Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագա բժշկի համոզմամբ՝ բժշկությունը գիտության և մարդասիրության համակցություն է

Ապագա բժշկի համոզմամբ՝ բժշկությունը գիտության և մարդասիրության համակցություն է

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Սվետլանա Սիմոնյանի համար բժշկությունը գիտության և մարդասիրության իդեալական համակցություն է:

Սվետլանային, ով մանկուց է երազել բժիշկ դառնալու մասին, բժշկության մեջ գերել են մշտական մասնագիտական զարգացման և կատարելագործման լայն հնարավորությունները։

«Ուսումնական պրոցեսը բավականին բարդ է, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր, քանի որ ներառում է թե՛ տեսական և թե՛ գործնական ասպեկտներ։ Մեծ հաճույք եմ ստանում այն փաստից, որ ամեն օր ստանում եմ շատ հարցերի պատասխաններ, որոնք վաղուց հետաքրքրում էին ինձ։ Բարձր առաջադիմությունը համարվում է կարևոր ինդիկատոր ուսանողի պատասխանատվության և մեծածավալ նյութ սերտելու ունակության համար, սակայն կարևոր է ոչ միայն լավ սովորել, այլև կարողանալ ճիշտ կիրառել ստացած գիտելիքը: Բժշկությունը այն բնագավառներից է, որտեղ թույլ տված նույնիսկ փոքր սխալը կարող է ճակատագրական լինել, հետևաբար ուսանողական տարիներին լավ սովորելը կարող է նվազեցնել աշխատանքի մեջ սխալվելու հավանականությունը»,-նշում է ուսանողը։

Նեղ մասնագիտության ընտրության մեջ դեռ հստակ չի կողմնորոշվել, սակայն մտածում է սրտաբան դառնալու մասին, քանի որ սրտաբանությունը բժշկության տարբեր ասպարեզներից գիտելիքի անհրաժեշտություն է պահանջում և համարվում է դինամիկ և բարձր տեխնոլոգիական բնագավառ, որտեղ անընդհատ տեղի են ունենում նորանոր բացահայտումներ։

«Կարևոր է անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրել դասախոսներից և համակուրսեցիներից և ամենակարևորը չմոռանալ, թե ինչի համար ենք սկսել այս ուղին։ Դասախոսներն ուսանողներին վերաբերվում են որպես ապագա կոլեգաներ և միշտ պատրաստ են օգնել ամեն հարցում, ինչն ուսանողների մոտ առաջացնում է էլ ավելի մեծ ոգևորվածություն ուսման հանդեպ»,-խոսելով ուսումնառության և դասախոս-ուսանող փոխհարաբերությունների մասին նշում է ապագա բժիշկը:

Նրա համոզմամբ՝ ամենակարևորը պետք չէ վախենալ դժվարություններից, քանի որ մասնագիտության հանդեպ մեծ սերը թույլ է տալիս այդ դժվարությունները հաղթահարել մեծ ոգևորվածությամբ և հետաքրքրությամբ։