Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագա դեղագետի ձգտումն է դառնալ ոլորտի լավագույն մասնագետներից  

Ապագա դեղագետի ձգտումն է դառնալ ոլորտի լավագույն մասնագետներից  

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մադլենա Ծատուրյանը խոստովանում է, որ քիմիա առարկայի հանդեպ մեծ հետաքրքրությունն իրեն բերել է բժշկական մայր բուհ:

«Մանկուց երազել եմ բժշկական համալսարանում սովորելու մասին։ Դպրոցում շատ հետաքրքրված էի քիմիա առարկայով և որոշեցի ընտրել այնպիսի ոլորտ, որն առնչություն ունի քիմիայի հետ»,-նշում է ապագա դեղագետը: Նա կարևորում է ուսումնառության ընթացքում ոչ միայն գիտելիք, այլև մասնագիտական հմտությունների ձեռքբերումը։

«Սովորելու ընթացքում հասկացա, որ իսկապես ճիշտ ընտրություն եմ կատարել՝ գալով դեղագիտության ոլորտ»,-ընդգծում է Մադլենա Ծատուրյանը:

Նա այս ուսումնական տարվա «Հակոբ Հովհաննիսյանի» անվան կրթաթոշակառուն է:

«Ինձ համար մեծ պատիվ է լինել բժշկության ոլորտում մեծ ներդրում է ունեցող Հակոբ Հովհաննիսյանի անվան կրթաթոշակառու»,-շեշտում է նա։

Նշենք, որ Հակոբ Հովհաննիսյանը եղել է համալսարանի առաջին ռեկտորը: Նա մեծ ջանք ու եռանդ է ներդրել, որ բժշկական ինստիտուտը դառնա բժշկագիտության կենտրոն:

«Կրթաթոշակը, բացի ֆինանսական աջակցությունից, ոգեշնչում և ոգևորում է ինձ սովորել ավելի լավ, ավելի մեծ նպատակներ դնել իմ առջև։ Որքան էլ դժվար լինի, կարծում եմ՝ անհաղթահարելի ոչինչ չկա, եթե ունես հստակ նպատակ ու ցանկություն, անպայման կհասնես դրանց։ Դպրոցն ավարտել եմ Ղազախստանում, ընդունվել եմ ԵՊԲՀ՝ հայերեն գրեթե չիմանալով, բայց քանի որ ունեի մեծ նպատակ, կարողացա հաղթահարել այդ դժվարությունները, և հիմա փորձում եմ այս ոլորտում դառնալ լավագույններից մեկը»:

Մադլենա Ծատուրյանի ցանկությունն է Հայաստանում ավելի զարգացած տեսնել դեղագիտության բնագավառը:

«Կցանկանայի նաև, որ յուրաքանչյուր հիվանդանոցում աշխատեր կլինիկական դեղագետ, որպեսզի ամբողջ ծանրաբեռնվածությունն ու պատասխանատվությունը չկրեր միայն բժիշկը։ Եվ պացիենտի բուժումը միասին դարձնենք հնարավորինս լիարժեք։ Այս պարագայում հանրությունն ավելի լավ կընկալի ու կգնահատի դեղագետի մասնագիտության առանձնահատկությունները»,-ասում է ուսանողը:

Անվանական կրթաթոշակառուն պատրաստվում է զբաղվել գիտական թեզով՝ վստահ, որ այդ աշխատանքի ընթացքում ձեռք կբերի դեղագիտության վերաբերյալ մասնագիտական առավել խորը գիտելիքներ: