Բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին անդրադառնալով, մեր նպատակն է ցույց տալ, թե ինչպես կարելի է հասնել նպատակներին, հաղթահարել խոչընդոտները և դրական ազդեցություն ունենալ շրջապատի վրա։
Լավ սովորող ապագա բժշկին բնորոշում են աշխատասիրությունը, ինքնուրույնությունը, թիմով աշխատելու ունակությունն ու պատասխանատվությունը։
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Մերի Հարությունյանը իր կրթությունն ու գիտելիքը կօգտագործի առողջապահական համակարգի զարգացման համար։
Բժշկական բուհ ընդունվելն ու սովորելը պատասխանատու և բարդ գործընթաց է: «Սովորողը պետք է խնամքով պլանավորի օրը, աշխատանքները և ուսուցման ժամանակը, որպեսզի հասցնի ավարտել դասերը, պատրաստվել քննություններին և պահպանել հավասարակշռություն՝ սոցիալական և մասնագիտական կյանքում: Կրթության ընթացքում հնարավոր են բազմաթիվ դժվարություններ, բայց խոհեմությունն ու համառությունն ուսանողի համար չափազանց կարևոր են»,-ասում է ապագա բժիշկը՝ խորհուրդ տալով երբեք չկասկածել սեփական ուժերին, միշտ շարժվել այն գաղափարով, որ եթե կարողացել է մեկ ուրիշը, ուրեմն կարող ես և դու՝ մեծ ցանկության դեպքում։
Դասերին ու քննարկումներին ակատիվ մասնակցելը խորացնում և ամրապնդում է ուսումնական գիտելիքը։ «Գնահատեք արդյունքները և միշտ ձեր առաջ դրեք էլ ավելի դժվար խնդիրներ։ Երբեք մի ընկճվեք բարդությունների դեպքում, դրանք մեզ կոփում են և նախապատրաստում ապագա մասնագիտական մարտահրավերների համար՝ ապահովելով կայունություն և ճիշտ կողմնորոշում»,- շեշտում է նա։
Անկախ նրանից, որ Մերի Հարությունյանն արդեն 6-րդ կուրսի ուսանող է, յուրաքանչյուր քննություն նրա համար շարունակում է մնալ սթրեսային պահ, քանի որ նա միշտ լրջորեն է մոտենում քննություններին։ «Պահանջում եմ ինձնից առավելագույն արդյունք, և այդ պատճառով հաճախ առողջությունից, հատկապես քնից, բարձր եմ դասում իմ կրթությունը։ Ինչ վերաբերում է քննություններին պատրաստվելուն, ապա խորհուրդ կտամ փնտրել տվյալ առարկային վերաբերող նյութեր և տեսահոլովակներ, որոնք կհեշտացնեն, կհետաքրքրացնեն և կմոտիվացնեն ընթացիկ քննություններին պատրաստվելու գործընթացը»,- նշում է նա։
Ապագա բժշկի խոսքով՝ շատ կարևոր է չկոտրվել և երբեք չկասկածել մասնագիտական ընտրության ու սեփական ուժերի վրա։ Գիտակցեք, որ հանուն բժշկի կոչմանն ու համբավին արժե գնալ զոհողությունների կյանքի այլ ոլորտներում։ Կարևորեք ձեր ռեսուրսներն ավելի խելամիտ օգտագործել և ազատ ժամանակը տրամադրեք ձեր նախասիրություններին, որպեսզի լիցքաթափվեք և ավելի մեծ եռանդով նվիրվեք ձեր առջև դրված խնդիրների լուծմանը։
Արտերկրում վերապատրաստումը նրա նպատակներից մեկն էր։ «Հիմա կարող եմ մեծ ուրախությամբ ասել, որ սկիզբը դրված է։ Այս տարի ամռանը պատիվ ունեցա մասնակցել ԵՊԲՀ-ին կից BIL Armenia երիտասարդական կազմակերպության կողմից նախաձեռնված բժշկական վերապատրաստման փոխանակման ծրագրին Չեխիայում, որը ինձ համար մեծ ձեռքբերում էր իմ մասնագիտական ասպարեզում և նոր հմտություններ ու գիտելիք ձեռք բերելու կարևոր աղբյուր։ Ծանոթացել եմ այնտեղ մի շարք անվանի և փորձառու բժիշկների հետ, որոնք իրենց գիտելիքով կիսվել են՝ մոտիվացնելով ինձ իրենց խորհուրդներով։ Ունենալով նման մասնագիտական հաջողություն, էլ ավելի մեծացել է իմ ցանկությունը ուսումնասիրելու ժամանակակից բժշկությունը և պարբերաբար վերապատրաստումներ անցնելու այլ երկրներում, որոնք կօգնեն ինձ կիրառել ձեռք բերած նոր գիտելիքը Հայաստանում և հնարավորինս օգնել մարդկանց», -ավելացնում է նա։
Ապագա բժիշկը պետք է առաջնորդվի մի շարք կարևոր արժեքներով, որոնք ոչ միայն բարելավում են բժշկական պրակտիկայի որակը, այլև նպաստում են պացիենտների, գործընկերների և ողջ հասարակության բարօրությանը։ «Բժիշկը պետք է առաջնորդվի էթիկական սկզբունքներով՝ իր պարտականությունները կատարելիս։ Պետք է միշտ հարգի բուժում ստացողի իրավունքները՝ ներառյալ գաղտնիությունը, ինքնորոշումն ու ազատությունը։ Բժիշկը պետք է ազնիվ և բաց լինի իր պացիենտի հետ բոլոր հարցերում։ Նա պետք է մշտապես առաջնորդվի արդարության սկզբունքներով՝ ապահովելով հավասար վերաբերմունք բոլոր պացիենտների նկատմամբ՝ անկախ նրանց սոցիալական կարգավիճակից, ծագումից, ազգությունից, ռասայից կամ այլ առանձնահատկություններից։ Բժիշկը պետք է կարողանա աշխատել մասնագիտական թիմերում՝ համագործակցելով տարբեր մասնագետների հետ, առողջության այլ ոլորտների ներկայացուցիչների հետ»,- իր կարծիքն է հայտնում ուսանողը։
Բժիշկ դառնալու գրավականը մի քանի կարևոր հատկանիշների համադրությունն է՝ գիտելիք, հմտություն, էթիկա, մարդասիրություն և անհատական հատկանիշներ։ «Լավ բժիշկը միշտ պատրաստ է սովորելու, ընդլայնելու իր գիտելիքի բազան և մնալու ժամանակակից բժշկության մեջ։ Նա պետք է կարողանա հասկանալ պացիենտի խնդիրները ոչ միայն բժշկական տեսանկյունից, այլև հոգեբանական ու սոցիալական։ Թվելով այս բոլոր հատկանիշները, ես արդեն ունեմ մեր համալսարանական դասախոսներից «լավ բժկի» օրինակներ, որոնք ինձ մոտիվացմում են կերտել նման ուղի և հասնել բարձրունքների», -փոխանցում է նա։
Նրա խոսքով՝ բժշկական համալսարանում ուսումը հնարավորություն է տալիս ստեղծել նոր կապեր ու համագործակցություններ, որոնք կարևոր դեր են խաղում ոչ միայն մասնագիտական աճում, այլև անձնական զարգացման մեջ։ Ուսանողական կյանքում ներգրավվածությունը կարևոր է, քանի որ այն օգնում է բարելավելու ոչ միայն կրթական որակը, այլև բացում է նոր դռներ համատեղ աշխատանքի, սոցիալական կապերի ու անձնական զարգացման համար։ Բժշկական համալսարանում սովորողները կարող են ներգրավվել գիտական աշխատանքներում, մասնակցել ուսումնասիրությունների, կլինիկական փորձարկումների, ինչպես նաև դասախոսների կամ այլ մասնագետների հետ համատեղ նախագծերում։
Դեռ մանկուց ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողը ցանկացել է դառնալ լավ բժիշկ, որի անունը պետք է վստահություն ներշնչի հանրության շրջանում։
«Առաջնորդվելով այն մտքով, որ որքան էլ բժշկի ճանապարհը երկար ու դժվար է, միևնույն է՝ այն հաղթահարելի է։ Բացի այդ, նպատակներիցս մեկն է հետագայում լինել լավ բժշկի օրինակ և ոգեշնչման աղբյուր ապագա ուսանողների համար։ Միայն այս ամենից հետո ես ինձ կհամարեմ կայացած բժիշկ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ որոշել է մասնագիտանալ ռադիոլոգիայի ոլորտում՝ MRT կամ PET-Scan ուղղություններով, քանի որ ախտորոշումը հիվանդության վարման սկզբնական քայլերից մեկն է, որը հետապնդում է ճշտություն և մեծ պատասխանատվություն։ Բացի այդ, դիագնոստիկան այն ճյուղերից մեկն է, որը վստահաբար առաջիկա տարիներին կունենա նորանոր հաջողություններ ժամանակակից տեխնիկաների կիրառման տեսանկյունից։
Համալսարանում սովորելու ընթացքում ամենամեծ ձեռքբերումներից մեկը նրա համար փորձառու և սրտացավ մասնագետների հետ շփումն է. «Նման անձնվեր և մարդասիրական մասնագիտություն ձեռք բերելու ճանապարհին ցանկացած ուսանող բախվում է ամենատարբեր խոչընդոտների։ Սակայն պետք է հիշել, որ մեծ բարձրունքների հասնելու ճանապարհին մեզ սպասում են մի շարք ձախողումներ, որոնք յուրովի կոփում են բոլորիս», — եզրափակում է նա՝ շեշտելով, որ բարդ ճանապարհն ավելի հեշտ անցնելու համար պետք է շրջապատեք ձեզ ոգեշնչող ու քաջալերող ընկերներով, որոնք պատրաստ կլինեն կիսել ձեզ հետ տանջալից, բայց նաև հիշարժան պահերը։