Հնդիկ ապագա բժիշկները մասնակցեցին Հնդկաստանի անկախության 78-ամյակին նվիրված տոնակատարությանը։
Հայաստանում Հնդկաստանի դեսպանատանը կազմակերպված միջոցառմանը բժշկական համալսարանը ներկայացնում էին Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը և Օտարերկրյա ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար Ռահուլ Անիլ Սետհին։
Պաշտոնական մասը մեկնարկեց Հնդկաստանի դրոշի ծածանման հանդիսավոր արարողությամբ և երկրի օրհներգի կատարմամբ։
ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան ընթերցեց հատվածներ Հնդկաստանի նախագահ Դրուպադի Մուրմուի՝ շնորհավորական ուղերձից: Այնուհետև հաջորդեց ազգային պարային և երաժշտական կատարումներով հագեցած մշակութային ծրագիրը, որի ընթացքում հնդկերեն ասմունքեց Ռահուլ Անիլ Սետհին՝ արժանանալով ներկաների ծափահարություններին։
Անկախության օրը Հնդկաստանի պետական տոներից է, որը նվիրված է 1947 թվականին Միացյալ Թագավորությունից երկրի անկախության ձեռքբերմանը։ Տոնը նշվում է ամեն տարի՝ օգոստոսի 15-ին։
Արդեն 3 տասնամյակից ավելի է բժշկական բուհը Հնդկաստանի համար պատրաստում է բժիշկ- մասնագետներ, որոնք այսօր աշխատում են ոչ միայն Հնդկաստանի, այլև աշխարհի հեղինակավոր բժշկական հաստատություններում: Վերջին 35 տարվա ընթացքում Հնդկաստանի շուրջ 2500 քաղաքացի է կրթություն ստացել ԵՊԲՀ-ում։