«Արմմոնո» (Armmono) մոնոներկայացումների միջազգային հերթական` 23-րդ փառատոնին ներկայացումներ կային ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանյան մի շարք երկրներից՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Իրանից, Ռուսաստանից, Ռումինիայից։
Փառատոնի այս տարվա խաղացանկում հետաքրքիր նորամուծություն կար․ թատերականացված ընթերցումների շրջանակում իր պիեսը ներկայացնելու էր հենց ինքը՝ դրամատուրգը:
Այդ պատասխանատու դերակատարությամբ հանդես եկավ ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի դասախոս, դրամատուրգ Արմենուհի Սիսյանը իր «Սպանել և մոռանալ» պիեսով։ Հանդիսատեսի վկայությամբ՝ միանգամայն նորություն ու անակնկալ էր Սիսյանի ներկայանալը բոլորովին այլ ձևաչափով՝ որպես դերասանուհի։ Շատերը պարզապես սպասել են իր ստեղծագործության հեղինակային ընթերցանություն, այնինչ ականատեսն են դարձել մի ողջ ներկայացման՝ առանց րոպե իսկ լարվածությունը թուլացնելու կամ բեմից ուշադրությունը շեղելու։
Հանդիսատեսը վայելել է հեղինակի և՛ երգը, և՛ զայրույթը, և՛ պարը, և՛ լռության՝ իր ընկալումը, և՛ ուշաթափվելը, և՛ ճանճի տզզոցն ու վերջինիս ակտիվ ներկայությունը․․․
Ընդ որում, բեմադրությունը նույնպես եղել է հեղինակինը, ինչպես և բեմական ու երաժշտական ձևավորումը։ Ներկաների վկայությամբ՝ 50 րոպե տևողությամբ մոնոներկայացումը դիտվել է մեկ շնչով ու մեծ հետաքրքրությամբ։
«Այս մենաներկայացման մեջ ես ներդրել էի իմ հոգևոր և ֆիզիկական ողջ ներուժը՝ իմ առջև ունենալով 2 խնդիր․ առաջինը՝ արդարացնել վստահությունը, քանի որ փառատոնի տնօրենն առաջարկեց, որ ինքս ներկայացնեմ փառատոնին ներկայացրած իմ պիեսը, ինչին անմիջապես չեմ համաձայնվել՝ գիտակցելով ողջ պատասխանատվությունը բեմի և հանդիսատեսի առջև։ Բայց, քանի որ երբևէ չեմ հիասթափեցրել ինձ վստահող-հավատացողներին, ընդ որում, տարբեր ոլորտներում, այլընտրանք չունեի՝ պիտի հաջողեի։ Երկրորդ նպատակս էր, որ հանդիսատեսը գոհ հեռանա, իր հետ տանի ինչ-որ բան՝ հոգում ավելացած, լիացած, որպեսզի իր տրամադրած թանկ ժամանակն ավելորդ կամ վատնած չհամարի, այլ ճիշտ հակառակը»,- նշեց Արմենուհի Սիսյանը։
Իսկ այն, որ ներկայացումը հաջողությամբ կայացավ, վկայում էին լեցուն դահլիճը, հանդիսատեսի չդադարող ծափահարությունները, գոհունակությամբ լի դեմքերը և շարունակվող շնորհավորանքները։ Արմենուհի Սիսյանը պարգևատրվել է փառատոնի ոսկե մեդալով և դիպլոմով։