Արտերկրից ժամանած պրոֆեսորների հետ քննարկվեցին համագործակցության մի շարք հարցեր

Արտերկրից ժամանած պրոֆեսորների հետ քննարկվեցին համագործակցության մի շարք հարցեր

«Ամեն ինչ թրոմբոզի մասին» միջազգային  համաժողովը ԵՊԲՀ-ում  մեկտեղեց արտերկրի և Հայաստանի ավելի քան 500 մասնագետի, որոնք երկու օր քննարկեցին թրոմբոզի ախտորոշմանը, բուժմանն ու  կանխարգելմանը վերաբերող մի  շարք արդիական հարցեր:

Համաժողովի երկրորդ օրվա զեկույցները թեմատիկ հագեցվածությամբ չէին զիջում: Կլինիկական զեկույցներից զատ արտերկրի մասնագետները հայ գործընկերներին ներկայացրին նաև գիտական ոլորտի իրենց փորձը:

Աբերդենի համալսարանի գլխավոր պրոռեկտոր Մայքլ Գրիվսը խոսեց գիտական հոդված գրելու առանձնահատկությունների մասին: Նա տարիներ շարունակ խմբագրել է British Journal of Haematalogy և Journal of Thrombosis and Haemostasis գիտական ամսագրերը:  Իր զեկույցներում մասնագիտական բազմաթիվ հարցերի անդրադարձավ նաև Միլանի համալսարանի պրոֆեսոր Ֆլորա Պեյվանդին:  

Այսօր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ հանդիպման ընթացքում մասնագետներն ամփոփեցին «Ամեն ինչ թրոմբոզի մասին» համաժողովի արդյունքները՝ ընդգծելով, որ հատկապես ոգևորիչ է երիտասարդների, ուսանողների ակտիվ մասնակցությունը:

Ռեկտորը ևս կարևորեց այն հանգամանքը, որ միջազգային համաժողովը նախաձեռնել են երիտասարդ բժիշկները: Նա շեշտեց, որ ԵՊԲՀ-ում իրականացվող բազմաթիվ ծրագրերի նպատակն է հագեցնել ուսանողական կյանքը նորարարություններով: Բուհի ղեկավարը խոսեց նաև  100-ամյակը բոլորող բուհի միջազգայնացմանն ուղղված մի շարք աշխատանքների մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև մասնագետների վերապատրաստման, փորձի փոխանակման, համագործակցության ընդլայնման մի շարք հարցեր:

Նշենք, որ հյուրերը նախօրեին հանդիպել էին նաև Heratsi iLAB ուսանողական նախաձեռնության անդամների հետ: