Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ, գործընկերներ, շնորհավորում եմ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Նոր ուսումնական տարին պարտավորեցնող է բոլորիս համար: Շատերի համար սա հերթական, շատերի համար էլ առաջին սեպտեմբերի 1-ն է՝ լի հույզերով, սպասումներով, ուսանողական կյանքի մեկնարկով:
Շնորհավորելով Երևանի պետական բժշկական համալսարան նոր ոտք դրած ուսանողներին՝ ուզում եմ ընդգծել՝ վստահ եմ՝ գիտակցում եք այն ահռելի պատասխանատվությունը, որ ստանձնել եք և համալրում եք մեր համալսարականների շարքերը:
Բոլոր մասնագիտությունների շարքում ձեր ընտրածն առանձնահատուկ նշանակություն ունի:
Սա սոսկ մասնագիտություն չէ, առաքելություն է, նվիրում, չափազանցություն չի հնչի, եթե ասեմ՝ նաև շնորհ:
Վերջին տարիների մարտահրավերները՝ համավարակն ու պատերազմը, վկայեցին ու ևս մեկ անգամ ընդգծեցին ձեր ընտրած մասնագիտության ու աշխատանքի կարևորությունը:
Արագ զարգացող աշխարհում աստիճանաբար ավելի ու ավելի է ընդգծվում բազմակողմանի, խորը գիտելիք ունենալու անհրաժեշտությունը, որը մրցակցությանը դիմակայելու, որպես մասնագետ մշտապես պահանջված լինելու, զարգանալու, շարունակ կատարելագործվելու գլխավոր նախապայմանն է:
Գիտելիքը, նախաձեռնողականությունը կարող են ձեզ դարձնել գործի գիտակ լավ քաղաքացի, ինչն անչափ կարևոր է հատկապես Հայաստանի համար դժվար այս օրերին:
Մեր պետության ամրապնդումն ու զարգացումը կախված են յուրաքանչյուրիս հետևողական աշխատանքից ու նվիրումից:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում անխոչընդոտ ուսումնական տարի, վերելքներ: