Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում աշխատանքներն ամփոփեց Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի կողմից կազմակերպված «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը։
ԵՊԲՀ ուսանողները, կլինիկական օրդինատորներն ու շրջանավարտներն իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան վարպետության այս ծավալուն դասընթացին:
Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի այցելու պրոֆեսոր, Միացյալ Թագավորության Բիրմինգեմ քաղաքի Ալստերի համալսարանի բժշկության և ստոմատոլոգիայի քոլեջի պրոֆեսոր, Մանչեստերի Tipton Training դասընթացի ավագ դասախոս, Լիտվայի Կաունաս քաղաքի MED ակադեմիայի ավագ դասախոս, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում գործող CleanImplant հիմնադրամի պատվավոր գործընկեր և դեսպան, Նիդերլանդների Mondcentrum Eyckholt Roosteren բժշկական կենտրոնի պարոդոնտոլոգ և իմպլանտոլոգ, իմպլանտոլոգիայի պրոֆեսոր Կուրդ Բոլլենի համակարգմամբ մասնակիցներն անցան պրակտիկ ուսուցում՝ մոդելների վրա կտրվածքների կատարում, կարերի տեղադրման մեթոդիկա, իմպլանտների տեղադրման վիրաբուժական փուլի գործիքակազմ, տեղադրման մեթոդիկան մոդելների վրա, շաբլոնների կիրառման մեթոդները, իմպլանտների տեղադրումը խոզերի ծնոտի մոդելի վրա։
Պրոֆեսորի դասախոսությունների միջոցով մասնակիցները ծանոթացան կերամիկական իմպլանտների ցուցումներին և առավելություններին, շաբլոնների կիրառմամբ ուղղորդված ատամնային իմպլանտացիային, շաբլոնների համակարգչային պլանավորմանը, դրանց առավելություններին և թերություններին։
Այցելու պրոֆեսորը բարձր գնահատեց ԵՊԲՀ լսարանների, Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը, որտեղ անցկացվում է ուսանողների և կլինիկական օրդինատորների գործնական ուսուցումը մոդելների վրա:
Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ Գագիկ Հակոբյանն իր զեկույցների ընթացքում ներկայացրեց իմպլանտների կառուցվածքը, տեսակները և դասակարգումը, բերանի խոռոչի նախապատրաստումն ատամնային իմպլանտացիային, ստանդարտ իմպլանտների տեղադրման վիրաբուժական փուլը, ուլտրա-կարճ իմպլանտները և դրանց առավելությունները, ատամնային իմպլանտացիայի բարդությունները։
Բժշկական բուհը դասընթացի շրջանակում համախմբել էր ոչ միայն հայ, այլև Իրանից, Սիրիայից, Հորդանանից, Գերմանիայից, Ռուսաստանից ժամանած մասնագետներին։
Միջոցառման կազմակերպման և անցկացման հարցում գործնական աջակցություն ցուցաբերեցին բժշկական բուհի ստոմատոլոգիական կրթության ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները:
Նախաձեռնողների գնահատմամբ` նման մասշտաբային վերապատրաստումներն արտասահմանյան գործընկերների մասնակցությամբ շարունակական կլինեն` ձգտելով մեր երկրի բժիշկ-ստոմատոլոգների համար հասանելի դարձնել ստոմատոլոգիայի բնագավառի նորարարություններն ու ժամանակակից փորձը: