Դեղագիտական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Զավեն Ճաղարյանն առաջնորդվում է հետևյալ տրամաբանությամբ՝ եթե անում ես որևէ բան, ապա արա հնարավորինս լավ, քանի որ լավագույնին ձգտողը նվազագույնը հասնում է լավ արդյունքի։
«Չեմ կարծում, թե կա որևէ մասնագիտություն, որում արդարացված են թերի գիտելիքը կամ մասնագիտական ցածր որակները, իսկ երբ գործ ունես մարդկային կյանքերի հետ պատասխանատվությունը կրկնապատկվում է»,-ընդգծում է ապագա դեղագետը։
Նրա համոզմամբ՝ դժվար կլիներ սովորելը և դրանից հաճույք ստանալը, եթե չլինեին այն մարդիկ, ում շնորհիվ ստեղծվել է ընկերական ջերմ միջավայր, որը իր կարծիքով հատկապես բնորոշ է դեղագիտական ֆակուլտետին։
«Ինձ համար թանկ ու սիրելի մարդիկ, ովքեր օժտված են մարդկային բացառիկ բարձր արժեքներով, հիմնականում մասնագիտությամբ դեղագետներ են, ընդ որում լավագույններն այս ոլորտում։ Նրանց հետ շփումն օգնել է հասկանալ այս ոլորտի հնարավորություններն ու հեռանկարները, որոնք բաց են մեզ նման երիտասարդների առջև։ Կարծում եմ՝ Հայաստանում դեղագիտական բնագավառում անելիքներ դեռևս շատ կան, հաշվի առնելով աշխարհում այս ոլորտի և տեխնոլոգիաների զարգացման տեմպերը»,-նշում է նա։
Զավենի խոսքով՝ համալսարանում հաճախ դու ինքդ ես ընտրում հեշտ, թե դժվար ուղով ես անցնելու՝ կախված այն արդյունքից, որին ձգտում ես։
«Ինձ համար հեշտ ուղիներն ընտրության տարբերակ չեն, իսկ դժվարություններ հաղթահարելը ինքդ քեզ գերազանցելու մի նոր հնարավորություն։ Ես ունեմ և ունեցել եմ դասախոսներ, որոնց այնքան թանկ եմ գնահատում, որ փորձում եմ նրանց հետ ձեռք բերած մտերմությունը չկորցնել։ Հաճախ տեսակցության եմ գնում կամ առնվազն նամակագրությամբ փորձում եմ պահել այդ կապը… Ամեն կերպ փորձում եմ հերթականը չլինել այն մարդկանց համար, ում սիրում եմ»,-հավելում է հերացիականը։
Եթե չընտրեր դեղագիտությունը, ապա ինչ մասնագիտություն կընտրեր հարցին ապագա դեղագետը պատասխանում է՝ «Դպրոցում ուսուցչուհուս շնորհիվ սիրել եմ ֆիզիկան և երևի թե կմանսագիտանայի ֆիզիկամաթեմատիկական որևէ բնագավառում կամ կընտրեի ճարտարպետական ուղին… Շատ եմ սիրում երգել և նույնիսկ մի կարճ ժամանակ «Տավուշի մանկապատանեկան երգչախմբի» անդամ եմ եղել։ Զբաղվում եմ սեղանի թենիսով, մանկուց զբաղվում եմ նկարչությամբ»,-իր խոսքն ամփոփում է Զավենը: