նշվում է «Բուժանձնակազմի բարեկեցությունը» խորագրի ներքո: 

Անեսթեզիոլոգների համաշխարհային օրը կապված է պատմական իրադարձության՝ 1846 թվականին Թ. Մորթոնի և վիրաբույժ Ջ. Ուորենի կողմից իրականացված առաջին ընդհանուր նարկոզով վիրահատության հետ, որն արմատապես փոխեց վիրաբուժության և անեսթեզիոլոգիայի մոտեցումները:

Անեսթեզիոլոգիան տեխնոլոգիապես ամենաարագ զարգացող մասնագիտություններից մեկն է: Այդ ժամանակից ի վեր անեսթեզիոլոգիան, որպես գիտություն, զգալի  առաջընթաց է ապրել, և դարձել վիրաբուժության անփոխարինելի ուղեկիցը: Ժամանակակից անեսթեզիոլոգիայում օգտագործվում են նոր սարքավորումներ, անզգայացման նպատակով օգտագործվող նոր մեթոդներ և դեղամիջոցներ, մանիպուլյացիաների իրականացման նոր մոտեցումներ, որոնք բարելավել են անզգայացման որակը և ավելի անվտանգ դարձրել վիրահատությունները:

Այսօր ոչ մի վիրահատական ​​միջամտություն կամ որևէ այլ սուր ցավ պատճառող միջամտություն չի կարող կատարվել առանց այս մասնագիտության բժիշկների։

Անեսթեզիոլոգները դարձել են վիրաբուժական թիմերի կարևոր անդամներ, և հենց նրանց պրոֆեսիոնալիզմն է մեծապես որոշում, թե որքանով հաջող կլինի վիրահատությունը։

Անեսթեզիոլոգիան բարդ մասնագիտություն է, լավ անեսթեզիոլոգը ոչ միայն բժշկական գիտելիքներ ունի թերապիայի, վիրաբուժության, սրտաբանության, նյարդաբանության և այլնի բնագավառում, այլ նաև լավ հոգեբան է, ով կարողանում է շահել հիվանդի վստահությունը։ Հիվանդի վստահությունը պլանավորված անզգայացման հաջողության քառորդն է:

Անեսթեզիոլոգները կատարում են բազմաթիվ կարևոր գործառույթներ՝ սկսած հիվանդների նախավիրահատական ​​գնահատումից մինչև վիրահատությունից հետո նրանց վերականգնումը: Նրանք գնահատում են հիվանդի ընդհանուր առողջական վիճակը, հաշվի են առնում ուղեկցող հիվանդություններն, ինչը թույլ է տալիս ընտրել անզգայացման ամենահարմար և անվտանգ մեթոդը։ Նրանց աշխատանքը ապահովում է պացիենտի անվտանգությունն ու հարմարավետությունը ողջ միջամտության ընթացքում:

«Հերացի» վերլուծականը ընթերցողներին է ներկայացնում 2023 թվականին Արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպություններում անեսթեզիոլոգների բաշխվածությունը Հայաստանի մարզերում և Երևանում` 10 000 բնակչի հաշվով, համաձայն 2024թ.  «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգիրքի տվյալների`.

1.     Արագածոտն՝ 14 կամ 1.06
2.     Արարատ՝ 12 կամ 0.47
3.     Արմավիր՝ 4 կամ 0.15
4.     Գեղարքունիք՝ 9 կամ 0.42
5.     Երևան՝ 326 կամ 2.95
6.     Լոռի՝ 14 կամ 0.62
7.     Կոտայք՝ 35 կամ 1.26
8.     Շիրակ՝ 22 կամ 0.92
9.     Սյունիք՝ 9 կամ 0.77
10.  Վայոց Ձոր՝ 2 կամ 0.41
11.  Տավուշ՝ 5 կամ 0.43

Նույն աղբյուրի տվյալների համաձայն անցյալ տարի հանրապետության հիվանդանոցային հաստատություններում 10.000 բնակչի հաշվով մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների բացարձակ թիվը 77 է եղել (1.14), իսկ մեծահասակների անեսթեզիոլոգների թիվը կազմել է 452 (1.51):

Համալսարանական երեք հիվանդանոցներում («Մուրացան», «Հերացի» և «Միքայելյան») աշխատում է անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների փորձառու մասնագետներից կազմված թիմ (շուրջ 55 մասնագետ), որն ապահովում է մեր պացիենտների վիրաբուժական միջամտությունների անցավ և սահուն ընթացքը:

Շնորհավորում ենք անեսթեզիոլոգներին մասնագիտական ​​տոնի առթիվ` մաղթելով  անվտանգ վիրահատություններ և առողջություն: