Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագա դեղագետի համար բարձր առաջադիմությունը կարևոր նախապայման է

Ապագա դեղագետի համար բարձր առաջադիմությունը կարևոր նախապայման է

Բարձր առաջադիմությունը կարևոր նախապայման է բժշկի համար, այն արտացոլում է բժշկի պատասխանատվությունը և լրջությունը մասնագիտության, պացիենտի հանդեպ։
Այս համոզմանն է ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Սեդա Դավթյանը:

Սովորողին մասնագիտության ընտրության հարցում օգնել է մայրը, ով բժիշկ է. «Դեռ փոքր տարիքից սիրել եմ գնալ մայրիկիս աշխատավայր, միշտ հետաքրքիր է եղել հիվանդանոցային առօրյան, բացի այդ սիրել եմ կենսաբանություն, քիմիա առարկաները և մեծ ցանկություն առաջացավ հենց բժշկական համալսարանում շարունակելու ուսումս և առանձնապես հետաքրքրեց ուռուցքաբանությունը՝ բուժման նպատակով կիրառվող դեղամիջոցների ստեղծման տեսանկյունից։ Դա էլ հանդիսացավ դեղագիտության ուղին ընտրելու խթան։ Եվ հիմա, սովորելով այս ֆակուլտետում, նորովի եմ բացահայտում այս ուղղությունը և համոզվում ընտրությանս մեջ»։

Սեդայի համար շատ հետաքրքիր և հագեցած է ուսման գործընթացը, վայելում է համալսարանում անցկացրած օրերը։

«Համարում եմ, որ բժիշկը, դեղագետը պարտավոր է անընդհատ կրթվել և տեղեկացված լինել։ Սակայն բարձր առաջադիմությունը միայն բավարար չէ, կարծում եմ պետք է տիրապետել նաև պրակտիկ գիտելիքի, ինչպես նաև կարողանալ սովորածը միավորել և ճիշտ կիրառել»,-հավելում է հերացիականը՝ նշելով, որ ուսումնառության ընթացքում հաճախ դժվարություն է առաջացնում նյութի մեծ ծավալը, քիչ ժամանակը, հատկապես քննաշրջանի ժամանակ, բայց պետք է զինվել համբերատարությամբ և հիշել նպատակի մասին:

«Հենց դասախոսն է առաջացնում հետաքրքրություն առարկայի վերաբերյալ՝ նյութի ճիշտ մատուցմամբ։ Կարևորում եմ դասախոս-ուսանող փոխհարաբերությունը, քանի որ բացի տեսական գիտելիքից, դասախոսները հաճախ մեզ ուղղորդում են մասնագիտական ճիշտ ընտրության մեջ, կիսվում իրենց փորձով, ծանոթացնում մասնագիտական տարբեր ոլորտներին և օգնում բացահայտել ուսանողի ներուժը»,-ընդգծում է ապագա դեղագետը, ով սիրում է կազմակերպչական աշխատանքներ, կառավարում, սիրում է իր շուրջ միավորել մարդկանց, ուստի եթե չընտրեր դեղագետի մասնագիտությունը, ապա կհմտանար այս ուղղությամբ:

«Մանկուց հաճախել եմ խմբակների՝ պարի, նկարչության, շախմատի, լողի, դաշնամուրի, թեև ամենաշատը սիրում եմ երաժշտությունը, թե՛ լսել, թե՛ նվագել։ Նաև լեզուներ եմ սիրում ուսումնասիրել, տիրապետում եմ անգլերենի, ռուսերենի, գերմաներենի»,- խոսքն ամփոփում է Սեդան: